ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթաց

2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 17-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական բաժնից:

2022 թվականին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների իրականացման նոր, բաց մասնակցային գործընթացը, ձևավորվել են սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտացված հանձնաժողովը:

Մեկնարկել է նաև նախորդ ընտրությունների ընթացքում վեր հանված խնդիրների բացահայտման և լուծման գործընթացը: Անդրադարձ է կատարվելու տեղամասային կենտրոնների ընտրության, քվեարկության սենյակի կահավորվածության հարցերին, որպեսզի ավելի անխոչընդոտ իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրելու իրավունքը: Նախատեսվելու է ընտրողների ժամանակավոր ցուցակներում ավելի արագ և ճկուն ընդգրկվելու հնարավորությունը: Կքննարկվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկելու համար գործիքների նախատեսումը:

Ավարտվել են Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքները: Ստեղծվել է նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ձևավորվել են երկու առանձին` քաղաքացիական և վարչական պալատներ, ինչպես նաև ստեղծվել է նոր` հակակոռուպցիոն պալատը` ապահովելով հակակոռուպցիոն դատական եռաստիճան շղթան:

Բարձրացվել են Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների աշխատավարձերը: Քայլեր են կատարվել դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ և այլն:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարար Գրիգոր Մինասյանին:  Զեմֆիրա Միրզոևան հետաքրքրվել է, թե ինչու զեկույցում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերվող որևէ դրույթ չկա: Պատգամավորի գնահատմամբ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված կա հետընթաց, քանի որ չկա առաջընթաց: Այս տեսակետի հետ չեն համաձայնել թե' արդարադատության նախարարը, թե' պատգամավորները` գործընկերոջը հորդորելով փաստեր ներկայացնել: «Ամենևին համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Բացարձակ հետընթաց չկա: Իսկ եթե կա, խնդրում եմ փաստերով խոսել»,- ասել է Գրիգոր Մինասյանը: «Եթե չկա առաջընթաց, դա չի նշանակում, որ կա հետընթացե»,- ընդգծել է հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը` նկատելով, որ իշխանության և Կառավարության համար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են ե'ւ իրավունքների, ե'ւ պատասխանատվության առումով` անկախ ազգային, կրոնական և այլ պատկանելություններից, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Զեմֆիրա Միրզոևայի հնչեցրած տեսակետը չեն կիսել նաև հանձնաժողովի անդամներ Կնյազ Հասանովը և Ռուստամ Բաքոյանը, որոնք նույնպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ոլորտում կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես խնդիր` պատգամավորը, մասնավորապես, նշել է եզդիերենի ուսուցիչների պակասը: «Մեր Կառավարությունն ունի բավարար կամք` լսելու և խնդիրներին լուծումներ տալու, այստեղ մենք անելիք ունենք»,- շեշտել է Ռուստամ Բաքոյանը:

Եզրափակիչ խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում անկյունաքարային է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունումը: Նախագիծն Արդարադատության նախարարությունը մշակել է, այն գրեթե պատրաստ է: Նախարարը ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Զեմֆիրա Միրզոևային առաջարկել է համագործակցել նախագծի լավարկման շուրջ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: