ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան կանգնած է երկընտրանքի առջև. արժեքներ vs քաղաքականություն

Միասնական Եվրոպան միգրացիոն խնդիրների պատճառով այսօր կանգնած է արժեքային լուրջ մարտահրավերների առջև: Առկա է սկզբունքային դիլեմա. մի կողմից սեփական քաղաքացիների սոցիալ-տնտեսական պայմանների, անվտանգության ապահովման խնդիրն է, մյուս կողմից՝ սեփական արժեքային համակարգը, որի հիմքում դրված մարդասիրական սկզբունքները ենթադրում են համապատասխան մոտեցում ներգաղթյալներին:

 Խնդրի լրջությունը պատկերացնելու համար բավական է նշել, որ ըստ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով հանձնաժողովի տվյալների՝ այս տարվա ընթացքում միայն Միջերկրական ծովով Եվրոպա է հասել շուրջ 336 հազար ներգաղթյալ: Ստեղծված իրավիճակն արդեն որոշ փորձագետներ հասցրել են որակել «վատագույնը 2-րդ աշխարհամարտից ի վեր»:

 Ակնհայտ է, որ ներգաղթյալների հարցը միայն նրանց ընդունելով չի սահմանափակվում, այն իրենից ներկայացնում է համալիր հիմնախնդիր, որը պարունակում է մի շարք բաղադրիչներ:

 -   Սոցիալական ապահովում: Միգրանտների ընդունման դեպքում անհրաժեշտ է նրանց ապահովել կեցության վայրով, սոցիալական օգնությամբ, աշխատանքի և կրթության հնարավորություններով: Սա, անշուշտ, բավականին ծախսատար և բարդ գործընթաց է, որն ամեն երկիր չի կարող իրեն թույլ տալ (օրինակ՝ Գերմանիան ներգաղթյալների վերաբերյալ խնդիրների լուծման համար այս տարի նախատեսել է 3 մլրդ եվրո):

 -   Անվտանգության խնդիրներ: Ըստ տարբեր աղբյուրների՝ միգրացիոն հոսքերում ներգրավվելով՝ «Իսլամական պետության» արդեն շուրջ 4000 զինյալ է թափանցել Եվրոպա, ինչը լրջագույն մարտահրավեր է եվրոպական երկրների անվտանգության համար՝ հաշվի առնելով վերջին շրջանում կազմակերպված ահաբեկչական գործողությունները:

 - Ներգաղթյալների ինտեգրում: Հաշվի առնելով ներգաղթյալների բազմազանությունը՝ նրանց կրթությամբ, մասնագիտական հմտություններով, կրոնական և գաղափարական հայացքներով պայմանավորված, բավական բարդ կլինի նաև նրանց լիարժեք ինտեգրումը հյուրընկալող երկրի սոցիալ-քաղաքական կյանքին: Այս առումով բավական բացասական ազդեցություն կարող է ունենալ նաև մինչ այժմ եվրոպական տարբեր երկրներում մուսուլմանական համայնքների ինտեգրման ոչ հաջող փորձը:

 Վերոնշյալ խնդիրները բավական լուրջ մարտահրավերներ են, և ԵՄ-ում ստիպված են ընտրել՝ կա՛մ ընդունել ներգաղթյալներին և փորձել հաղթահարել վերոնշյալ մարտահրավերները, կա՛մ դեմ գնալ սեփական արժեքային համակարգին և որդեգրել առավել խիստ դիրքորոշում՝ հետ ուղարկելով ներգաղթյալների զգալի մասին:

 Հատկանշական է, որ ստեղծված քաոսում հնարավոր է հանդիպել իրական քաղաքականության և հռչակված արժեքների միջև կապի խզման բազում այլ դրսևորումների: Մասնավորապես, մի շարք երկրներ, ԵՄ կողմից միգրացիոն խնդիրը քվոտավորմամբ լուծելու քաղաքականության հետ կապված, արդեն իսկ հայտարարել են, որ կընդունեն սահմանափակ քանակով ներգաղթյալների միայն մեկ պայմանով, եթե նրանք լինեն քրիստոնյա: Արժեքային տեսանկյունից առնվազն ընկալելի չէ, թե ինչպես կարող է ժողովրդավարության և մարդասիրական արժեքների վրա հիմնվող կառույցի անդամ երկիրը կրոնական հատկանիշով ընտրողական մոտեցման պահանջ ներկայացնել: Մի շարք երկրներ էլ ընդհանրապես դեմ են ներգաղթյալներ ընդունելուն՝ փորձելով նրանց բեռը գցել ԵՄ առաջատարների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի վրա: Այս ամենն իր հերթին վկայում է, որ ԵՄ-ում այսօր արդեն ճգնաժամ է ապրում մեկ այլ արժեք՝ համաեվրոպական միասնականությունը, ինչը դարձել է մասնավոր շահերի զոհ:

 Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ միգրացիոն ճգնաժամն ուղղակի առավել բացահայտ դարձրեց վերջին տարիներում պարբերաբար դրսևորվող արժեքային ճգնաժամը: Ստեղծված իրավիճակում ԵՄ-ն պետք է ընտրություն կատարի. վերանայել կա՛մ քաղաքականությունը, կա՛մ սեփական արժեքային հիմքերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: