ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր

investopedia.com

2021թ. հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը: Այդ հանդիպումից թերևս ամենահիշարժանը Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակության ավելացումն էր՝ ավելի վաղ հաստատված 1,6 մլրդ եվրոյից  դարձնելով 2,6 մլրդ եվրո:

Վահրեիի հետ հանդիպումից հետո Հայաստանի՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրվող գումարի զգալի մասը Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է ուղղել պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքին՝ դիմադրողականության ամրապնդման համար։ Մհեր Գրիգորյանի խոսքերով «աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված հինգ առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք, զարգացմանը»:

Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն է անհատույց դրամաշնորհ, ո՞ր մասը՝ վարկային պարտավորություն: Ընդ որում, վերջինիս պարագայում հայտնի չեն նաև վճարման պայմանները: Հայտնի է միայն, որ դրամաշնորհի կամ վարկային բաղադրիչի հստակությունը որոշվելու է հընթացս և սահմանվելու է ելնելով յուրաքանչյուր ծրագրի բնույթից:

Ստացվում է, որ միջոցառումների ավարտից հետո, ելնելով արդեն հաստատված ծրագրերի ֆինանսական օժանդակության կառուցվածքների փաստացի ուսումնասիրությունից, կարելի է հասկանալ՝ ԵՄ կողմից սպասվող օժանդակության ո՞ր  մասն էր վարկային պարտավորություն, որն՝ անհատույց գումար:

Բայց այս պահին ԵՄ կողմից իրականացվող գործող ծրագրերի ֆինանսավորման տրամաբանությունը կարող է որոշակիորեն հուշել: 

Նախ նշենք, որ ԵՄ կողմից տրամադրվող օժանդակության կառուցվածքում վարկերի և տարատեսակ դրամաշնորհների առկայությունը նորություն չէ: Օրինակ, ըստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամփոփաթերթում առկա տվյալների 2014 թ.-ից ի վեր խառը վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության ու տրանսպորտի հատվածներում[1]: Օժանդակությունը Եվրամիության կողմից կարող է տրամադրվել ինչպես ուղիղ, այնպես էլ տարբեր կառույցների միջոցով (ԱՄՀ, ՀԲ, ՎԶԵԲ, ԵՆԲ, ԵՄ առանձին երկրներ և այլն):

ՀՀ Ֆինանսների նախարարության՝ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված տվյալների համաձայն, ԵՄ-ի, եվրոպական կառույցների և ԵՄ առանձին երկրների հետ երկկողմ  վարկային ծրագրերի մեջ ներառված են այնպիսիք, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը (տարբեր մասնաբաժիններով), Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրը, Հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիրը, Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրը, ծրագրեր Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի տարբեր ենթակառուցվածքներին առնչվող, Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքին, Կովկասյան էլեկտրահաղոդման ցանցի ծրագրերը, Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի շինարարության ծրագիրը, մակրոֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ ոլորտային ծրագրեր[2]:

Ստացվում է, որ սպասվող օժանդակության ներքո հայտարարված հինգ առաջանահերթություններից (փոքր և միջին ձեռնարկությունների աջակցություն, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման և նորարարության խթանում, Երևանի զարգացումը) որոշների ուղղությամբ արդեն իսկ գործում են ծրագրեր, որոնց ֆինանսավորումները վարկավորման տրամաբանության ներքո են: 

Միանշանակ է, որ այս փոքր վարժությունը հուշում է որոշակի տրամաբանություն, բայց կրկին չի պատասխանում հարցին, թե նախատեսված օժանդակության ներքո ինչպիսին է անվերադարձ և վերադարձելի գումարների հարաբերակցությունը: Այս իմաստով իհարկե ժամանակ է պետք:

Միևնույն ժամանակ, պետք է փաստել նաև, որ եթե անգամ միջոցների մեծ մասը վարկ է՝ արտաքին պարտք, դա ևս միանշանակ բացասական վերաբերմունքի առարկա չէ, որովհետև այդ դեպքում առաջանում են հավելյալ հարցադրումներ. ի՞նչ պայմաններով են տրամադրվում այդ վարկերը (եթե տոկոսադրույքի մասով, ապա՝ այս պահին գործող եվրոպական վարկերն առավելագույնը  4 %-ով են տրամադրվում, ինչն այնքան էլ բարձր չէ), ինչպիսի՞ պահանջներ են դրվում այդ միջոցներով իրականացվող ծրագրերի ներքո, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման հարցեր (այլ կերպ ասած՝ տրամադրվող գումարների ո՞ր մասն է «վերադառնում» ԵՄ, և որքանով է դա շահավետ Հայաստանի համար) և այլն:

Եվ այս ամենում, թե՛ վարկային, թե՛ դրամաշնորհային միջոցների պարագայում, շարունակում է կարևոր մնալ հարցադրումը՝ կա՞ն արդյոք քողարկված նպատակներ ԵՄ-ի կողմից Հայաստանին Արևելյան գործընկերության շրջանակներում Հարավային Կովկասում ամենաշատ օժանդակության հատկացման ներքո:

Եթե մինչև 2018թ.-ը ՀՀ-ԵՄ՝ արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի ֆոնին նման քայլն առավել քան ընկալելի էր, ապա 2018թ.-ից սկսած այդ հարաբերությունների խարխլումն իշխանությունների կողմից, մարդու իրավունքների, դատական իշխանության անկախության անընդհատ ոտնահարումներն ու այլ նմանօրինակ երևույթների առկայությունն այս իմաստով առնվազն առաջացնում են այդ հարցը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: