ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԺԿ Ցեղասպանության վերաբերյալ բանաձև. հաջողության կշռի լիարժեք գիտակցում

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական հանձնաժողովը սույն թվականի մարտի երեքին ընդունեց «Հայոց ցեղասպանություն և եվրոպական արժեքներ» անվանումը ստացած բանաձևը, որում դատապարտվում է հայերի դեմ գործած Ցեղասպանությունը, և կոչ է արվում ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին միավորել իրենց ջանքերը` վերականգնելու պատմական արդարությունը և ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Անկասկած, Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի համատեքստում ԵԺԿ կողմից սույն բանաձևի ընդունումը պետք է առաջընթաց համարել, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ բանաձևում խոսվում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչման, այլ նաև հայ ժողովրդի իրավունքների վերականգնման, հատուցման, ինչպես նաև 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի կողմից ընդունված համահայկական հռչակագրի մի շարք այլ դրույթների մասին:

Այնուամենայնիվ, բանաձևի կարևորությունը և նշանակությունը ավելի լիարժեք պատկերացնելու համար հարկ ենք համարում ավելի մանրակրկիտ անդրադառնալ ԵԺԿ կուսակցության կառուցվածքին, ԵՄ կառույցներում ունեցած դերին և կշռին, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական հանձնաժողովի հիմնական գործունեությանը:

ԵԺԿ-ն կենտրոնամետ աջակողմյան քաղաքական կառույց է, որի կազմավորման հիմքում կանգնած են ԵՄ նախահայրեր ֆրանսիացի ակնառու քաղաքական գործիչ՝ Ռոբերտ Շումանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնադիրներից` Կոնրադ Ադենաուերը և այլոք: ԵԺԿ-ն Եվրոպայի խոշոր քաղաքական ընտանիքներից է` կազմված լինելով 78 անդամ կուսակցություններից՝ 39 երկրից: ԵԺԿ կազմում են ընդգրկված Եվրոպական խորհրդի (European Council) նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ընդլայնման հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և այլ ականավոր քաղաքական գործիչներ:

Փաստորեն ԵԺԿ կողմից են առաջադրված ԵՄ երեք գլխավոր կառույցից երկուսի` Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերը և Դոնալդ Տուսկը: ԵԺԿ-ն թե՛ Եվրախորհրդարանում (221 տեղ 751-ից), թե՛ Եվրոպական խորհրդում (11 անդամ 28-ից) և թե՛ Եվրահանձնաժողովում (14 հանձնակատար 28-ից) մեծամասնություն կազմող կուսակցություն է: Նշենք, որ Եվրախորհրդարանը, որը ներկայացնում է ԵՄ 500 միլիոն բնակչության ձայնը, Եվրոպական խորհրդի հետ իրավասու է ԵՄ օրենսդրության և բյուջեի տնօրինման համար: 

Եվրահանձնաժողովը պատասխանատու է Եվրոպական խորհրդում և Եվրախորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների և դրանց հաստատման համար: Եվրահանձնաժողովը ունի լիազորություն՝ Եվրոպական դատարան հայց ներկայացնելու ԵՄ անդամ պետության դեմ, եթե պետությունը չի կատարում ԵՄ պայմանագրերով սահմանված օրենքներից բխող իր պարտականությունները:

ԵԺԿ նաև ներկայացված է Եվրոպայի «արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ստեղծված Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում: Եվրանեստը ունի 110 անդամ, որոնցից 60-ը Եվրախորհրդարանից են, իսկ մնացած 50-ը Արևելյան գործընկերության հինգ երկրից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)` 10 անդամ յուրաքանչյուր երկրից: Եվրանեստում Եվրախորհրդարանը ներկայացնող 60 անդամներից 29-ը ԵԺԿ անդամներ են, միևնույն ժամանակ Եվրանեստում Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող պատվիրակություններում ևս կան ԵԺԿ անդամներ. Մոլդովայից` 3, Հայաստանից` 5, Ուկրաինայից` 3, Վրաստանից` 4: Եթե փորձենք ընդհանրացնել, Եվրանեստի 110 անդամից 44-ը ԵԺԿ-ի անդամներ են:

Կարևոր է նաև անդրադառնալ Եվրոպայի խորհրդում (Council of Europe) ԵԺԿ-ի ունեցած ծանրակշիռ դերակատարությանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կազմված է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների խորհրդարանների պատգամավորներից: ԵԽԽՎ 363 անդամների կեսից ավելին` 192-ը, ԵԺԿ անդամներ են:

Բացի վերը նշված կառույցներից՝ ԵԺԿ-ն ներկայացված է և ակտիվ գործունեություն է ծավալում նաև այնպիսի խոշոր միջազգային կառույցներում, ինչպիսիք են, օրինակ, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):

ԵԺԿ կուսակցությունը կազմված է նախագահությունից, քաղաքական հանձնաժողովից և կոնգրեսից: Քաղաքական հանձնաժողովը, որի կողմից ընդունվել է վերը նշված` Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, կազմված է ԵԺԿ նախագահության, Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի նախագահության անդամներից և այլն: Քաղաքական հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում տարեկան երեքից հինգ անգամ, որոնց ժամանակ սահմանվում է աշխատանքային խմբերի մանդատը, որոնք պատասխանատու են կուսակցության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի և առաջարկությունների ձևավորման համար:

Այս հանդիպումների ժամանակ ԵԺԿ կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը և հանձնարարականները նպատակ ունեն որպես ուղենիշ ծառայելու կուսակցության անդամների համար, միջազգային հարթակներում տարբեր բանաձևերին դեմ կամ կողմ քվեարկելով՝ իրենց դիրքորոշումը արտահայտելու, ինչպես նաև այդ կառույցներում բանաձևերի սեփական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Օրինակ՝ ուկրաինական ճգնաժամին վերաբերող կուսակցության կողմից ընդունված 2014 թվականի հունվարի 28-ի բանաձևով, ԵԺԿ կուսակցությունը ողջունում է ուկրաինացիների՝ երկրում ժողովրդավարություն հաստատելուն ուղղված ջանքերը` դատապարտելով իշխանությունների կողմից նրանց հանդեպ կիրառվող բռնությունները: Հետագայում միջազգային տարբեր հարթակներում ԵԺԿ-ն ոչ միայն հավատարիմ մնաց բանաձևում արտահայտած իր դիրքորոշմանը, այլև հավելյալ քայլեր նախաձեռնեց տարբեր կառույցներում այն ներկայացնելու համար: Նախորդ տարի՝ հուլիսի 16-ին, ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի չորս այլ կուսակցությունների հետ հանդես եկավ բանաձևի սեփական նախաձեռնությամբ, որտեղ կոչ էր արվում հարգել ուկրաինացիների իրավունքները, և դատապարտվում էր ռուսական կողմի գործունեությունը Ուկրաինայում: Բանաձևը հաջորդ օրը ձայների մեծամասնությամբ ընդունվեց Եվրախորհրդարանի կողմից:

Եթե փորձենք վերը ասվածը ամփոփել, ապա պետք է փաստել, որ հաշվի առնելով ԵԺԿ քաղաքական կշիռը և դերը թե՛ ԵՄ-ի և թե՛ միջազգային մի շարք այլ կառույցներում՝ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին վերջինիս կողմից «Հայոց ցեղասպանություն և եվրոպական արժեքներ» բանաձևի ընդունումը իսկապես մեծ հաջողություն է: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը պետք է սահմանափակվի սրանով: ԵԺԿ սույն բանաձևը կայուն հիմք է ստեղծում վերը նշված եվրոպական քաղաքական հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման խնդիրը առաջ տանելու համար: Այս համատեքստում ոչինչ չի կարող խոչընդոտել հայկական կողմերին՝ հանդես գալու նմանատիպ բանաձևի առաջարկով այն միջազգային կառույցներում, որտեղ նրանք ներկայացված են, ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում՝ արդեն իսկ ունենալով միևնույն կառույցում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ԵԺԿ անդամների աջակցությունը, որի նյութական ապացույցն էր նրանց ընդունած Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: