ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ղազախստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն

Մայիսի 27-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված հայ-ղազախական հարաբերություններին, դրանց զարգացման հնարավորություններին և Աստանայի տնտեսական ֆորումին, որպես նման հնարավորություններ ընձեռող հարթակ:

Կոնֆերանսն անկացվել է «Ղազախստան-Հայաստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում՝ իրականացվող «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել են «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, Հայաստանում Ղազախստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Կանատ Հասենովը, ինչպես նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի պռոռեկտոր Արա Երեմյանը:

Կանատ Հասենովը նշել է, որ Հայաստանի ու Ղազախստանի դիրքորոշումներն արտաքին քաղաքական մի շարք հարցերում համընկնում են: Նա հատուկ ընդգծել է Ղազախստանում հայկական կապիտալով մանր և միջին ձեռնարկությունների թվի զգալի աճը: Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համատեքստում Հասենովը հիշեցրել է, որ մայիսին Հայաստան է այցելել ղազախստանցի գործարարների պատվիրակությունը, որի անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել իրենց հայ գործընկերների և պաշտոնյաների հետ, անցկացվել է հայ-ղազախական բիզնես ֆորում: Արդյունքում, կնքվել է համագործակցության 2 համաձայնագիր՝ դեղագործության և շինարարության ոլորտներում: Դեսպանի պաշտոնակատարն ընդգծել է, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ հայ-ղազախական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զեկույցներով հանդես են եկել Հայաստանում Ղազախստանի դեսպանատան առաջին քարտուղար Ասկեր Կիիկովը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական, վերլուծական հասարակական կազմակերպության  նախագահ Արամ Սաֆարյանը, տնտեսական գիտությունների դոկտոր Վիլեն Խաչատրյանը և արևելագետ Նաիրա Մկրտչյանը:

Զեկույցներն անդրադարձել են 2015թ. մայիսի 21-22-ին կայացած Աստանայի տնտեսական ֆորումին, որն անցել է «Ենթակառուցվածքները, որպես տնտեսության կայուն զարգացման խթան» թեմայի ներքո: Ինչպես նշել են զեկուցողները, ֆորումին ամեն տարի մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ երկրների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, ներդրողներ, գործարարներ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և երիտասարդ մասնագետներ:

Ինչպես նշել է Վիլեն Խաչատրյանը, Աստանայի տնտեսական 8-րդ ֆորումին քննարկվել են տնտեսության զարգացման խթանները, ենթակառուցվածքների հարցերը, անցկացվել են ներդրողների և ուրբանիստական ֆորումներ, ինչպես նաև քննարկվել է Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնման հարցը: «Նման ֆորումներին մասնակցությունը շատ արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս շփվել նոբելյան մրցանակակիրների, խոշորագույն տնտեսագետների և գործարարների հետ, նաև ստիմուլ է ծառայում երիտասարդ սերնդի համար»,- ասել է տնտեսագետը:

Նաիրա Մկրտչյանն ընդգծել է, որ ֆորումը հարթակ է ծառայում փորձի փոխանակման, գլոբալ խնդիրների համատեղ քննարկման, գործընկերային կապերի հաստատման համար: «Ւնչպես անցյալ տարի նշում էին ֆորումի մասնակիցները, այս հարթակում հաստատվում են այնպիսի կապեր, որոնք հետագայում հանգեցնում են խոշոր պայմանագրերի ստորագրման և համագործակցության լայն հնարավորություններ են ստեղծում»: Խոսելով 2015թ. ֆորումի թեմայի մասին՝ Նաիրա Մկրտչյանը հատկապես կարևորել է Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնման շուրջ քննարկումները, որի շնորհիվ Հայաստանը կարող է Ղազախստանի հետ կապող նոր ուղի ձեռք բերել:

Կոնֆերանսի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Ղազախստանի տնտեսության աճի տեմպերին և ուղիներին, ինչպես նաև հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Ինչպես նշել է Ասկեր Կիիկովը, Աստանայի տնտեսական 8-րդ ֆորումի ժամանակ կնքվել է 8 հուշագիր Ղազախստանի տնտեսության մեջ խոշոր ներդրումների վերաբերյալ: Մեծ ջանքեր են գործադրվում արդյունաբերության և առևտրի, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ինչը նպաստում է նոր աշխատատեղերի ձևավորմանն ու տնտեսության զարգացմանը: Կիիկովը հատուկ ընդգծել է կրթության մեջ ներդրումներ կատարելու կարևորությունը՝ նշելով, որ մարդկային կապիտալի մեջ կատարված ներդրումները շատ կարևոր են տնտեսության զարգացման համար:

Արամ Սաֆարյանն, իր հերթին, ընդգծել է Ղազախստանի տնտեսության աճի մեծ տեմպերը: Վերջինս ձգտում է մինչև 2050թ. մտնել աշխարհի ամենազարգացած 30 պետությունների ցանկի մեջ: Սաֆարյանը նշել է Հայաստանի և Ղազախստանի տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, և, հատկապես, այսօրվա դրությամբ աշխատանքաին ակտիվ միգրացիան: «Հայ աշխատանքային միգրանտների թիվը Ղազախստանում աստիճանաբար աճելու է՝ տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ»,-ասել է Սաֆարյանը:

Կոնֆերանսի մասնակիցները նշել  են, որ Հայաստանն ու Ղազախստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և դրա օգտագործման համար աստիճանաբար ստեղծվում են նպաստավոր պայմանները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: