ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական հարցը կարծես թե գտավ իր լուծումը

Հունական հարցի շուրջ Եվրոպական միության առաջնորդների կիրակնօրյա գագաթաժողովն աննախադեպ է եղել: Այն տևել է ավելի քան 17 ժամ, և ավարտվել է այսօր լուսաբացին միայն:

Երկար ու հոգնեցուցիչ բանակցություններից հետո ի վերջո կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ և համաձայնագիր կնքել:

«Մենք Հունաստանին հնարավորություն տվեցինք հետ վերադառնալ իր եվրոպական ընտանիքին, չնայած որոշ խիստ պահանջներ են դրվել երկրի առջև», - հայտարարել է հանդիպումից հետո ամբողջովին հյուծված Դոնալդ Տուսկը՝ Եվրոպական խորհրդի նախագահը, հաղորդում է Reuters տեղեկատվական գործակալությունը:

Իսկ խստություն ցուցաբերել ստիպել էր Հունաստանի հանդեպ ավելի կոշտ քաղաքականության կողմնակից Գերմանիան, ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի, ով նշել էր, որ պետք է նախևառաջ վերականգնել վստահությունն անկանխատեսելի հունական կառավարության հանդեպ, և եթե Հունաստանն  այս անգամ գոնե լիարժեք կատարի իր առջև դրված պահանջները, այն կկարողանա վերադառնալ ճիշտ ճանապարհին:

Իսկ Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները շատ ավելի մեղմ մոտեցման կողմնակից էին, և ամեն կերպ փորձում էին օգնած լինել Հունաստանին՝ ճնշում գործադրելով Մերկելի վրա, որ վերջինս ավելի զիջող ու ներողամիտ գտնվի:

«Ես շատ էի ուզում, որ մենք վերջապես համաձայնության գայինք: Հունաստանը կմնա եվրագոտում: Դա Եվրոպայի հաղթանակն է», - մասնավորապես նշել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ըստ նախնական համաձայնագրի, ինչպես նշում է հունական Tovima կայքը, Հունաստանը կրկին անգամ ֆինանսական աջակցություն պետք է ստանա ԵՄ-ից՝ կարճաժամկետ՝ 7 միլիարդ եվրո մինչ հուլիսի 20-ը, և ևս 5 միլիարդը օգոստոսի կեսերին:

«Մոտակա երեք տարվա կտրվածքով մենք ընդհանուր առմամբ 35 միլիարդ եվրո պետք է ստանանք, որը կօգնի մեզ անհրաժեշտ բարեփոխումները կատարել երկրում: Բացի այդ, հաջողվեց հասնել արտաքին պարտքի թեթևացմանը, ինչը թույլ կտա մեզ վերջապես ոտքի կանգնել», - նշել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ավելացնելով, որ վեց ամսվա դժվարին պայքարից հետո իրենք հասան այն լավագույն համաձայնագրին, որ հնարավոր էր կնքել, և չնայած սկզբնական շրջանում հույների համար բարդ է լինելու նոր պայմաններին հարմարվելը,  ամեն դեպքում Ցիպրասն անձամբ կհոգա, որ սոցիալական բեռը հավասար և արդար կերպով բաշխվի ժողովրդի մեջ, մինչև որ շատ շուտով իրենք ֆինանսական կայունության հասնեն և ապաքինվեն:

«Մենք դուրս կգանք ճգնաժամից ու հետ կնվաճենք մեր ազգային ինքնիշխանությունը», - եզրափակել է իր խոսքը ոգևորված Ցիպրասը, ով ակնհայտ լավատեսորեն է տրամադրված և դրական հեռանկարներ է տեսնում Հունաստանի համար:

Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ամփոփելով նշել է, որ չնայած համաձայնության գալը խիստ աշխատատար էր, արդյունքն արժեր այդ տանջանքին, և փաստն այն է, որ Հունաստանը չի լքում իրենց շարքերը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: