ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձավոր Արևելքում ջուրը նավթից էլ թանկ է

Մերձավոր Արևելքի երկրները 25 տարի անց ջրային լուրջ ճգնաժամի առջև են կանգնելու։ Նման հայտարարություն են արել Ջրային ռեսուրսների կառավարման միջազգային ինստիտուտի մասնագետները։ Ինչպես գրում է Gismeteo-ն, խմելու ջրի հետ կապված ամենալուրջ խնդիրներն ունենալու են Պարսից ծոցի հարուստ 6 միապետությունները` Օմանը, Քուվեյթը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան։ Խմելու ջրի պակաս են զգալու նաև Իսրայելն ու Պաղեստինը։

Մասնագետները նաև հաշվարկել են տարբեր երկրների ջրային ռեսուրսները և ուսումնասիրել են դրանց օգտագործման ռազմավարությունը։ Պարզվել է, որ Մերձավոր Արևելքը բավական անպատասխանատու կերպով է սպառում ջրային ռեսուրսները։ Գիտնականները կարծում են, որ ստորգետնյա ջրերի նման օգտագործումն ապագայում կարող է պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ Ջրի բացակայության պայմաններում մերձավորարևելյան երկրները չեն կարողանա գյուղատնտեսական մթերքներ աճեցնել։ Արդյունքում ակնկալվում է, որ խմելու ջրի պատճառով Մերձավոր Արևելքում, որտեղ տևական հակամարտություններն առանց այն էլ չեն դադարում, կարող են պատերազմական նոր օջախներ առաջանալ։

Նշենք, որ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտներիի հրապարակած զեկույցները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում ամենաթանկ հեղուկը ոչ թե նավթն է, այլ հենց ջուրը: Հայտնի է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանին, որը համարվում է աշխարհի ամենաբնակեցված տարածաշրջաններից մեկը, բաժին է ընկնում մոլորակի քաղցրահամ ջրի շուրջ մեկ տոկոսը: Սա ջրային ռեսուրսների տեսանյունից ամենաղքատ տարածաշրջանն է: Մերձավոր Արևելքում ջրի հիմնախնդիրը պայմանավորված է ոչ միայն ջրային ռեսուրսների սակավությամբ, այլ նաև տնտեսական, քաղաքական և իրավական բազմաթիվ դժվարություններով: Իրավիճակն ավելի է բարդանում տարածաշրջանային հարատև հակամարտությունների առկայության և շարունակվող արտաքին միջամտությունների պայմաններում:

Մերձավոր Արևելքում ջրի շուրջ հակասությունները միջպետական հարաբերությունների առարկա դարձան Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ տարածաշրջանում ի հայտ եկան նոր պետություններ՝ աստիճանաբար սկսելով ջրային ծրագրեր իրականացնել: Լրջագույն հակասություններ կան Եփրատ-Տիգրիսի, Հորդանանի և Նեղոսի գետավազանների շուրջ:

Եփրատ-Տիգրիսի գետավազանում ջրաբաժանման շուրջ պետությունների միջև հակասությունների հիմնական պատճառն այն է, որ մինչ օրս քաղաքական բազում տարաձայնութունների պատճառով չի հաջողվում համապարփակ համաձայնագիր ստորագրել Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև: Այս գետավազանի ներքին հոսքի երկրները՝ Սիրիան և Իրաքը, մեծապես կախված են վերին հոսքի երկրի՝ Թուրքիայի գործողություններից: Իսկ Հորդանան գետի ջրերի բաժանման հարցը Իսրայելի և Հորդանանի միջև մշտապես հանդիսացել է արաբա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից մեկը:

Ինչ վերաբերում է Նեղոսի գետավազանին, ապա 2015 թվականի մարտին Եգիպտոսը, Եթովպիան և Սուդանը երկարատև բանակցություններից հետո Նեղոսի ջրերի համատեղ օգտագործման սկզբունքների մասին հռչակագիր ստորագրեցին՝ ճանապարհ հարթելով ջրային տարաձայնությունների լուծման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: