ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ձախողվել է

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ստարոգնատովկա գյուղի մերձակա կարևոր բարձրունքների գրավման մասին: Ուկրաինական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ զինված բախումները հրահրել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության զորքերը: Սակայն ԴԺՀ-ն հերքում է այս տեղեկությունները՝ իր հերթին Կիևին մեղադրելով Մինսկի պայմանավորվածությունների խախտման մեջ: «Կիևը մեզ մեղադրում է հարձակում սկսելու մեջ, մինչդեռ ինքը հայտարարում է ռազմավարական բարձունք գրավելու մասին»,- ընդգծում է ԴԺՀ ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերը նախօրեին երկարատև կրակահերթերի են ենթարկել Գորլովկան և Բելոկամենկան:

Ուկրաինայի արևելքում լարվածության մեծացման մասին վկայում է նաև օգոստոսի 9-ին Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդական առաքելության չորս զրահապատ մեքենաների հրկիզումը և ևս 6-ի վնասումը: Ինչպես և կարելի էր ակնկալել, հակամարտության կողմերը սկսել են հնչեցնել փոխադարձ մեղադրանքներ: Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպը կազմակերպվել է ուկրաինական հատուկ ուժերի կողմից՝ իրավիճակն ապակայունացնելու և ԴԺՀ-ին Մինսկի պայմանավորվածությունների չկատարման մեջ մեղադրելու նպատակով:

Կիևն իր հերթին նշում է, որ միջադեպը կազմակերպվել է Դոնբասի իշխանությունների կողմից և արտացոլում է տարածաշրջանից միջազգային դիտորդական առաքելությունները հեռացնելու Ռուսաստանի ցանկությունը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ միջադեպի նախօրեին ԵԱՀԿ դիտորդական առաքելության նստավայրի մոտ Դոնեցկի բնակչությունը բողոքի ակցիա էր կազմակերպել:

Բավական հետաքրքիր է նաև շրջանառվող մեկ այլ տարբերակ, որի համաձայն՝ հրկիզումը իրականացվել է հենց ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից՝ իրենց որպես իրավիճակի զոհ ներկայացնելու համար: Նման վարկածի կողմնակիցները որպես փաստարկ նշում են, որ դիտորդական առաքելության ձախողումն ակնհայտ է, քանի որ վերջինիս չի հաջողվել էականորեն կայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելքում կամ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Չնայած հնչող մեղադրանքներին, մեկ բան ակնհայտ է՝ լարվածությունն աճում է: Լարվածության հետ մեկտեղ աճում է նաև զինված բախումների վերսկսման հավանականությունը: Օրինակ՝ միայն օգոստոսի 9-ին հրադադարի ռեժիմը խախտվել է 127 անգամ: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ միջազգային կառույցները և հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված երկրները պետք է փորձեն առավել արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ ուկրաինական հակամարտության հաղթահարման համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: