ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանն առաջիկա 25 տարիներին «ներկա» կլինի մեր տարածաշրջանում

Անցյալ շաբաթ կայացավ ՉԺՀ-ի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը փաստացի տվեցին Իրան-Չինաստան 25 –ամյա համաձայնագրի կատարման պաշտոնական մեկնարկը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2021թ.–ի գարնանը կողմերի միջև կնքված համաձայնագրին՝ 25 տարվա ժամկետով, որով նախատեսվում է, որ չինական կողմն Իրանում ընդհանուր առմամբ կիրականացնի 400 մլն դոլարի ներդրում: Պայմանագրի վերաբերյալ եղած ինֆորմացիայի համաձայն, այն առնչվելու է բավական լայն շրջանակի՝ համագործակցություն տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ատոմային էներգետիկայի, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքների,  ինչպես նաև այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են՝ ռազմականն ու հետախուզությունը (ռազմական նշանակության տեխնոլոգիաների փոխանակություն): Լրատվադաշտում շրջանառվող ինֆորմացիայի համաձայն, համաձայնագիրը ենթադրում է ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնորսության, կիբեռանվտանգության ոլորտներում, խորացնել հումանիտար փոխգործակցությունը, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական պատրաստության և այլ ուղղություններով՝ համագործակցության նոր առաջընթացի հասնելու համար:

Պետք է նշել, որ չնայած համաձայնագրի բավական ընդգրկուն լինելուն (այդ մասին է վկայում թեկուզ միայն հայտարարված ֆինանսական բաղադրիչի չափը), համագործակցության ուղղությունների մասին ինֆորմացիան շատ հպանցիկ է ներկայացվում: Հիշեցնենք, որ այս պատճառով էր նաև, որ Իրանում այն արժանացավ որոշակի քննադատությունների: Այնուամենայնիվ, եղած տեղեկատվությունն ինքնին բավարար է՝ պատկերացնելու երկու երկրների միջև սպասվող երակարաժամկետ համագործակցության խորքն ու կարևորությունը ոչ միայն համաձայնագրի կողմերի, այլև՝ լայն տարածաշրջանի համատեքստում:

Չնայած երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության շուրջ բանակցությունները սկսվել են դեռ 2016թ.-ից (հիշենք Իրանում այդ ժամանակահատվածում ձևավորված չինական աննախադեպ ներդրումների սպասումները, որոնք չեղարկվեցին Միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալու հետևանքով), աներկբա է, որ 2020թ.-ից հետո, այդ թվում հաշվի առնելով 44-օրյա պատերազմն ու արդյունքում տարածաշրջանային առկա և հնարավոր վերաձևումները, սույն համաձայնագրի կարևորությունն է՛լ ավելի ընդգծվեց: 

Փորձենք հակիրճ ներկայացնել պայմանագրի կողմերի համար կարևորությունը: Երկու երկրներն ունեն առևտրատնտեսական ամուր կապեր: Չնայած երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները որոշակի անկում են գրանցել վերջին երեք տարիների ընթացքում, բայց փոխարենը Չինաստանը մեծացրել է իրանական նավթի ձեռքբերման ծավալները: Վերջին հինգ տարիներին դրանց շարունակական աճի արդյունքում Չինաստանը դարձել է իրանական նավթի առաջատար գնորդը: Չինաստանի Գլխավոր մաքսային վարչության՝ 2021թ. Դեկտեմբերին հրապարակած տվյալների համաձայն, միայն դեկտեմբերին Չինաստանն Իրանից ներկրել է 260 հազար տոննա կամ 1,9 մլն բարել նավթ: Սա այն դեպքում, երբ 2020թ.-ի տվյալների համաձայն տարեկան ցուցանիշը կազմել է 520 տոննա իրանական նավթ: Մինչ այդ, Չինաստանին հաջողվում էր իրանական նավթի ձեռքբերումն իրականացնել ԱՄԷ-ից, Օմանից և Մալազիայից ներկրումների անվան ներքո՝ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու համար: Եվ հատկանշական է, որ իրանական նավթի ձեռքբերման մասին չինական կողմից պաշտոնական ինֆորմացիայի տրամադրումը զուգորդվում է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 8-րդ փուլի և հունվարի 15-ին Իրանի հետ 25-ամյա համաձայնագրի գործարկման գործընթացներին:

Առևտրատնտեսական կարևորությունից զատ և գուցե առավել, կողմերի համար նմանատիպ երկարաժամկետ համագործակցության համար լուրջ գործոն է այսպես կոչված «ընդհանուր հակառակորդի»՝ Միացյալ Նահանգներին հակակշիռ ստեղծելը:  Մյուս կողմից, ենթակառուցվածքային խոշորամասշտաբ նախագծերն են, որոնք երկուստեք ուրույն դերակատարություն ունեն, այդ թվում՝ «Նոր մետաքսի ճանապարհ»-ի ներքո «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը Չինաստանի, և Պարսից Ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ միջանցքի նախագիծն՝ Իրանի համար:

Վերոնշյալ գործընթացներին, կարծես, դրական նախատրամադրվածություն նաև ունի Ռուսաստանի Դաշնությունը: Պատահական չէ, որ Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդեց Իրանի նախագահի այցը ՌԴ, որի արդյունքներով իրանական կողմը ՌԴ-ին փոխանցեց 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը: Տարածաշրջանային եռացող շահերը հաշվի առնելով՝ առնվազն այս երկու գործընթացները չենք կարող միմյանցից անջատ դիտարկել: Առավել ևս, երբ գրեթե զուգահեռ հայտարարվում է ՌԴ-Իրան-Չինաստան Պարսից ծոցում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Ողջ տրամաբանությունը հուշում է, որ այս գործընթացներին առավել քան մեծ հետաքրքրություն պետք է դրսևորի Հայաստանը: Վերոնշյալ բոլոր նախագծերը հատվում են Հայաստանի շահերին և ինչ-որ իմաստով այսօր մեր երկրի համար բացառիկ շանս է ստեղծվել ուրույն դերակատարություն ունենալ, այդ թվում՝ մեզ համար կենսական նշանակության նախագծերի գործարկման գործընթացում: Առավել ևս, երբ մինչ այս և դեռևս պահպանվում են բոլոր դրական ազդակները և՛ բարեկամ Իրանի կողմից, և՛ Չինաստանի, նաև՝ Հնդկաստանի:

Թե ինչ գործողություններ կան այս ուղղությամբ, որոնք են հայկական կողմի նախաձեռնությունները, ի՞նչ պատասխան ազդակներ է հաղորդել գործընկերներին օրվա իշխանությունը, առնվազն հանրային մակարդակով այնքան էլ տեսանելի չեն: Թերևս առնանձնացնենք Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցի արդյունքում եղած որոշ հայտարարությունները, որոնք անուղղակի առնչություն կարող են ունենալ վերոնշյալ գլոբալ զարգացումներին, բայց դա մեղմ ասած հայկական իշխանության նախաձեռնողականության արդյունքը չէր: Ավելին, 2021թ.-ի սեպտեմբերին տեղի ունեցած այցից հետո, այս ուղղությամբ հայկական իշխանությունները որևէ առարկայական գործողություն չեն իրականացրել, համենայնդպես չկա նման ինֆորմացիա:

Փոխարենն այսօր Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի» բացման ակտիվ գործընթացներում են, որոնք կարող են առհասարակ բախվել վերոնշյալ ողջ գործընթացների տրամաբանությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: