ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խրախուսելով Ադրբեջանին՝ միջազգային հանրությունը կորցնում է հայկական կողմերից զիջումներ ակնկալելու բարոյական իրավունքը

Ինչպես և ակնկալվում էր, Եվրոպական օլիմպիական խաղերից հետո կրկին սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին: Նախորդ հանգստյան օրերին միայն  հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 320 դեպք է գրանցվել:  Սահմաններին արկերի ու ականների պայթյունները չլռեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում, գրանցվեցին նույնիսկ զոհեր ու վիրավորներ: 

 Եվ այս ամենի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ գոհունակություն էր հայտնում այն փաստի առիթով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ մինչև տարեվերջ նրանց հանդիպումը կազմակերպելու շուրջ:  Դժվար է ասել` մինչև այդ հանդիպումը դեռ հրադադարի քանի խախտում կգրանցվի, քանի կյանք կխլեն դրանք: Դժվար է նույնիսկ ասել՝ կկայանա արդյո՞ք հանդիպումը:

Այն, որ լավատեսության հիմքերը չափազանց քիչ են, խոստովանում են նաև իրենք` միջնորդները: Պատահական չէ, որ այցի ընթացքում համանախագահները բազմիցս նշեցին, որ իրենց նպատակն այժմ ոչ թե կարգավորման դետալները քննարկելն է, այլ կողմերի միջև վստահության վերականգնմանը նպաստելը: Դժվար է նույնիսկ հուսալ, որ նախագահների հանդիպումը կկանխի սահմաններին իրավիճակի հետագա սրացումները: Մեկ անգամ չէ, որ  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որի ընթացքում նրանք «խաղաղ գործընթացը շարունակելու հանձնառություն են ստանձնել» հետևել են բազմաթիվ զինծառայողների և խաղաղ բնակիչների կյանքեր խլող ադրբեջանական նախահարձակ գործողությունները սահմաններին: Ինչու՞ ... Պատասխանը չափազանց պարզ է. Ադրբեջանը շարունակում է իր զինանոցում պահել և գնալով ավելի ու ավելի հաճախ կիրառել հակամարտությունն ուժով և ուժի սպառնալիքով «կարգավորելու» իր կողմից իրեն վերապահված իրավունքը: Երկրի ղեկավարի մակարդակով խոստոնալով շարունակել բանակցությունները` ադրբեջանական կողմը չի խորշում հեշտությամբ դրժել այդ խոստումը` շանտաժի ենթարկելով ինչպես հայկական կողմերին, այնպես էլ միջնորդներին, երբ բանակցային սեղանին առկա իրավիճակը չի բավարարում իր ակնկալիքները:  Իսկ թե որն է Բաքվի ակնկալիքը, թերևս մանրամասնելու կարիք չկա. Կազանյան հանդիպումից ի վեր Ադրբեջանը գործի է դնում բոլոր միջոցները փոխզիջումային կարգավորման ցանկացած հնարավորություն տապալելու նպատակով:  

Ցավոք, 2011-ից ի վեր շատ են փոխվել և չափազանց կոշտացել կարգավորումը տապալելու ադրբեջանական կողմի միջոցները: Եթե տարիներ առաջ հակառակորդն առավելապես ապավինում էր դիվանագիտական հնարքներին, օրինակ՝ առաջարկելով շրջանցել կարգավորման սկզբունքների համաձայնեցման փուլը և անցնել մեծ պայմանագրի շուրջ բանակցությունների, որոնք իհարկե ուղեկցվում էին սադրանքներով  սահմաններին, ապա այսօր Ադրբեջանը չի կաշկանդվում դիմել բացահայտ շանտաժի՝ ի դեմս ուժի ինտենսիվ կիրառման: Համանախագահների այցի ընթացքում սրելով իրվիճակը ՀՀ և ԼՂՀ հետ սահմաններին՝ Ադրբեջանն ի դեմս Մամեդյարովի հանդգնեց հայտարարել, թե որպես փոխզիջում իրենք պատրաստ են «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»՝ ավելացնելով, թե Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ զինծառայողները պետք է հետ քաշվեն, տեղահանվածները պետք է վերադառնան, ճանապարհները բացվեն և հետո միայն վերականգնվեն հարաբերությունները: Փաստորեն երկրի թիվ մեկ դիվանագետը նույնիսկ չի էլ փորձում քողարկել այն, որ իրենք խնդրի համապարփակ կարգավորում կամ որևէ զիջման հնարավորություն չեն էլ դիտարկում:

Ադրբեջանի գործելաոճն ու վարքագիծը թերևս պարզ են, իսկ ինչի՞ են ձգտում միջնորդները: Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ուորլիքի այցը տարածաշրջան և Մոսկվա համընկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման հետ: Այժմ, երբ ԻԻՀ հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և առաջիկայում ակնկալվում է վերջինիս էներգետիկ ռեսուրսների նկատմամբ միջազգային էմբարգոյի աստիճանական վերացում, Արևմուտքի համար առավել քան կարևորվում են մեր տարածաշրջանում կայունությունն ու էներգետիկ ուղիների անվտանգությունը: Հասկանալի է՝ կայունությունը կարող է և չենթադրել կարգավորում, էական է, թե ում ձեռքում են վերահսկողության լծակները:

Այցի ընթացքում "Ведомости" պարբերականին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահողն ուշագրավ հայտարարություն էր արել. «Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների կողմից, ապա այժմ, գիտենք, որ առավել խոշոր սառազինություններ են կիրառվում: Մեզ դա մտահոգում է, մեզ նաև մտահոգում է սպառազինությունների հավասարակշռության հարցը: ... Մենք չենք ուզում, որ ռազմական առավելությունը կողմերից որևէ մեկին դրդի կիրառել այդ առավելությունը: Նաև այս պատճառով Հայաստանը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին»: Նշենք, որ Ադրբեջանի կողմից զինված գործողությունների վերսկսման վտանգը հաճախ է շեշտադրվում ամերիկացի համանախագահողի ելույթներում: Սակայն հարցազրույցի ընթացքում Ուրլիքը բացահայտում է ամերիկյան կողմի մեկ այլ մտավախություն ևս: Այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության համատեքստում  հնարավոր է 2008-ի հնգօրյա պատերազմի սցենարի կրկնություն, Ուորլիքը պատասխանում է. «Դա այն է, ինչից մենք վախենում ենք. հակամարտության սրացում, որը միջազգային հանրությանը նոր լուրջ մարտահրավերի առջև կկանգնեցնի»:  

Ստացվում է՝ ուժի «չափավոր» կիրառումը բանակցային գործընթացում առավելություն ստանալու նպատակով համանախագահների համար սկզբունքորեն անընդունելի չէ: Անընդունելի կարող է համարվել միայն  ուժերի հավասարակշռության խախտումը՝ հօգուտ տարածաշրջանային դերակատարներից որևէ մեկի:  

Հետաքրքիր է՝ երբևէ միջնորդները կանգնել են հարցադրման առջև, թե ինչն է Ադրբեջանին հնարավորություն տվել նման բացահայտ ապակառուցողական կեցվածք որդեգրել: Արդյո՞ք ուժային կենտրոնները չեն զգում պատասխանատվության իրենց բաժինը Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության համար թե՛ այդ երկրի ներսում, թե՛ սահմաններին:

Եվ նման իրավիճակում, երբ միջնորդական առաքելություն իրականացնող երկրներն իրենց  քաղաքականությամբ ոչ միայն Ադրբեջանին չեն զրկում ուժի կիրառումը որպես գործիք բանեցնելու հնարավորությունից, այլև, իրենց անգործությամբ անուղղակորեն խրախուսում են դրա կիրառումը, հարց է առաջանում՝ ի՞նչը պետք է այլևս հայկական կողմերին ստիպի դրսևորել ավելորդ «կառուցողականություն», այն էլ ի հաշիվ սեփական անվտանգության: Հակառակորդի հետ «շփման» փորձն ապացուցում է, որ բարի կամքի կամ կառուցողականության ցանկացած դրսևորում միայն գրգռում է նրա ախորժակը՝ դրդելով հավակնել ավելիին:  Միջնորդները կամ նրանց շարքերում որոշ ուժեր իրենց կեցվածքով փաստորեն զրկվում են հայկական երկու  պետություններից կառուցողականություն կամ որևէ զիջում ակնկալելու  բարոյական իրավունքից:

Ուստի եթե միջազգային հանրությունն ու ուժային կենտրոններն իսկապես շահագրգիռ են տարածաշրջանում կայունության և առնվազն հարաբերական խաղաղության պահպանմամբ, թերևս պետք է վերանայեն սեփական մոտեցումներն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ:  Դժվար է խոսել հակառակորդ կողմերի միջև փոխադարձ վստահության վերականգնման հնարավորության կամ անվտանգության որևէ երաշխիքի մասին, երբ հակամարտող կողմերից մեկն իրեն զգում է լիակատար անպատժելիության մթնոլորտում...  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: