ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ են հանդես եկել

ԼՂՀ Աժ խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

95 տարի առաջ այս օրերին Օսմանյան Թուրքիայի՝ Անդրկովկաս ներխուժած  էքսպեդիցիոն  կորպուսի կանոնավոր զորամասերը, նենգորեն խախտելով նախկին Ռուսական կայսրության  Ելիզավետպոլի և Բաքվի  նահանգներում իր իսկ կողմից հաստատած  Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մուսավաթական կառավարության և ինքնորոշված Արցախի Ազգային խորհրդի միջև ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը և հրահրելով տեղի մուսուլմանական բնակչության վերնախավի մոլեռանդ հայատյացությունը` հարձակվեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերի վրա:

Սպանվեց, անհայտ կորավ շուրջ 30 հազար հայ, փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ: Ավերվեցին և կողոպտվեցին հայերին պատկանող գույքը, բոլոր բնակելի շինությունները, վարչական, կրթական, մշակութային և հոգևոր հաստատությունները:

Մեծագույն այդ ոճրագործությունը ծրագրվել և իրականացվել է Արցախի վարչական, տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը կործանելու, հինավուրց հայոց քաղաքի էթնիկ պատկերը փոխելու, արցախահայությանը ինքնորոշման իրավունքը իրականացնելու հնարավորությունից զրկելու նպատակով։

Հատկանշական է, որ Շուշիի փաստացի ավերումը տեղի է ունեցել այդ դեպքերից ընդամենը հինգ տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկիզբ առած ու դեռ շարունակվող մեկ այլ եղերական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության դեպքերի խորապատկերի վրա, որի հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը նոր ոճիրների առիթ դարձավ:

Վերահաստատելով Արցախի ժողովրդի վճռականությունը՝ զարգացնելու իր անկախ պետությունը՝ հանուն սերունդների բարօրության և ազգամիջյան համերաշխության, մենք՝

- դատապարտում ենք 1920թ. մարտի 21-26-ի Շուշի քաղաքի հայկական  ջարդերը,  դրանք որակում որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության, հայության հայրենազրկման քաղաքականության շարունակություն,

- միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ  խորհրդային Ադրբեջանի գոյության 70 տարիների ընթացքում Շուշին հետևողականորեն վերածվել էր ադրբեջանական անհանդուրժողականության և հայատյացության  կենտրոնի,

- փաստում ենք 1992թ. մայիսին՝ Շուշիի ազատագրման ռազմագործողության  անխուսափելիությունը և նրա բացառապես հումանիտար բնույթը, որով կանխվել է Ստեփանակերտի 50 հազար բնակչության դաժան ոչնչացումը կատարյալ շրջափակման հետևանքով սպառնացող սովի, համաճարակի և մշտական հրթիռահրետակոծության միջոցով,

- կոչ ենք անում Ադրբեջանին՝ առերեսվել սեփական անցյալին, դադարեցնել հայատյացությունը և ձեռնամուխ լինել Արցախի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատմանը` ի շահ տարածաշրջանային խաղաղության և կայունության:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցություններ,

«Արցախատուն» պատգամավորական խումբ,

ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: