ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատժամիջոցներից ազատված Իրանն իրեն ավելի վստահ է զգում որպես նախաձեռնող

Վեցնյակի և Իրանի միջև միջուկային գործարքի ստորագրումից հետո ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Արևմուտքում, գործարքի ընդդիմադիրները շահարկում են այն տեսակետը, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում: Ի պատասխան այս տեսակետների` Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին հայտարարել է, որ միջուկային գործարքը չի կարող առաջացնել «լուրջ փոփոխություններ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի նկատմամբ Իրանի քաղաքականության մեջ»:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր «Ընտրե՛ք ձեր հարևաններին, նախքան ձեր տունը» վերնագրով հոդվածում նշել է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նույն հոդվածում նա նաև ընդգծել է տարածաշրջանային երկխոսության կարևորությունը, որը նա բնութագրել է հետևյալ կերպ. «հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը՝ չխախտել նրանց սահմանները, զերծ մնալ այլ երկրների ներքին գործերին միջամտելուց, վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով, կանխել վտանգը կամ ուժի կիրառումը և ձգտել խաղաղության ու կայունության, հասնել տարածաշրջանում  առաջընթացի և բարեկեցության»:

Չնայած գործարքի կնքումից անցել է երկու ամիս և բավականին վաղ է խոսել Իրանի արտաքին քաղաքականության վրա դրա հնարավոր ազդեցության մասին, սակայն իրանական առաջնորդների ձեռնարկած նախաձեռնությունները և հայտարարությունները որոշ հիմքեր են տալիս մեզ ենթադրելու, թե ինչ ճանապարհով է Իրանը պատրաստվում գնալ:

Իրանի միջուկային գործարքի ստորագրումից 10 օր անց Իրանի ԱԳ նախարար Զարիֆը սկսեց իր մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացում նա այցելեց Իրանի տարածաշրջանային դաշնակիցներ Քուվեյթ, Կատար և Իրաք: Կային որոշակի մտավախություններ, որ միջուկային գործարքը և Արևմուտքի հետ ջերմացող հարաբերությունները բասացական ազդեցություն կունենան Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների միջև հարաբերությունների վրա: Այցելությունները և դրանց ընթացքում արված հայտարարությունները կարծես թե փորձում են ապացուցել հակառակը. իրանցի պաշտոնյան իր հայտարարությունում ընդգծել է Իրանի և իր դաշնակիցների՝ այսպես կոչված շիական առանցքի, ծայրահեղականության դեմ պայքարելու հարցում միացյալ ջանքերի կարևորությունը տարածաշրջանում:

Քուվեյթ կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Իրանը միշտ աջակցել է այս տարածաշրջանի ժողովուրդների դեմ ուղղված ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսին է ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և անջատողականությունը, դիմակայելու հարցում»,- մեջբերում է  Middle East Online-ը:

Զարիֆի հաջորդ այցը Լիբանան էր, որտեղ նա վերահաստատեց «սիոնիստական և ծայրահեղական ռեժիմի» դեմ միասնական ուժերով պայքարելու անհրաժեշտությունը, տեղեկացնում է Jerusalem Post-ը:

Հետաքրքրական է, որ Բեյրութ կատարած այցի ժամանակ բացի Լիբանանի պաշտոնյաների, վարչապետի, խորհրդարանի նախագահ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարի հետ հանդիպումներից, Զարիֆը հանդիպել է նաև Լիբանանում Պաղեստինյան խմբակցությունը ներկայացնող պատվիրակության և Հըզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի հետ:

Չնայած լրատվամիջոցներում շատ քիչ է լուսաբանվել այս հանդիպումը և դրա ընթացքում քննարկված թեմաները, սակայն այս հանդիպումների կայացման փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում իր երկարաժամկետ դաշնակիցներին աջակցելուն:

Զարիֆի այցը Լիբանան նրա մերձավորարևելյան շրջագայության երկրորդ փուլն է: Այն պետք է սկսվեր Թուրքիայում, շարունակվեր Լիբանանում և ավարտվեր Սիրիայում:

Սակայն Թուրքիա այցը չեղյալ հայտարարվեց վերջին րոպեին: Հարցին, թե ինչ պատճառներով է չեղյալ հայտարարվել Թուրքիա այցը, Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է.

 «Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում էր, իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում էին. Այսպիսով, նրանք երեքը չէին կարող հանդիպել կարճ ժամանակով: Բայց ես կայցելեմ Թուրքիա հաջորդ շաբաթ, այնպես որ ես ժամանակ կունենամ անել բոլոր նախատեսված այցերը», մեջբերում է  Al- Monitor-ը:

Չնայած նրան, որ իրանցի պաշտոնյաները պնդում են, որ Զարիֆի այցը Թուրքիա դեռ օրակարգում է, դրա նախապատրասման վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա: Ինչպես նշում է France 24-ը, այցի հետաձգման իրական պատճառը թուրքական ընդդիմադիր  Cumhuriyet օրաթերթում հրապարակված հոդվածն է, որում Զարիֆը քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Հոդվածում Զարիֆը մասնավորապես նշել է. «Ծայրահեղական տարրերը Սիրիական ճգնաժամի ժամանակ հարմար միջավայր են գտել՝ աջակցություն ստանալով տարածաշրջանում անհատների, կազմակերտությունների և կառավարությունների կողմից և վերածվել են հսկա կառույցի՝ հետապնդող կեղծ շարժառիթներ և իդեալներ: Այսօր այդ տարրերը սպառնում են նույնիսկ իրենց՝ հիմնադիրներին և աջակիցներին»:

Անկախ այն հանգամանքից, թե այցի չեղյալ հայտարարման պատճառն իրականում այդ հոդվածն էր, թե ոչ, այն ապացուցում է, որ միջուկային գործարքից հետո Իրանն իրեն ազատ է զգում իր հարևաններին և Արևմուտքին ընդհանրապես տարածաշրջանում իրենց սխալների համար քննադատելու հարցում և չի պատրաստվում աչք փակել նրանց նախաձեռնությունների վրա, որոնք դեմ են տարածաշրջանում իր շահերին:

Լիբանան կատարած այցի ընթացքում Զարիֆը քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման իր չորս կետից բաղկացած նախաձեռնությունը: Պլանը ներառում է հետևյալ քայլերը. անհապաղ դադարեցնել կրակը, ձևավորել ազգային միասնության կառավարություն, վերանայել երկրի սահմանդրությունը՝ ընդգրկելով Սիրիայի էթնիկ փոքրամասնություններին և միջազգային վերահսկողությամբ ազգային ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է Al- Monitor-ը:

Սիրիայում Իրանի ԱԳՆ նախարար ևս մեկ անգամ վերահաստատել է Իրանի աջակցությունն Ասադին, ով պայքարում է արտաքին միջամտության դեմ: Այս կապակցությամբ նա նշել է. «Ժամանակն է մյուս խաղացողների և մեր հարևանների հետ ընդունելու իրականությունը և լսել Սիրիայի ժողովրդի պահանջները, աշխատել հանուն ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի», - նշել է Զարիֆը Ասադի հետ հանդիպումից հետո:

Պետք է նշել, որ սիրիական հակամարտության դեպքում ևս կային մտավախություններ, որ գործարքն Իրանին կստիպի փոխզիջման գալ Արևմուտքի հետ: Նմանատիպ մտավախությունները հետագայում խորացան այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովն իր բլոգում գրեց, թե Ռուսաստանը  և ԱՄՆ-ը համաձայնության են եկել,  ըստ որի՝ Ռուսաստանը պետք է աջակցի ԱՄՆ-ին Իրանի և Սիրիայի հարցերով, իսկ ԱՄՆ-ը Ռուսաստանին աջակցելու է Ուկրաինայի հարցում, տեղեկացնում է Gordouna-ն:

Սակայն զարգացումներն ու Ռուսաստանի և Իրանի Սիրիայի հարցում նախաձեռնության համակարգումը (վերջերս Իրանը պաշտոնապես թույլատրել է Ռուսաստանին օգտագործել իր օդային տարածքը Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար) ապացուցում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը մտադիր չեն դավաճանել իրենց վաղեմի դաշնակից, Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադին: 

Այսպիսով, եթե անդրադառնանք հոդվածի սկզբում բարձրացված հարցին և փորձենք որոշակի դիտարկումներ անել իրանական կողմի՝ միջուկային պայմանագրից հետո  տարածաշրջանում ստանձնած դերակատարության  մասին, պետք է փաստենք, որ պատժամիջոցներից ազատված Իրանը իրեն ավելի վստահ է զգում որպես նախաձեռնող: Արդյոք սա հաստատում է միջուկային համաձայնագրին ընդդիմացողների մտավախությունները: Հնարավոր է, եթե այս հարցում հետաքրքրված կողմերը մի կողմ չդնեն իրենց բացարձակ հաղթանակ տանելու քաղաքականությունը և չմիավորեն իրենց ուժերը տարածաշրջանում ընդհանուր սպառնալիքների շուրջ:


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: