ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի փաստաթղթերը Ցեղասպանության շուրջ

ԵՄ շուրջ 450 մլն. քաղաքացիներ ներկայացնող Եվրախորհրդարանն օրերս ընդունեց բանաձև` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փաստաթղթում խորհրդարանը մասնավորապես «վկայակոչում է 1987թ. հունիսի 18-ի բանաձեւը, որով ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են,  դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության բոլոր դեպքերը եւ վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու ցանկացած փորձ, կոչ է անում Թուրքիային հարգել եւ գիտակցել մշակութային ժառանգության պաշտպանության հարցում իր վերցրած պարտավորությունները», ինչպես նաև «կոչ է անում Թուրքիային եւ Հայաստանին ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների վավերացման եւ առանց նախապայմանների դրանց կատարման ճանապարհով՝ բացելով սահմանը եւ ակտիվորեն աշխատելով հարաբերությունների բարելավման ուղղությամբ, հատուկ շեշտադրելով սահմանային համագործակցությունը եւ տնտեսական ինտեգրումը»:

Ինչպես արդեն նշվեց, Ցեղասպանության մասին ԵՄ խորհրդարանն առաջին անգամ հիշատակել է դեռևս 1987թ.-ին: Հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանն ընդունում է «Հայկական հարցի քաղաքական կարգավորման շուրջ բանաձևը»: Փաստաթղթում, նշելով, որ «պատմականորեն ապացուցված Հայոց ցեղասպանությունը երբևէ քաղաքական դատապարտման առարկա չի եղել և չի փոխհատուցվել» Թուրքիայի կողմից, և որ Հայկական հարցի առնչությամբ  թուրքական կառավարության համառ կեցվածքը որևէ կերպ չի նպաստում լարվածության նվազմանը, Խորհրարանն ընդգծում է, որ հայկական, ինչպես և Թուրքիայի մյուս փոքրամասնությունների հարցը պետք է վերանայվի Եվրոպական Համայնքների հետ Անկարայի հարաբերությունների շրջանակում: Փաստաթուղթը շեշտում է, որ որևէ երկրում ժողովրդավարություն չի կարող կառուցվել, քանի դեռ այն չի ճանաչել և հարստացրել իր պատմությունն էթնիկ ու մշակութային բազմազանությամբ:  Այնուհետև բանաձևը նշում է. «1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Ցեղասպանություն են, այն իմաստով,  ինչպես սահմանված է 1948թ. ՄԱԿ Գլխավոր խորհրդաժողովի` Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով»: Սրանով հանդերձ ԵՄ Խորհրդարանի բանաձևը նշում է, թե «ընդունում է, որ ժամանակակից Թուրքիան չի կարող պատասխանատու համարվել Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած ողբերգության համար և շեշտում է, որ պատմական այս փաստը որպես ցեղասպանություն ճանաչելը չի կարող ժամանակակից Թուրքիայի համար քաղաքական, իրավական կամ նյութական որևէ պահանջի հիմք դառնալ»:  Բանաձևն այնուհետև Եվրոպական համայնքների Խորհրդին կոչ է անում պահանջել Թուրքիայի ներկա կառավարությունից ճանաչել 1915-1917թթ.  հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը և խրախուսել Թուրքիայի ու հայության ներկայացուցիչների միջև երկխոսության մեկնարկը: Փաստաթուղթը Թուրքիային կոչ է անում նաև հայկական  փոքրամասնությանը սեփական ինքնությունը, լեզուն, կրոնը, մշակույթն ու կրթական համակարգը պահպանելու հնարավորություն ընձեռել: Համայնքներին բանաձևը կոչ է անում  Թուրքիայի հետ Ասոցացման համաձայնագիրը ընդլայնել` ներառելով երկրում մնացած քրիստոնյաների կամ այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչների պահպանումն ու նրանց ինտեգրումն ապահովող դրույթներ:  Փաստաթուղթը նաև հայերի և թուրքերի միջև հաշտեցման կոչ է անում:  

ԵՄ խորհրդարանը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Թուրքիային դիմում է նաև 2000թ.: Նոյեմբերի 15-ին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության առաջընթացի զեկույցի առնչությամբ ընդունված բանաձևում Խորհրդարանը «կոչ է անում Թուրքիայի կառավարությանն ու Ազգային մեծ ժողովին հայկական փոքրամասնությանը` որպես թուրք հասարակության կարևոր հատվածի  նորովի աջակցել` հանրայնորեն ճանաչելով ցեղասպանությունը, որին փոքրամասնությունը ենթարկվել է մինչև Թուրքիայի ժամանակակից պետության հիմնումը»: Հաջորդ կետով եվրոպացի խորհրդարանականները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում «երկխոսություն սկսել Հայաստանի  հետ` միտված երկու երկրների միջև դիվանագիտական և առևտրային բնականոն հարաբերությունների վերահաստատմանը և առկա շրջափակման վերացմանը»:

Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման պահանջին ԵՄ Խորհրդարանն անդրադառնում է նաև 2005թ. սեպտեմբերի 28-ին Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի շուրջ ընդունված բանաձևով, որի 5-րդ կետում Խորհրդարանը «կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` համարելով, որ ճանաչումը կարող է Թուրքիայի ԵՄ անդամակցության նախադրյալ լինել»:  Մեկ տարի անց ԵՄ Խորհրդարանը վերահաստատում է իր այս դիրքորոշումը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2006թ. սեպտեմբերին ընդունված զեկույցում խորհրդարանականները կրկին նշում են, որ Ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման պետք է լինի և Անկարային կոչ են անում կարգավորել հարաբերությունները Երևանի հետ:  Ինը տարի անց ԵՄ խորհրդարանն, ընդունելով Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին ամենամյա զեկույցը և այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականությունը, ևս մեկ անգամ վերահաստատում է Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը: 2015թ. մարտին ընդունված փաստաթուղթը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բոլոր անդամ երկրներին կոչ է անում ճանաչել այն, ԵՄ անդամներին և կառույցներին խրախուսում է ներդրում ունենալ դրա հետագա ճանաչման գործընթացում»:

Վերը նշված փաստաթղթերի հիման վրա այս տարվա մարտի 14-ին Եվրանեսթ ժորհրդարանական վեհաժողովն ընդունում է Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որտեղ Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը:

Մինչ այդ` մարտի 2-ին, Ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիային պատասխանատվություն ստանձնելու կոչ անող բանաձև էր ընդունել ԵՄ խոշորագույն քաղաքական ուժ հանդիսացող Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: Փաստաթուղթը Թուրքիային ոչ միայն կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը, այլև նյութական ու բարոյական հատուցում ապահովել:  «Հայոց Ցեղասպանությունն ու եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձևով քաղաքական այս ուժը Թուրքիային կոչ է անում «հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև նյութական և բարոյական հատուցում ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործումը»: ԵԺԿ ներկայացուցիչները նաև «կոչ են անում Եվրոպական Միությանը, ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը  սահմանել ապրիլի 24-ը որպես հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր` հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու նպատակով»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: