ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ուսանողները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպական համալսարանական 6-րդ մարզական խաղերում

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե:

Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝ կարատե մարզաձևի կումիտե մրցակարգի մինչև 75 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։ Դավիթը 5 մենամարտ է անցկացրել և հաղթանակներ տարել:

Կումիտե մրցակարգում Հայաստանը ներկայացրել է նաև Անիտա Մակյանը՝ դարձյալ ԵՊԲՀ-ից:

Հայաստանը, ընդհանուր առմամբ, ներկայացված է եղել 3 բուհերի պատվիրակություններով: Բացի Երևանի պետական բժշկական համալսարանից՝ թիմեր են ներկայացրել նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

ՀՖԿՍՊԻ-ի պատվիրակությունը 2022 թվականի Եվրոպական համալսարանական խաղերից վերադարձել է մեկ բրոնզե մեդալով, որը պարա սեղանի թենիս մարզաձևում նվաճել է Գևորգ Բեգլարյանը։ ՀՖԿՍՊԻ մյուս ներկայացուցիչ, ձյուդոիստ Մերուժան Սարգսյանն էլ գրավել է 5-րդ հորիզոնականը։

ՀՖԿՍՊԻ պատվիրակությունը խաղերին մասնակցել է ռեկտոր Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակության կազմում էլ ընդգրկված են եղել երկու շախմատիստներ, որոնք, չլինելով գրոսմայստերներ և ունենալով միայն առաջին կարգ, 20 թիմերի շարքում տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում, իսկ Ջանիկ Ղուլյանը բլից մրցաշարում 40 մասնակիցների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, որը նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության անդամ է, բարձր է գնահատում հայ մարզիկների մասնակցությունը. «6 մարզիկով 2 մեդալ ենք նվաճել, որից մեկը՝ ոսկե: Միանշանակ, գոհացնող արդյունք է: Մասնակից 38 երկրներից, երևի, 10-15 երկիր է մեդալ նվաճել, և մենք այդ երկրների թվում ենք: Երկրներ կան, որոնք 400-500 պատվիրակությամբ էին մասնակցում և ընդամենը մի քանի մեդալ են նվաճել»:

Եվրոպական համալսարանական խաղերն այս տարի ամենախոշորներից է եղել: Խաղերին 38 եվրոպական երկրների 450 համալսարանների 5000 պատվիրակներ են մասնակցել, իսկ մրցումներն անցկացվել են 20 մարզաձևերից:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ֆեդերացիայի նախագահը նշում է, որ 2023 թվականի հունվարին նախատեսում են մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին, իսկ նույն տարվա ամռանը՝ Չինաստանում կայանալիք ամառային ունիվերսիադային:

Նշենք՝ Հայաստանին է վստահվել 2025 թվականի Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության անցկացումը, ինչը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, ևս մեծ նվաճում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: