ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական «ան»հավասարության նշանը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցի շուրջ առաջացած քննարկումները ևս մեկ անգամ ջրի երես հանեցին մեր տարածաշրջանի հանդեպ վարած ԵՄ քաղաքականության որոշ ելևէջներ։ Հնչած հայտարարություններում, ըստ էության, ոչինչ այնքան էլ նոր չէր։

Եթե Երևանում Տուսկը հիմնական շեշտադրումն արեց բարեփոխումները շարունակելու և ԵՄ-ի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը շարունակելու վրա, ապա Բաքվում շեշտադրվեց Ադրբեջանի կարևորությունը ԵՄ էներգետիկ անվտանգության, գազի մատակարարման այլընտրանքային ուղիների ամրապնդման հարցերի վրա։ Սա թերևս այն մոդելն է, որով ԵՄ տարիներ շարունակ հարաբերվում է մեր տարածաշրջանի հետ, և որի շնորհիվ Ադրբեջանին դեռևս պահում են Արևելյան գործընկերության ձևաչափում։ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ մարդու իրավունքների խախտումների և բռանճնշումների վերաբերյալ  թեթև ակնարկն էլ տուրք էր արդարությանը։

Թերևս այս համատեքստում այնքան էլ զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանի կոչը՝ հավասարության նշան չդնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև և ուղղորդված կոչեր անել հրադադարի ռեժիմը խախտողի և ռազմատենչ հռետորաբանություն օգտագործողի նկատմամբ, մնացին չկատարված։ Դեռ ավելին, Ալիևի հորդորով, Դոնալդ Տուսկը ևս մեկ անգամ իր խոսքում շեշտադրեց, որ ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու չի ճանաչում ԼՂՀ-ն։

Ի՞նչ արդյունք է ակնկալում ԵՄ-ն և միջազգային հանրությունը հակամարտության կարգավորման գործընթացից այս դեպքում, և արդյո՞ք չի տեսնում իր մեղավորության բաժինը ղարաբաղա-ադրբեջանականա և հայ-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցող սրացումների և զոհերի թվի աճի մեջ։ Առաջնորդվելով սեփական էներգետիկ շահերով՝ ԵՄ-ն էլ ավելի է նպաստում ադրբեջանական շանտաժի քաղաքականության ամրապնդմանը։ Ի դեպ, այս շանտաժն արդեն կիրառվում է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև նույն Եվրոպայի հանդեպ, ինչի վառ ապացույցն էր Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը։

Հակամարտության խաղաղ կարգավորման, փոխզիջումների անհրաժեշտության անորոշ բարձրաձայնումով ԵՄ-ն երբևէ չի կարող նպաստ բերել տարածաշրջանում կայունության ապահովմանն, ինչն առաջին հերթին բխում է հենց իր շահերից։

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդի նախագահի այցի արդյունքներին՝ ի դեմս ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների խորացմանը, ապա ամրագրվեց բոլոր, այդ թվում՝ տնտեսական ոլորտում համագործակցության խորացման կարևորումը։ Տուսկն ընդգծեց, որ այս տարի վճռորոշ է մեր հարաբերությունների համար, ինչը ցույց է տալիս, որ մոտակա ամիսների ընթացքում ականատես կլինենք մանդատի հաստատմանը և ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկին, ինչպես նաև առաջաընթացի անցագրային ռեժիմի ազատականացման գործընթացում։  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: