ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջնորդների համար առաջնային նպատակ պետք է լինի տարածաշրջանում իրական խաղաղությունը, հետո միայն` խաղաղության պայմանագիրը

21 տարի առաջ այս օրն ուժի մեջ մտավ բիշքեկյան գործընթացում կնքված հրադադարի համաձայնագիրը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ պահին արդեն դեռևս 1992-ին մեկնարկած Մինսկի գործընթացի մասնակիցների համար ակնհայտ էր, որ հակամարտությունն արագ կարգավորել չի հաջողվելու: Բիշքեկյան արձանագրությունների` ուժի մեջ մտնելով դադարեցին լայնածավալ զինված գործողությունները, որոնց գինը մեծաթիվ մարդկային կորուստներն էին թե' ադրբեջանական, թե' հայկական կողմից: Սակայն դրան հաջորդած 21 տարիներից յուրաքանչյուրը պետք է կրկին տասնյակ կյանքեր խլեր. 2012-ին հայկական զինված ուժերն ունեցել են 14 մարտական կորուստ, 2013-ին` շուրջ 10, 2014-ին` 28:

2015-ին Ադրբեջանի կողմից հրահրված սահմանային միջադեպերի թիվն աննախադեպ աճել է, փոփոխվել են նաև հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակները` դառնալով առավել ագրեսիվ: Չի մխիթարում նույնիսկ այն, որ հայկական կողմերի պատասխան կամ պատժիչ գործողությունների արդյունքում որպես կանոն հակառակորդի կորուստները մի քանի անգամ ավելին են լինում: Այս ամենի ֆոնին Բաքվից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, թշնամանքի ու հայատյացության քարոզչությունը թույլ չեն տալիս հույս ունենալ, որ առաջիկայում իրավիճակը կբեկվի հօգուտ խաղաղության:

Իհարկե այս ամենին զուգահեռ չեն դադարում նաև միջնորդների փորձերն` ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ ցանկացած միջոցառում որպես առիթ օգտագործելուն ու կարգավորումը խթանելուն: Փոքր-ինչ դժվար է ասել` ինչպիսին են վերջիններիս իրական ակնկալիքներն այդ նախաձեռնություններից. Մինսկի` ավելի քան քսանամյա գործընթացում, թվում է` վերջիններս պաետք է համոզված լինեին, որ առանց արցախցիների Արցախի ճակատագիրը քննարկելն այնքան էլ արդյունավետ չէ:

Ինչպես նաև խաղաղության հասնելու ձգտման տեսանկյունից բոլորովին էլ արդյունավետ չէ հետևել, թե ինչպես է հակամարտող մի կողմը փորձում ուժի կիրառումը բանակցությունների ընթացքի և արդյունքի վրա ազդելու միջոց դարձնել: Նույն միջնորդների կողմից բազմիցս է բարձրաձայնվել կողմերի միջև վստահության ձևավորման անհրաժեշտությունը. ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել գնդացիրների կրակի ներքո, ինչպե՞ս վստահել մի երկրի, որի պաշտոնական կայքերում լուսանկարից ջնջում են ՀՀ դրոշն ու հայատյացություն քարոզում նախագահի մակարդակով …

Ուստի գուցե ժամանա՞կն է, որ միջնորդներն իրենց իսկ ունեցած հնարավորությունները ներդնեն վստահություն կառուցելու կամ դրան խոչընդոտող հանգամանքները հեռացնելու գործում: Այս իմաստով որպես սկիզբ կարևոր կարող է լինել, օրինակ, բանակցություններին զուգահեռ ուժից և ուժի սպառնալիքից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումը կողմերի միջև: Վստահությանն ուղղված միջոց կարող է լինել   հակամարտող կողմերի պետական պաշտոնյաների ելույթներում, ԶԼՄ-ներում այլատյացության դրսևորումների համար մշտադիտարկման ու պատասխանատվության մեխանիզմերի մշակումն ու գործարկումը: Սրանով, ի դեպ, կարող է զբաղվել Եվրոպայի խորհուրդը, որն այդքան ձգտում է իր նպաստը բերել կոնֆլիկտի հաղթահարմանը և որի տարածքում են ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն, այնպես էլ ԼՂՀ-ն` ճանաչված, թե` չճանաչված:

Ի վերջո միջոցառումները կարող են լինել բազում, պարզապես թվում է` ժամանակն է, որպեսզի միջնորդները հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման բավականին հավակնոտ նպատակին գերադասեն տարածաշրջանում իրական խաղաղություն ապահովելու` հնարավոր է` առավել համեստ, բայց առավել հրատապ խնդիրը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: