ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրական ժողովրդավարության իրականացումը ոչ միայն յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլև պատասխանատվություն է մյուս անդամ պետությունների հանդեպ. Արմեն Գևորգյանը` ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը մայիսի 19-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ և մեկնաբանություններ ներկայացրել:

«Հարգելի՛ գործընկերներ, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների փոխկապակցվածության խնդիրը դառնում է ամենաարդիականներից: Շնորհակալություն եմ հայտնում նախագահողին շատ օգտակար և բովանդակալից ներկայացման համար: Հավանություն եմ տալիս արդյունքով պայմանավորված մոտեցմանը, որը նախագահողը ներկայացրեց՝ որպես մեր ցանցի արդյունավետ աշխատանքի առանցք: Այս առումով կառաջարկեի ներառել հետաքննության բաղադրիչը՝ որպես ցանցի հիմնական սկզբունքներից մեկը:

Այսպիսով, կառաջարկեի առողջ, մաքուր և անվտանգ միջավայրի խնդրին հատուկ ուշադրություն դարձնել չլուծված հակամարտությունների համատեքստում: Այստեղ մենք գործ ունենք մարդու իրավունքների ամենաակնհայտ ոտնահարումների և անվտանգ բնապահպանական իրավիճակների մարտահրավերների հետ:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում աշխարհի տարբեր ծայրերում, այսպես կոչված, արգելված զենքերի, մասնավորապես, ֆոսֆորային ռումբերի կիրառման աճող պրակտիկային: Վերջին տարիներին դրանց կիրառման մասին հայտարարություններ են եղել առնվազն 9 երկրներում: Հուսով եմ՝ այստեղ բոլորը գիտեն մարդկանց կյանքի և բնության վրա նման ռումբերի թողած սարսափելի հետևանքների մասին: Ես որևէ տեղեկություն չունեմ այդպիսի արգելված զենքերի կիրառման փաստերի միջազգային հետաքննության և այդ պրակտիկայի վերացման համար մշակված ճանապարհային քարտեզների վերաբերյալ:

Մենք պետք է հստակ հետևենք ԵԽԽՎ վերջին բանաձևերից մեկի տրամաբանությանը, համաձայն որի՝ «Իրական ժողովրդավարության իրականացումը ոչ միայն յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլև պատասխանատվություն է մյուս անդամ պետությունների հանդեպ»: Մենք ականատես ենք իրավիճակների, երբ բնական ռեսուրսներն օգտագործվում են մի անդամ պետության կողմից՝ մեկ այլ պետության տեղական բնակչության վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Մեր տարածաշրջանի որոշ պետություններ ջրային ռեսուրսներն օգտագործում են՝ հասնելու  իրենց երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերին՝  խնդիրներ ստեղծելով միլիոնավոր մարդկանց համար: Բոլոր դեպքերում մենք ոչ միայն մարդկանց կյանքի որակի նվազման, նրանց հիմնական իրավունքների ոտնահարման, այլև՝ շրջակա միջավայրի իրական վատթարացման խնդիր ունենք: Սրանք իրավիճակներ են տեղերում, որտեղ մարդու իրավունքները և իրական բնապահպանական խնդիրները խորապես փոխկապակցված են:

Եթե ցանցն ուշադրություն չդարձնի տիրող իրական իրավիճակին և խուսափի հետաքննությունից, այն չի իրագործի իր հիմնական նպատակները»,- ընդգծել է պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: