ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամուլսար. անպատասխան հարցերն ու նոր մարտահրավերներն անտեսելով

Ամուլսարը սար չի մնա: Անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։

Կառավարության որոշման մասին տեղեկությունը հայտնվեց հընթացս, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ Էկոնոմիկայի նախարարի կողմից տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցին պատասխանելիս: Իսկ ընդամենը ժամեր անց հուշագիրն այլևս իրականություն էր: Ընդորում, փաստ՝ բավական հետաքրքիր հանգամանքով.  Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Լիդիան Արմենիա»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։

Սա իհարկե իշխանությունների կողմից ենթադրաբար կդասվի հնչեղ ներդրումային նախագծերի շարքին: Հատկապես, երբ  Կառավարությանը փոխանցվող մասնաբաժնի բաղադրիչը կա: Բայց այստեղ ևս որոշ վերապահում կա: Նախ իրականում հայտնի չէ՝ ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում է այդ անհատույց հատկացումն արվել: Այն ինչ հրապարակայնորեն ներկայացվում է, չի ապահովում գործընթացի լիարժեք թափանցիկություն: Եվ երկրորդ, իրականում այս ներդրումային ծրագիրն ա՛յս իշխանության կողմից բերված ծրագիր չէ. այն հաստատվել է ավելի վաղ, ներդրումային գումարի մի մասն արդեն իսկ իրացվել է: Եվ հիմա շրջանառվող 250 մլն դոլարի ներդրումը մեծամասամբ նախկինում հաստատված գումարի մյուս հատվածին է վերաբերում: 

Բայց այս ողջ գործընթացն ունի բազմաթիվ հարցադրումներ, մտավախություններ, որոնցից շատերն անպատասխան են, իսկ որոշները՝ նոր հարցեր առաջացնող: Ի դեպ, այն առնվազն մի դրվագով շատ նման է մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերության շուրջ վերջին զարգացումներին: 

Իսկ մտավախություններն, առաջին հերթին և առավելապես, կապված են բնապահպանական խնդրի հետ: Ամուլսարը ոսկու հանքավայր դարձնելու նախագծի սկզբնական շրջանից՝ 2006թ.-ից սկսած, բազմաթիվ են հենց այս ուղղությամբ հնչող ահազանգերը: Հանքի շահագործումը երկարաժամկետ կտրվածքով լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջացնի շրջակա միջավայրի համար, ընդ որում՝ ոչ միայն մերձակա բնակավայրերի համար: Դրա մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ, խորքային մասնագիտական վերլուծություններ: Բարձրաձայնված են այդ առնչությամբ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չեն տրվել, կամ առնվազն լիարժեք չեն տրվել:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի գործունեությունը կասեցվեց 2018թ.-ին՝ իբրև թե տուրք տալով հանքի տարածքի բնակիչների պահանջին: Այսօր արդեն կարելի է պնդել, որ այդ գործողությունն իշխանությունների համար ձեռագիր դարձած սովորական գործելաոճի տրամաբանության մեջ էր՝ պոպուլիզմի ու ականջահաճո գործողությունների: Դրա վառ վկայությունը թերևս 2019թ.-ին նոր փորձաքննության իրականացման համար  կառավարության պահուստային ֆոնդից Elard ընկերությանը հատկացված 400 հազար դոլարի մեղմ ասած անարդյունավետ ծախսն էր: Հիշեցնենք, որ նոր փորձաքննությունն իրականում նախկինում եղած փորձագիտական փաստաթղթերի վերընթերցում էր և ընդհանուր առմամբ հանքի շահագործման համար դրական եզրակացություն էր ենթադրում՝ մի քանի ոչ էական դիտողություններով:

Փաստենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դրական որոշման մասին կարելի էր ենթադրել արդեն  2019թ.-ին։ Իսկ աշխատանքների փաստացի վերսկսումը կամ դրա ձգձգումը պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով։

Ստացվում է, որ բնապահպանական խնդիրների պատասխաններն, իրականում, այդպես էլ չտրվեցին։ Միևնույն ժամանակ հանքի շահագործման կասեցումը վնասեց ՀՀ ներդրումային գրավչությունն ու առաջացրեց միջազգային արբիտրաժում հայտնվելու իրական ռիսկեր: Այլ կլիներ պատկերը, եթե հանքի կասեցումը բոլորի, այդ թվում միջազգային հանրության, գործընկերների համար լիներ ընկալելի. կա բնապահպանական խնդիր, կա ազգային հարստությունը վտանգելու ռիսկ, հանքի շահագործումն արգելվում է: Իհարկե այդ պարագայում էլ կհաշվեինք տնտեսական կորուստներ կամ չստացված օգուտներ, սակայն պետության դիրքորոշումն առնվազն պարզ կլիներ և վստահաբար՝ ընկալելի: Բայց այս հստակությունը չկար։

Ավելին,  2019թ.-ի վերոնշյալ զարգացումներից երեք տարի անց պարզվեց, որ հանքը կշահագործվի:

Առաջանում է ամենամակերեսային, տրամաբանական հարցը. ինչը՞ փոխվեց այս ընթացքում: Եթե կար դիրքորոշում հանքը շահագործելու, ինչու՞մն էր երեք տարի հապաղելու իմաստը: Արդյո՞ք այս ընթացքում կատարվել են նոր փորձաքննություններ, եթե այո, ապա՝ որտե՞ղ են դրանք և ինչ եզրահանգումներ կան: Կա՞ն արդյոք երաշխիքներ, որ հանքի շահագործումն անդառնալի առողջապահական և բնապահպանական հետևանքներ չի ունենա: Ի՞նչն էր ուրիշ, օրինակ, 2022թ.-ի դեկտեմբերին, և ի՞նչ փոխվեց 2023-ի փետրվարին, որի արդյունքում էլ ստորագրվեց հանքի շահագործման վերաբերյալ հուշագիր:

Հասկանալի է, որ այս հարցերն ունեն և՛ քաղաքական, և՛ անվտանգային, և՛ տնտեսական շերտեր:

Տնտեսական բաղադրիչի մասով մեծագույն խնդիրն ընկալելիության տիրույթից դուրս գտնվելն է: Փաստորեն գործեց մոտավորապես նմանատիկ մեխանիզմ. կար բնապահպանական հարց, հանքը կասեցվեց։  Բնապահպանական խնդիրը չհիմնավորվեց, մինչդեռ հանքի շահագործումը չթույլատրվեց։ Բայց չթույլատրվեց այնքան ժամանակ, քանի դեռ, փաստորեն, եղավ պետությանն անհատույց տրամադրվող կապիտալ ընկերության բաժնեմասի՞ց: Իհարկե ազգայնացման ու պետության կողմից մասնաբաժին ունենալու գործըթացն ազգային տնտեսության տեսանկյունից ընկալելի է, ճիշտ աշխատելու պարագայում՝ անշուշտ դրական: Բայց այդպիսի եզրահանգման գալու կարևորագույն նախապայմանը լիովին թափանցիկ գործընթացն է: Ունե՞նք արդյոք հիմա՝ այս գործընթացի հետ կապված նման զգացողություն: Ակնհայտ է՝ ոչ:

Փոխարենը միջազգային տնտեսական պրակտիկայում հայտնի են «գումարի դիմաց ամեն ինչ» կամ առնվազն՝ շատ բան ձևաչափեր, ինչը նույն տնտեսական բաղադրիչի տեսանկյունից լի է բազմաթիվ մարտահրավերներով ու հնարավորությունների սահմանափակմամբ: Թերևս բավական է հիշել օֆշորների օրինակը:

Քաղաքական բաղադրիչը կայանում է «ինչու՞ հիմա» հարցադրման մեջ, կամ ներքաղաքական իրողություններից ելնելով նույն խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունենալու մեջ։ Հանքի աշխատանքների կասեցումը  2018թ.-ի էյֆորիկ տրամադրությունների և դանից հետո տեղի ունեցող զարգացումների  ներքո, իսկ հետո՝ առանց որևէ հասկանալի պատճառի դրա թույլատրումը,  հենց այս տրամաբանության մեջ է:

Խնդրի անվտանգային լրջագույն բաղադրիչի, այն է՝ բնապահպանական կողմին անդրադարձանք: Իհարկե այստեղ կա մեկ այլ խնդիր ևս. ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածքի ներխուժման, հանքի շահագործման տարածքին այդ զարգացումների աշխարհագրորեն մոտ լինելու հագամանքն ՝ իր բոլոր ռիսկերով ու մտավախություններով:

Հարցարդումների շարքը կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավարար է՝ պատկերացնելու սույն գործընթացում տրամաբանական շղթայի բացակայության հանգամանքը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: