ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ վարչական շրջաններից մեկն է, որն ընդգրկում է երկրի կենտրոնական մասը։

Տարածքը և բնակչությունը

Ասկերանի շրջանը հյուսիսում և հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Մարտակերտի շրջանին, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին: Հարավային սահմանները հասնում են մինչև Մարտունու և Հադրութի շրջաններ, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Մարտունու շրջանին: Հյուսիս-արևելքով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Շրջանը զբաղեցնում է 1222 քառ. կմ տարածք: Շրջանն ունի խառը ռելիեֆ. հարավ – արևմուտքում՝ լեռնային, հյուսիս-արևելքում՝ հարթավայրային: Շրջանով հոսում են Կարկառ, Բադարա (Պատարա) և Քոլատակ գետերը: Պատմական աղբյուրների համաձայն՝ վաղ անցյալում շրջանի տարածքի մի մասը` Կարկառի աջափնյա հատվածը, մտնում էր Արցախի Վարանդա գավառի մեջ, ձախափնյակը` Խաչենի:

2013 թվականի տվյալների համաձայն՝ շրջանի բնակչությունը կազմում է  18.251 մարդ:

Վարչական բաժանում

Ասկերանի շրջանում կա 45 բնակավայր, որոնցից 42-ն ունեն համայնքի կարգավիճակ:

Ասկերանի շրջանի միակ քաղաքը շրջկենտրոնն է՝ Ասկերան քաղաքը, որը տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 14կմ հեռավորության վրա: Ասկերան քաղաքը հիմնվել է 1920ականներին, հին ռազմական բերդի տեղում, դրա համար էլ ստացել է այդ անվանումը, որը բառացիորեն նշանակում է «զորանոց»: 1967թ. -ից սկսած Ասկերանը քաղաքատիպ ավան է: Բնակչությունը կազմում է 2.1 հազ. մարդ (2008թ.):

Ասկերանի ամրոցը կառուցվել են միջնադարում: XVIII դարում այն ենթարկվել է վերակառուցման և ստացել է ներկայիս տեսքը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, երկար ժամանակ ռուսական զորքերի համար ծառայել է որպես ռազմաբազա: Ղարաբաղի այս ամրոցը մեծ պաշտպանական դեր է խաղացել  1905-06թթ.-ին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ թաթար ջարդարարներից, և  1918-20թթ.–ին՝ թուրք զավթիչներից: Պաշտպանական կառույցը ձգվում է ավելի քան 1.5կմ երկարությամբ՝ Կարկառ գետի երկու կողմերով: 

Տնտեսություն

Ասկերանի շրջանի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և վերջինիս հետ կապված արտադրություններով: Այսպես, գյուղատնտեսության զարգացած ճյուղերն են հացահատիկի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը և անասնաբուծությունը: Տնտեսության զարգացած ճյուղերից են նաև գինեգործությունը, պահածոների արտադրությունը, փայտամշակումը, ծխախոտի հումքի մշակումը, խճի և ավազի արտադրությունը:

Տեսարժան վայրեր

Ասկերանի շրջանի տարածքում պահպանվել են մի շարք պատմաճարտարապետական կոթողներ, որոնց շարքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ասկերանի ամրոցը (XVIII դար), Վարանդայի Շահնազարյան մելիքների նախկին նստավայր Ավետարանոց գյուղի հուշարձանը, Բովուրխանավանքը, Պտկեսի Սուրբ Գևորգ եկեղեցին, Սարուշենի Փիրումաշեն եկեղեցին, Ծաղկաշատ գյուղում գտնվող XIX դարի վերջի և XX սկզբներին մղված հայ ազատագրական պայքարի հայտնի գործիչ Նիկոլ Դումանի տուն թանգարանը, Բադարայի (Պատարա)  գետի ավազանի հուշակոթողները, Այգեստանի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրը: Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը, որը հիմնվել է 2008 թվականին Տիգրանակերտ հնավայրի և Խաչենագետի ստորին հովտի ամբողջական պատմամշակութային ու բնական համալիրի նյութական և հոգեւոր արժեքներն իրենց պատմական, մշակութային եւ բնական միջավայրում պահպանելու նպատակով:

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում կարելի է տեսնել քաղաքացիական ճարտարապետության հիանալի նմուշների հետքեր: Նախ և առաջ, դրանք, Շահնազարյանների երեք մելիքական ապարանքներն են: Հարավային մասում գտնվում է Բագի մելիքի պալատը, որն ունի մի քանի գլխատներ: Այդ սենյակները բավականին լավ են պահպանվել, ինչը տեղեկություններ է տալիս այն ժամանակվա կենցաղի մասին: Գյուղի արևմտյան մասում, մեծ ժայռին հարակից, գտնվում է մելիքական երկրորդ պալատը: Նրանից հյուսիս գտնվում է մելիք Շահնազարի պալատը, որը ունի մի քանի գլխատներ և կամարակապ սենյակներ: Բոլոր այս պալատները կառուցվել են XVIII դարում, բայց նրանց բարվոք վիճակը բավականին մեծ քանակությամբ տեղեկություններ է հաղորդում այդ դարաշրջանի ղարաբաղյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին:  

Սուրբ Գևորգի վանքը, որը հայտնի է նաև վանքի մոտ գտնվող Ուլուբաբ գյուղի անունով, կառուցվել է Շահնշահ Աշոտ թագավորի որդու կողմից՝ հայկական տոմարով 712թ.-ին (1263թ.), բայց տարբեր ժամանակաշրջաններում բազմիցս վերակառուցվել է: Վանքի բակում կանգնեցրած է հատուկ գերեզմանաքար, որի կենտրոնում փորված է անցք: Ավանդության համաձայն, հիվանդները և տառապողները երեք անգամ անցնում էին նրա միջով, որպեսզի ազատվեին հիվանդություններից: Քարի այդ հրաշագործ ազդեցության շնորհիվ,  վանքը նաև հանդիսացել է խոշորագույն ուխտագնացության կենտրոն, ոչ միայն միջնադարում և XIX դարում, այլև նույնիսկ խորհրդային տարիներին:

Փիրումաշեն եկեղեցին հետաքրքրական է այն առումով, որ նրա շինարարության ժամանակ պատերի մեջ  որմնաշարվել են նախաքրիստոնեական՝ հեթանոսական ժամանակներից մնացած մեհյանների գերեզմանաքարեր: Եկեղեցուն հարակից գտնվում է գերեզմանոց՝ միջնադարին պատկանող մեծ քանակությամբ գերզմանաքարերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմաբանների համար:

Ասկերանի շրջանում է գտնվում նաև բազմաթիվ անեկդոտների հերոսի, հնարամիտ և սրամիտ Պըլը Պուղու՝ մելիք Շահնազարի (XVIIIդ.) ծաղրածուի գերեզմանը: Նրա հայրենի Շոշ գյուղի բնակիչները մեծ սիրով կպատմեն Ձեզ բազմաթիվ ծիծաղելի պատմություններ՝ կապված իրենց ճանաչված հողակցի հետ:

Ասկերանի շրջանում է գտնվում նաև Աստղաշեն գյուղը, որտեղ ժայռից աստղիկների տեսքով քարեր են թափվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: