ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նաիրա Զոհրաբյան. Մենք պետք է կարողանանք հստակ ծրագրել Ցեղասպանության ճանաչման հետագա քայլերի օրակարգը

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: 

- ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ընդունվեց հայտարարություն՝ վերաբերող Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հնչեցին մի շարք ելույթներ։ Ի՞նչ արձագանք ունեցան դրանք ԵԽԽՎ պատգամավորների շրջանում։ Ի՞նչ հիմնական արդյունքներ կարձանագրեիք։

- ԵԽԽՎ-ն ունի ընթացակարգ, որ եթե 20-ից ավելի պատգամավոր միավորվում է որևէ հարցի շուրջ և անում հայտարարություն, դա համարվում է այլևս ընդունված։ Պետք է ասեմ՝ աննախադեպ էր, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող և որպես ցեղասպանությունները կանխարգելող միջոց՝ պետություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչ անող հայտարարության տակ, որը նախաձեռնել էր ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի իմ գործընկեր Ռենե Ռուկեն, ստորագրել է 171 պատգամավոր։ Որպես ԵԽԽՎ պատգամավորի՝ իմ ութ տարվա փորձառության մեջ չեմ հիշում, որ որևէ հայտարարության տակ այդքան թվով պատգամավոր ստորագրեր։ Ավելին՝ պետք է ասեմ, որ բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չէին եկել Ստրասբուրգ՝ նիստի, էլեկտրոնային տարբերակով իրենց ստորագրությունն էին ուղարկել։ Այսինքն՝ թիվը կարող էր երկու հարյուրից անցնել, սակայն ԵԽԽՎ քարտուղարությունը էլեկտրոնային տարբերակով այդ ստորագրությունները համարեց անվավեր։

Ինչևէ, ընդհանրապես վերջին տասնօրյակը պետք է համարեմ աշխարհում Հայաստանի տասնօրյակ, որովհետև աշխարհի լրջագույն լրատվամիջոցները, թիվ մեկ հեռուստաընկերությունները, բոլոր տաբլոիդները անդրադառնում էին Հայոց ցեղասպանությանը։ Աշխարհի խոշորագույն լրատվամիջոցներից մեկը՝ The Guardian-ը, նախաձեռնություն ունի, որ ամբողջ 2015 թվականի ընթացքում պարբերաբար անդրադառնալու է Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների պատմություններին։

Կրկնում են բոլոր հեռուստաընկերությունները՝ CCN-ը, BBC-ն, France 24-ը, TVmond5-ը, 24 ժամ շարունակ իրենց եթերում հեռարձակում են 100-րդ տարելիցի պատմություններ, Ծիծեռնակաբերդի արարողությունը։ Ցեղասպանությանն անդրադարձել են նաև իտալական հեռուստաընկերություններ, Al Jazeeran-ն։ Այնպես որ միջազգային ճանաչման տեսանկյունից լրջագույն բեկում տեղի ունեցավ, և այն, որ որոշ  պետություններ այսօր չունեն քաղաքական համարձակություն՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ-ն, մի բանի մասին է վկայում․ այդ պետություններ իրենց երկրի նեղ քաղաքական և տնտեսական շահերին ուղղակիորեն ստորադասում են համամարդկային արժեքները։ Այդ պետությունների ղեկավարներն այս ընթացքում հայտնվեցին խիստ անհարմար վիճակում, մասնավորապես նույն Օբաման, ով սենատոր եղած ժամանակ քանիցս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Իսրայելի նախագահը, որը ևս բազմաթիվ անգամ կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բայց կա երկրորդ խնդիրը․ մենք պետք է կարողանանք հստակ ծրագրել Ցեղասպանության ճանաչման հետագա քայլերի օրակարգը, ճանապարհային քարտեզը։ Ի՞նչ քայլեր մենք պիտի անենք այսուհետ։ Այսօր մեր քաղաքական ուժերը Սփյուռքի միջազգային հանրության, մեր համախոհ կառույցների և երկրների հետ պիտի կարողանան մեր քայլերի ճիշտ և գրագետ ճանապարհային քարտեզն ունենալ, քանի որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի հարցն է, այլ նաև միջազգային հանրության հարցը, քանի որ միջազգային հանրությունը ևս պետք է շահագրգիռ լինի միջազգային ճանաչման հարցում, նաև Թուրքիայի կողմից՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման գործիք։ Ցանկացած չճանաչված, չդատապարտված ցեղասպանություն նոր ցեղասպանության պատճառ կարող է դառնալ։

 

- ԵԽԽՎ-ի ներքո ստեղծել է ձգձգված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողով։ Ըստ Ձեզ՝ որքանով կարող է այն արդյունավետ լինել և ի՞նչնպաստ կարող է բերել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի համատեքստում։

- Ես կարծում եմ, որ որևէ նպաստ չի կարող բերել։ ԵԽԽՎ-ում շատ լավ աշխատում է թուրք-ադրբեջանական լոբբին, որը մեծ ազդեցություն ունի ԵԽԽՎ ամենամեծ խմբակցությունում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։ Վերջինիս ղեկավար Պետրո Ագրամոնդեն և տեղակալ Դորա Բակոյանիսը Ալիևի կլանի ամենամտերիմ շրջանակից են։ Ընդհանրապես, ցավոք սրտի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանը կարողացել է իր գումարներով լրջագույն լոբբիստներ ձևավորել, և սա նրանց հերթական նախաձեռնությունն է։

Ես վստահ եմ, որ այն որևէ արդյունք չի կարող ունենալ, ինչպես ժամանակին իրենց կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, որին հայկական կողմը բոյկոտեց, և, բնականաբար, այդ հանձնաժողովը որևէ արդյունք չտվեց։

 

- ԵԽԽՎ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կողմից զեկույց է պատրաստվում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, որը ստացել է հայկական կողմի բացասական գնահատականը։ Որո՞նք են զեկույցի հիմնական թերացումները, և հնարավոր կլինի՞ արդյոք այն օբյեկտիվ դարձնել։ Ի՞նչ քայլեր են հարկավոր այդ ուղղությամբ։

 - Ես վստահ եմ, որ արդյունք չի ունենա նաև ադրբեջանական այս նախաձեռնությունը՝ Ադրբեջանի նվիրյալ լոբբիստ Ռոբերտ Ուոլթերի կողմից «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» խայտառակ վերնագրով զեկույցը։ Ես անձամբ ասել եմ Ուոլթերին, որ եթե իր զեկույցը կրեր «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» վերնագիրը, միևնույն է, տեքստը անպայման հակահայկական կլիներ, քանի որ նա ադրբեջանական լոբբի ամենաակնառու ներկայացուցիչն է։

Պարզ է, որ այս զեկույցի հեղինակը Ուոլթերը չէ։ Այդ զեկույցը վաղուց գրվել է Մեծ Բրիտանիայում և դրված է համապատասխան հաստատությունների դարակներից մեկում։ Ուոլթերը մեկ կամ մեկուկես տարի հետո, երբ իբր ավարտի զեկույցի շուրջ «աշխատանքը», կդնի իր ստորագրությունը։ Այն որևէ իրավական արդյունք չի ունենալու, քանի որ հայկական կողմը վստահաբար, ինչպես հայտարարել էր (և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ), չի պատրաստվում աշխատել, համագործակցել Ուոլթերի հետ այդ զեկույցի շուրջ։ Չի կարող ընդունվել և անաչառ համարվել մի զեկույց, որտեղ կողմերից մեկն ուղղակիորեն որևէ մասնակցություն չի ունեցել։

Ի դեպ, Ուոլթերը պատրաստվում է այցելել Հայաստան։ Մենք նրան կընդունենք որպես ԵԽԽՎ պատգամավորի, այլ ոչ թե նման խայտառակ վերնագիր ունեցող զեկույցի հեղինակի։ Ուոլթերի՝ Հայաստան այցելության ժամանակ մենք կվերահաստատենք մեր դիրքորոշումը։

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք ինչ-որ ցուցակներ չունենք։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: