ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը

Ալիևի հրապարակային պահանջից ու Արցախի պետքարտուղարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացումից անմիջապես հետո սկսվեցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները:

Փետրվարի 24-ին կայացած առաջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ: Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ անցկացվել է ևս մեկ նման հանդիպում: Ինչպես ասված է Արցախի Հանրապետության ԱԽ պաշտոնական հայտարարության մեջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել չորս ուղղություններով՝ բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը:

Ուշագրավ է, օրակարգում Դրմբոնի հանքավայրի մոնիթորինգի հարցի առաջացումը։ Ի սկզբանե Լաչինի միջանցքի շրջափակման առիթ դարձավ Կաշենի հանքի շահագործման հարցը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում սահմանափակվել Կաշենի հանքով և ընդհանրապես Արցախի հանքավայրերի վրա վերահսկողություն հաստատելու հավակնություններ ունի։ Ավելին, արդեն մամուլում արծարծվում է նաև շրջափակման ընթացքում Սարսանգի ջրամբարի նախատեսվածից մեծ ծավալներով շահագործման հարցը և Ադրբեջանի դժգոհություններն այդ կապակցությամբ։

Հայաստանի իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե ներկայիս Արցախ-Ադրբեջան շփումները ձեռքբերում են և միջազգային մեխանիզմի ներքո բանակցություններ սկսելու ուղղությամբ առաջին քայլ։ Սակայն, իրականությունը բոլորովին այլ է։ 2020թ-ի պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունը հայտարարեց, որ պատերազմի միջոցով հակամարտությունը լուծվել է, և այսուհետ Արցախն իր տարածքն է, իսկ Արցախին առնչվող հարցն էլ իր ներքին գործն են։ Եվ այսօր էլ Արցախի հետ երկխոսությունը կառուցում է հենց այդ տրամաբանությամբ՝ որպես իր ներքին գործերի կարգավորման ուղղությամբ խիստ կառուցողական քայլ, որն ուղղված է Արցախի ինտեգրմանն Արցախին։

Այդ մասին են վկայում թե՛ Արցախի հետ բանակցություններում Ադրեջանի նշանակված ներկայացուցիչը, ով նախկին ԼՂԻՄ-ում ծնված պատգամավոր է, թե՛ քննարկումների օրակարգը՝ այն, որ Ադրբեջանը չի քննարկում Արցախյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին առնչվող հարցեր, թե՛ այն, որ Ադրբեջանն ի սկզբանե համաձայնել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկխոսություն սկսելուն, բայց արդեն իսկ մամուլում շրջանառում է լուրեր, որ հետագա բանակցությունները կարող են անցնել առանց միջնորդների (որոնք հերքվել են Արցախի կողմից)։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են բանակցային օրակարգ բերել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության հարցերը և դրանց մեծ հնչեղություն են տալիս մամուլում։

Միանշանակ է, որ այսօր առաջնային խնդիր է Լաչինի միջանցքի բացումն ու Արցախի շրջափակման վերացումը, սակայն Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանի կատարմամբ մեկնարկած այս երկխոսությունը, որն առաջին իսկ քայլով չի բերել Լաչինի միջանցքի բացմանը, չի ներառում հակամարտության կարգավորման հարցն ու օգտագործվում և օգտագործվելու է Ադրբեջանի կողմից՝ Արցախի՝ իր տարածքը լինելու թեզը մարսեցնելու համար։  Այն որևէ կերպ չի նպաստում Արցախի անվտանգության ամրապնդմանը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը և հակամարտության կարգավորմանը։ Ավելին՝ Ադրբեջանն օգտագործելու է այս իրավիճակը՝ միջազգային հանրության հետագա միջնորդության, միջամտության ջանքերը կանխելու համար՝ ցույց տալով, իբր դրանք խոչընդոտում են տարածաշրջանի կայունացմանը նպաստող կառուցողական այս երկխոսությանը, իսկ ինքն իրականում այդ գործընթացի միջոցով փորձելու է բոլոր հարցերում ու բոլոր ուղղություններով իր կամքը պարտադրել մենակ մնացած Արցախին։

 Հայաստանի իշխանությունն էլ այս ողջ գործընթացի միջոցով ընդամենը հերթական անգամ փորձում է «ազատվել» Արցախից ու Արցախյան հիմնախնդրից, Արցախի ժողովրդի առաջ պարտավորություններից։ Եվ այս ողջ գործընթացի ցանկացած ելք ներկայացնելու է որպես Արցախի ժողովրդի ու իշխանության կամքի դրսևորում, այն, ինչի շուրջ հենց իրենք են պայմանավորվել, ոչ թե Հայաստանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: