ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական հարցը՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում

Գերմանիայում օրերս տեղի ունեցած G7 գագաթաժողովի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների, Իսլամական պետության դեմ պայքարի, Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից հեռանալու հնարավորության և այլն, քննարկվեց նաև արդեն բազմիցս արծարծված «հունական հարցը», որը տարիներ շարունակ, ըստ մասնագետների, որևէ լուրջ առաջընթաց չի ապրում և, այսպես ասած, «տեղում է դոփում»:

Բանն այն է, որ Հունաստանն արդեն 5 տարի շարունակ, և հատկապես վերջին երկու տարում խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում, և տևական ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում թե՛ Եվրոպական միության , թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկավորման ծրագրերի շուրջ, ինչը կփրկի երկիրը վերջնական սնանկացումից  և Եվրագոտին լքելու հեռանկարից: Չնայած որ մի շարք փորձագետներ չեն բացառում նաև Հունաստանի՝ ընդհանրապես ԵՄ կազմից առաջիկայում դուրս գալու՝ GREXIT-ի հավանականությունը:

Ինչևէ, այս տարվա «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի կազմակերպիչը՝  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է իր գործընկերներին ավելի «ներողամիտ» գտնվել Հունաստանի հանդեպ, իսկ վերջինիս էլ շտապեցրել է որքան հնարավոր է արագ ի կատար ածել խոստացած բարեփոխումները:

«Հունաստանը պետք է բարդ ընտրություն կատարի և բարեփոխումների հանդեպ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի», - իր հերթին նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթաժողովին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հունաստանն արդեն իսկ իր պարտատերերից 240 միլիարդ եվրոյի չափով գումար է ստացել այս ողջ ընթացքում, և դեռ 7.2 միլիարդ եվրո էլ պատրաստվում է ստանալ մինչ հունիսի 30-ը:

«Հնարավորություն կա հունիսի 30-ից հետո էլ երկարաձգել ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը։ Սակայն ծրագրի երկարացման հարցը չի լուծի մեր իրական տնտեսական խնդիրները: Ավելի լավ կլինի, եթե պարբերաբար վերջնաժամկետներ դնելու փոխարեն՝ փորձենք կենտրոնանալ բովանդակային հարցերի շուրջ», - հայտնել է հունական կառավարությունը:

Սակայն, ինչպես և սպասվում էր, հունական խնդրի շուրջ «Մեծ յոթնյակի» առաջնորդները որևէ նոր էական հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկան: Նրանք պարզապես հերթական անգամ շեշտեցին, որ Աթենքը հետագայում ևս ֆինանսական օգնություն ստանալու համար պետք է ներկայացնի բարեփոխումների նոր ծրագիր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: