ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը ձգտում է առա՞ջ անցնել Աթաթուրքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ շարունակում է ներկայացնել «նոր Թուրքիայի» իր տեսլականը: Էրդողանը պնդում է, որ համաշխարհային փոփոխություններին հարմարվելու և երկրի հետագա առաջընթացը ապահովելու համար Թուրքիան պետք է նոր Սահմանադրություն ունենա և խորհրդարանական համակարգից անցնի նախագահականին՝ նշելով, որ կառավարման ներկա համակարգը խոչընդոտում է արդյունավետ քաղաքականության իրականացմանը: «Նոր Թուրքիայի կառուցումն անխուսափելի է, նոր Սահմանադրությունն անխուսափելի է, նախագահական համակարգն անխուսափելի է», - իր բոլոր ելույթներում շեշտում է Էրդողանը:

Այս հարցում Էրդողանին ակտիվորեն աջակցում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): «Նախագահական համակարգին անցնելը կարևոր նշանակություն ունի, այդ պատճառով էլ իմ նախաձեռնությամբ Արդարություն և զարգացում կուսակցության նախընտրական ծրագրում այդ մասին դրույթ մտցվեց», - վերջերս հայտարարեց Դավութօղլուն:

Իրականում ակնհայտ է, որ «նոր Թուրքիա» կառուցելու Էրդողանի ծրագրերի ետևում թաքնված են միանձնյա կառավարելու նրա ավտորիտար նկրտումները: Այս պահին Թուրքիայում նախագահը միայն արարողակարգային գործառույթներ ունի, սակայն Էրդողանի կառավարման գրեթե մեկ տարին ապացուցեց, որ Էրդողանը մտադիր չէ սահմանափակվել «պասիվ նախագահի» պաշտոնով:

Էրդողանի քաղաքական կարիերան սկսվել է դեռևս 1994 թվականին, երբ «Իսլամական բարեկեցություն» կուսակցության պատմական հաղթանակի արդյունքում Էրդողանը նշանակվեց Ստամբուլի քաղաքապետ: Էրդողանի` քաղաքական իսլամի տեսության համաձայն աշխարհիկությունը կամ «հին Թուրքիան» հանդիսանում են կառավարման արևմտյան ոճ, որը «մարդկանց զրկում է իրենց կրոնից և Ալլահից»:  1997 թվականին «Իսլամական բարեկեցություն» կուսակցությունն արգելվեց, և Էրդողանը ազգային գժտություն սերմանող իր քարոզների համար հայտնվեց բանտում: Ազատության ձեռքբերումից հետո Թայիփ Էրդողանը հիմնեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը շատ մասնագետների գնահատմամբ դարձավ Բարեկեցություն կուսակցության հետնորդ՝ որդեգրելով նրա հիմնական իսլամական տարրերը:

Մյուս կողմից, իր խարիզմատիկ բնույթով հայտնի Էրդողանն իր քաղաքականությամբ կարծես «մարտահրավեր է նետում» Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, ով 1923 թվականին հիմնել է թուրքական աշխարհիկ հանրապետությունը: Նա համարվում է «ժողովրդի հայր», և թուրքական հասարակության շրջանում մշտապես գոյություն է ունեցել Աթաթուրքի անձի պաշտամունք: Քեմալիզմը Թուրքիայում համարվում էր պաշտոնական գաղափարախոսություն, որն ավանդաբար աջակցություն էր ստանում թուրք ժողովրդի պաշտպան համարվող թուրքական բանակի կողմից: Երկրում թուրքական բանակի նախաձեռնությամբ «անհրաժեշտությունից ելնելով» իրականացվում էին ռազմական հեղաշրջումներ (1960, 1971, 1980 և 1997 թվականներին):

Սակայն 2002 թվականին Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո քաղաքական իսլամը կամ իսլամիզմը դարձան այլընտրանք Աթաթուրքի ազգայնականությանը: ԱԶԿ-ն հանդես է գալիս թուրքական բանակի հատուկ կարգավիճակի դեմ՝ իրականացնելով երկրում բանակի իշխանության չեզոքացման քաղաքականություն, որն ուղեկցվում է զինվորականների զանգվածային ձերբակալություններով: Էրդողանն արդեն ավելի քան 10 տարի իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն՝ խոսելով երկրի «անխուսափելի իսլամականացման» մասին: Իսլամականացումն ակնհայտ է դառնում անգամ թուրքական հասարակության առօրյայում:

Այս ամենը հիմք է տալիս վերլուծաբաններին պնդելու, որ Էրդողանի մատնանշած «նոր Թուրքիայում» կառավարելու են կրոնական պահպանողականները, որտեղ «ժողովրդավարությունը վերահսկվելու է, իսկ ռազմական հեղաշրջումների դարաշրջանն էլ ընդմիշտ անցյալում է մնալու»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: