ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Մարտունի

Մարտունու շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը: Շրջանը կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի արևելյան հատվածը ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 

Տարածքը և բնակչությունը

Մարտունու շրջանը հյուսիս-արևմուտքում և արևմուտքում սահմանակից է Ասկերանի, իսկ հարավում՝ Հադրութի շրջաններին։ Մարտունու արևելքով և հյուսիս-արևելքով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը։ Շրջանի մակերեսը կազմում է 951 քառ. կմ: Շրջանի արևմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։ Մարտունու տարածքով է հոսում Վարանդա գետը՝ Ամարաս վտակով:

2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ շրջանում ապրում է 23 200 մարդ:

Կլիմիա 

Շրջանի հարթավայրային մասում՝ հատկապես Մարտունի քաղաքում, Գևորգավանի, Աղբուռանի, Կուրապատիկնոյի, Ալաբալու հատվածներում կլիմայական պայմանները չոր մերձարևադարձային են, մթնոլորտային տեղումները սակավ, ձյան կայուն շերտ համարյա չի լինում։

Վարչատարածքային բաժանումներ

Մարտունու շրջանն ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար, Ղուզե Ճարտար, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Մոս գյուղերը։ Շրջկենտրոնը Մարտունի քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 45 կմ հեռավորության վրա։ Մարտունի քաղաքի բնակչությունը կազմում է 4695 մարդ։  

Բնական պաշարներ

Մարտունու ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, գրանիտի, մարմարի և կավի պաշարներով: Մարմարի պաշարներով հարուստ է Նորշեն, գրանիտի պաշարներով՝ Ննգի, կավի պաշարներով՝ Ննգի ու Ղավախան գյուղերի շրջակայքը։

 Տնտեսություն 

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հացահատիկային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնաբուծությունը։ Հանրապետության հացահատիկային մշակաբույսերի 24.2%-ը, խաղողի ընդհանուր բերքի 58.9%-ն արտադրվում է Մարտունիի շրջանում։ 2002 թվականից գործում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան (ՍՊԸ)։ 

Տեսարժան վայրեր

Մարտունու շրջանում պահպանվել են հնության բազմաթիվ հուշարձաններ, որոնցից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ամարաս  (IV-XVII դդ) և Բռ Եղցի վանքերը, Կուսաբերդ-Աղջկաբերդ ամրոցը, զոհված զինվորների հուշարձանը Բերդաշենում։ Մարտունու շրջանի հետաքրքիր  տեսարժան վայրերից է նաև հսկա ծառը՝ Սխտորաշեն գյուղի հնագույն սոսին, որի տարիքը գիտնականների կարծիքով ավելի քան երկու հազար տարի է։ 

Միջնադարյան Հայաստանի հայտնի մշակութային ու կրոնական կենտրոն հանդիսացող Ամարասի վանքը գտնվում է պատմական Արցախի Մյուս Աբանդ գավառում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ Ամարաս վանքի եկեղեցին հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից IV դարի սկզբին։ Ամարասն առավել հայտնի է դարձել IV դարի կեսերին, երբ այստեղ թաղվել է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը:

V դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ամարասում բացեց Արցախի առաջին դպրոցը, ինչը մեծապես նպաստեց Արցախ-Ուտիքում քրիստոնեական հավատքի տարածմանը։ Նույն հարյուրամյակի վերջին՝ 489 թվականին, Առանշահիկ արքա Վաչագան 3-րդը (Բարեպաշտ) գտնում է Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանը, նրա վրա կառուցում է մատուռ և վերականգնում Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված եկեղեցին։ Հետագայում բազմաթիվ վերակառուցումների հետևանքով անմիջապես մատուռ-դամբարանի վրա կառուցվել է եկեղեցի։

Արդեն հինգերորդ դարում Ամարասը դառնում է Հայաստանի խոշորագույն կրոնական կենտրոններից մեկը։  Արևելյան Հայաստանը Ռուսաստանին վերամիավորվելուց հետո,  XIX դարի երկրորդ կեսին Ամարասի վանական համալիրը, որը ուներ բավականին ամուր պաշտպանական կառույցներ, օգտագործվում էր որպես սահմանային ամրոց, իսկ 1832-1844 թթ.՝ որպես ռուս–պարսկական մաքսակետ։

Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի տարածքում է գտնվում նաև ԼՂՀ-ում  կառուցված ամենաբարձր հուշարձանը: Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված հուշարձանը կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասունամյակին: Հուշարձանն իրենից ներկայացնում է ալյումինից ձուլված՝  ձեռքին դափնու ճյուղ բռնած կնոջ արձան: Նրա բարձրությունը 32 մետր է: Այստեղ  է գտնվում պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ կա  Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու:

Ստեփանակերտից երեսունյոթ կիլոմետր դեպի հյուսիս՝ Սխտորաշեն գյուղի մոտ վեր է խոյանում մի հսկա սոսի, որին անձնագիր է տրվել՝ որպես նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին ու բարձր ծառը: Ծառի փչակն ունի 44 քառ.մ մակերես, որտեղ 100 ավելի մարդ կարող է հանգիստ կանգնել: Շառավիղը 27 մետր է, ծառի բարձրությունը 54 մետր է, ծառի ձգած ստվերը հավասար է 1400 քառ.մ:  Համաձայն ավանդազրույցներին՝ այս ծառի տակ են հանգստացել հայոց գրերի հեղինակ Մ. Մաշտոցը, հայտնի  աշուղ երգիչ Սայաթ-Նովան: Սոսու շրջակայքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ: Նրանցից ամենատեսարժանը վաղ միջնադարյան բազիլիկն ու հին գերեզմանոցի մնացորդներն են՝ բազմաթիվ հիասքանչ խաչքարերով:  

Ավելացնենք, որ Մարտունու շրջանը հայտնի է նաև իր գինիներով: Այն նույնիսկ անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի, որը հայտնի է ողջ Արցախում ու նրա սահմաններից դուրս։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: