ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խոպանչիների հարկ». ինչի՞ մասին չի խոսվում

Սխալ չի լինի ասելը, որ Հայաստանի համար 2015թ.-ը դարձավ բեկումնային տարի: Մեծամասամբ դա պայմանավորված է մեր երկրի` ԵԱՏՄ կազմում ընդգրկվելով: Իրադարձություն, որը վճռորոշ նշանակություն ունի մեր քաղաքական, հասարակական, սոցալ-տնտեսական կյանքի համար` բոլոր առումներով:

Այն բուռն քննարկումները, որոնք եղան փաստացի անդամակցությունից առաջ և հետո, վառ ապացույցն են վերոնշյալի:

ԵԱՏՄ անդամակցությունն ու դրա հետևանքները դարձան համընդհանուր քննարկման հարց, որը միավորեց հայ իրականության բոլոր շերտերը` խորհրդարանականից մինչև շարքային քաղաքացուն, քաղաքագետներն անդամակցությանն իրենց գնահատականներին հավելեցին կանխատեսումներ, տնտեսագետները հանդես եկան առավելությունների և թերությունների, մեր երկրի տնտեսության առաջ բացած հնավորությունների ու ռիսկերի ներկայացմամբ: Հայաստանի` ԵԱՏՄ –ի կազմում հայտնվելու փաստն ընդհանուր առմամբ ոչ միանշանակ արձագանք ստացավ նույնիսկ ընդդիմադիր ուժերի կողմից: Ինչևիցէ, այսօր արդեն, լինելով վեց ամսյա վաղեմության ԵԱՏՄ անդամ, ունենք գնահատականների հստակ բևեռացում, ինչը թույլ է տալիս տարանջատել հասարակական դիրքորոշումները` ծայրահեղ բացասական, դրական և դրական սպասելիքներով` անորոշ: Այս տարանջատումը հիմք ընդունել կարելի է` հաշվի առնելով մի օբյեկտիվ փաստ. ԵԱՏՄ երիտասարդ ինտեգրացիոն միավորում է, իսկ Հայաստանը դրա ամենաերիտասարդ անդամը, ուստի գնահատականները կարող են լինել ճշմարտամոտ, սակայն փաստերով չապացուցված:

Թողնելով 170 միլիոնանոց շուկայի, Ռուսաստանի կողմից մեր անվտանգության երաշխիքների, մաքսային և ազատ տեղաշարժի հնարավորությունների և ազատ առևտրի մասին արծածված թեմաները` միանգամից անցում կատարենք օրենսդրական նորմատիվային դաշտի կարգավորումներին, որոնք ամենաիրական գործիքներն են հնարավորությունների իրականացման համար:

Բոլորովին վերջերս մեծ աժիոտաժ առաջացրեցին եկամտային հարկի և շահութահարկի մասին օրենքներում կատարված փոփոխություններն արտերկրում աշխատող, շինարարությամբ զբաղվող անձանց մասին: Հասարակական լայն շրջանակներում առաջացավ «խոպանչիների հարկ» եզրույթն ու բոլորի մոտ հաստատվեց կարծիք, որ պետությունն ուզում է խոպանչիների մի կտոր հացը կիսել: Բնական է, որ հարցի նման մեկնաբանությունը պիտի առաջացներ մարդկանց բարկությունը: Եղան խորհրդարանական քննարկումներ ու հետզհետե պարզվեց, որ “խոպանչիների հարկն” այնքան էլ խոպանչիների համար չէ, որ այն վերաբերում է բացառապես շինարարական ոլորտում ու բացառապես ՀՀ տարածքում գրանցված կազմակերպության կողմից արտերկրում իրականացվող ծրագրերին մասնակցություն ունեցող աշխատողներին:

 Այնուամենայնիվ, օրենքին դեռևս կա տարակուսական հայացք, ինչի համար փորձենք ներկայացնել` ինչ է ասում օրենքի փոփոխությունն ու հասկանալ դրանում հաստատված դրույքաչափի տրամաբանությունը:

Նախ եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելն ուներ իր հիմնավորումը. լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, և ձգտելով այս միության շրջանակում հասնել աշխատուժի ազատ տեղաշարժի՝ բավարար չէ միայն երկկողմ համաձայնագրերի կամ հուշագրերի առկայությունը: Սրանք սովորաբար հանդիսանում են երկու կողմերի պատրաստականության օրինական ամրագրում, մինչ դեռ ցանկությունների իրականացման համար անհրաժեշտ է ոլորտը կարգավորող գործիքները` օրենքները, հարմարեցնել նոր պահանջներին:

Շահութահարկի մասին օրենքի փոփոխությունը ենթադրում է դեպի ԵԱՏՄ երկներ արտահանման խթանում, մի բան, որն անդամակցության հենց ամենաակնհայտ հնարավորությունն է: «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունները պաշտոնապես հիմնավորվում են հետևյալ կերպ. ««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանեն շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում, արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»[1]:

Եկամտային հարկի մասին չփոփոխված օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով[2].

 

Տարեկան հարկվող եկամտի չափը

Հարկի գումարը

մինչև 1.440.000 դրամ

Հարկվող եկամտի 24.4 տոկոսը

1.440.000 դրամից ավելի

351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը

 

Կատարված փոփոխությունների համաձայն` 10-րդ հոդվածի 1.2  կետը լրացվում է հետևյալ բովանդակությամբ.

1.2) Այն հարկային գործակալը, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 13 տոկոս դրույքաչափով[3]:

Որպես հստակեցում նշենք, որ խոսքը վերաբերվում է ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություններին: Միանգամից պարզ է դառնում, որ եկամտահարկի այս դրույքաչափն այն աշխատողների համար է, ովքեր արտերկիր են մեկնում ՀՀ-ում գրանցված կազմակերպության միջոցով:

Առանձնացնենք երեք հարց, որոնք կարող են խնդրահարույց լինել օրենքի մասով` ինչո՞ւ միայն շինարարության ոլորտը, ինչո՞ւ 13 %, և որը՞ պիտի լինի այն երաշխիքը, որով ասենք, որպես շինարարությամբ զբաղվելու համար առաջին արտերկիր` ՌԴ կհամաձայնվի իր պետբյուջե փոխանցվող եկամտային հարկը զիջել ՀՀ –ին:

Միանգամից նշենք, որ գոնե առաջիկայի համար օրենքը գրված է հենց ՌԴ մեկնող աշխատուժի համար, ինչը թեկուզ և օրենքում ամրագրված չէ: Իսկ երկիրը չնշելու միակ շարժառիթը, չի բացառվում, որ հաջողություն ունենալու դեպքում նաև այլ երկրների հետ կիրառել լինի:

 Ինչո՞ւ միայն շինարարության ոլորտը:

Վերջին ժամանակներս ԵԱՏՄ-ում լայն քննարկման առարկա է դարձել շինարարական ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը[4]: Հայաստանը ռուսական շինարարական ոլորտում հանդիսանում է առաջատար աշխատուժ մատակարարող երկիր և եթե նմանատիպ մտահաղացումը կյանքի կոչվի ու միասական շինարարական միջպետական համաձայնագիր կնքվի, ապա առաջնային խնդիր կլինի Հայաստանից  Ռուսաստան մեկնող արտագնա աշխատողների կարգավորումը, մասնավորապես, ստվերային աշխատուժի վերացման մասով:

 Հայկական կողմը պիտի շահագրգիռ լինի Հայաստանում ստեղծված կազմակերպությունների միջոցով աշխատուժ ուղարկել Ռուսաստան, պետբյուջե մուտքերն ավելացնելու համար, ռուսական կողմը` ոլորտում ստվերը կրճատելու համար: Մեխանիզմը մոտավորապես կլինի այսպիսին. մեր երկրի ներսում ամեն ինչ կարվի Ռուսաստան մեկնող աշխատուժի կոնսոլիդացումը խթանելու համար, ինչն այնքան էլ դժվար չի լինի, քանի որ այդ դեպքում արտագնա աշխատողի վրայից կհանվի հակաօրինական գործունեության ամեն տեսակի ռիսկերն, այդ թվում` դեպորտի հավանականություն, նա կլինի գրանցված, այսինքն, ստաժ ունեցող աշխատող կդառնա, նա կունենա պայամանագրով վարձատրություն (գաղտնիք չէ, որ արտերկիր մեկնող շատ արտագնա աշխատակիցներ հաճախ են հանդիպում չվարձատրվելու կամ ուշացումով վարձատրվելու խնդրի հետ): Այս դեպքում, պետության հովանավորությամբ այսպես ասած խոպանչու վրայից կհանվեն բոլոր նշված ռիսկերը:

Միամտություն չի լինի կարծել, որ մեծամասնությունը կհամաձայնվի այդ ճանապարահով մեկնել իր արտագնա աշխատանքին: Ռուսաստանն ունենում է ստվերային աշխատուժի կտրուկ կրճատում, արդյունքում ռուսական շուկան ունենում  է սեփական պետբյուջե մուտքերի աճ, ստվերային տնտեսության ռիսկերի նվազեցում, որի համար էլ կարող է զիջել հայկական աշխատուժի 13%-անոց եկամտային հարկը մեր բյուջե ուղղորդելու համար:

Մյուս կողմից, ՌԴ և Չինաստանի ղեկավարների մայիսյան վերջին հանդիպման արդյունքում կնքվեցին մի շարք համաձայանգրեր, այդ թվում՝ մեկ խոշորամասշտաբը` ԵԱՏՄ և Չինաստանի միջև «Մետաքսի ճանապարհի» մասով համատեղ շինարարության մասով: Այս համաձայանգիրը հանգեցրել է ՌԴ-ում շինարարական ոլորտի զարգացման, ավելի կոնկրետ շինարարների մեծ պահանջարկի: Այդ ռեսուրսը ՌԴ, ըստ էության ունի, այդ թվում`ի հաշիվ Հայաստանից մեկնող աշխատողների: Համաձայնագրի իրականացման մեկնարկով այդ ռեսուրսն առավելապես օրինական դաշտ բերելու և այդ ծրագրին ուղղորդելու անհրաժեշտություն է առաջանում, ինչի հարցում կրկին օժանդակությունը պետք է գնա մեր կառավարության կողմից աշխատանքի միգրացիան օրենքի ուժով կարգավորելու և վերահսկելու տեսքով:

Վերոնշյալից միանգամից պարզ է դառնում երկու հարակից հարցերը` սահմանված տոկոսադրույքի չափն ու ռուսական կողմի շահագրգռությունը: Այս մասով հավելենք միայն, որ եթե միասնական շինարարական շուկայի ստեղծման գաղափարը ԵԱՏՄ երկրների կողմից կյանքի կոչվի, ապա հասկանալի է, որ առանցքային չափանիշի հիմքում պետք է ընկած լինեն ՌԴ-ում` ԵԱՏՄ հիմնադիր երկրում  գործող դրույքաչափերը[5], չնայած, որ մեր երկրում  շատ փորձագետներ այդ դրույքաչափը բացատրում են` որպես զարգացած երկրներում կիրառվող դրույքաչափի միջին ցուցանիշ:

Ամփոփելով, անդրադառնանք չարախոսությունների առիթ դարձած հարցին` թե ՀՀ Կառավարությունն ամեն տեղից փորձում է գումար հայթայթել: Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի 89 –րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Կառավարությունը՝ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով: Հետևաբար, պետբյուջեի համար գումար հայթայթելը ևս Կառավարության գործառույթների մասն է կազմում:

Եվ, ի վերջո, այսքան ժամանակ ՀՀ-ից դեպի Ռուսաստան աշխատուժի հսկայածավալ միգրացիան ոչ մի կերպ չի վերահսկվել և մեր երկրին դրանից օգուտն ամրագրվել է միայն տրանսֆերտերի տեսքով: Սա ԵԱՏՄ կողմից տրվող հիանալի առարկայական օգուտ է, օգուտ, որի ազգովի փնտրտուքների մեջ ենք եղել անդամագրման առաջին իսկ օրվանից:

 

 



[1] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ  «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=37466

[2] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ, Հոդված 10, 1.2 կետ:

[3] ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=37466

[4] http://riss.ru/smi/9423/

[5] ՌԴ-ում եկամտային հարկը կազմում է 13%:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: