ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանալին գտնվե՞լ է

Օրերս Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» հանդիպման արդյունքում ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի միտումներ նկատվեցին: ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարեցին ՏԻՄ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Զուգահեռաբար սկսեց ակտիվորեն իրականացվել փոքր տրամաչափի զինատեսակների հետքաշումը Դոնեցկում շփման գծից, կողմերը հայտարարեցին գերիների հերթական խմբի փոխանակման պատրաստակամության մասին:

«Նորմանդական քառյակի» հանդիպումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները խուսափեցին մամուլի հետ հանդիպումից՝ նախընտրելով լուռ կերպով անցնել ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ինչի՞ շուրջ են պայմանավորվել քառյակի ղեկավարները, ու ի՞նչն է նրանց դրդել զիջումների:

Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն էին զորքերի հետքաշումը, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ՏԻՄ ընտրությունների անցկացումը, համաներման հարցն ու գերիների փոխանակումը:

Բանաձևը, որը հանդիպումից հետո բարձրաձայնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ցույց է տալիս հակամարտության կարգավորման միջնորդների տեսլականը կամ «կարգավորման բանալին». «երբ Ուկրաինան վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ոչ թե Ղրիմի, այլ մյուս տարածքների մասով, կարգավորման գործընթացը կավարտվի»: Ստացվում է, որ միջազգային հանրությունը Ղրիմը համարում է այն զիջումը Ռուսաստանին, որի դիմաց վերջինս պետք է օգտագործի իր լծակները Դոնբասում կարգուկանոն հաստատելու, այն Կիևի կառավարմանը վերադարձնելու համար: Հաշվի առնելով հայտարարությունները՝ գործարքը կայացել է, Ռուսաստանը խոստացել է «խոսել» Դոնեցկի և Լուգանսկի գործընկերների հետ: Արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վերջիններս հայտարարեցին ընտրությունները 2016թ. տեղափոխելու որոշման մասին:

Ըստ Ֆրանսիայի նախագահի հայտարարության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՏԻՄ ընտրությունները Դոնեցկում և Լուգանսկում կանցնեն օրենսդրության ընդունումից հետո: Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայի Սահմանադրության մեջ կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները՝ որևէ ձևակերպման ներքո կամրագրվի Դոնեցկի և Լուգանսկի «հատուկ» կարգավիճակն Ուկրաինայի կազմում, և արդեն բոլոր ուկրաինական կուսակցությունների մասնակցությամբ երկրամասում կանցկացվեն ՏՒՄ ընտրություններ: Փաստացի, Դոնեցկն ու Լուգանսկը կվերադարձվեն Ուկրաինայի սուվերենության տակ:

Սա Մինսկի համաձայնագրերի շարունակությունն է, սակայն արդեն իսկ նոր պայմանավորվածությունների ամրագրմամբ, քանի որ նախորդները չէին գործում կամ իրականացվում էին մասամբ: Կիևը պատրաստ չէր վճարել այն գինը, որ կստիպեր դիմացի կողմին գնալ զիջումների: Սակայն հարց է մնում, թե որքանո՞վ ընկալելի և ընդունելի կլինի ուկրաինական հասարակության համար Ղրիմի զիջումը հակամարտության կարգավորման դիմաց:

 Բնական է, որ սեփական դեմքը պահելու և հասարակության դժգոհությունները զսպելու համար Կիևի իշխանությունները կշարունակեն հայտարարել, որ պայքարելու են Ղրիմի համար, և Դոնեցկն ու Լուգանսկն առաջին քայլն են Ղրիմը Կիևի գերակայության տակ վերադարձնելու ճանապարհին:

 Ինչ վերաբերում է կողմերի՝ զիջումների գնալու դրդապատճառներին, դրանք ամփոփվում են ոչ միայն ուկրաինական ճգնաժամն արագ կարգավորելու նրանց ցանկությամբ, այլև աշխարհաքաղաքական իրավիճակով: Մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան՝ որպես ԵՄ առաջատար երկրներ, որոնք նաև առավել մեծ խնդիրների առաջ են կանգնում միգրացիոն ճգնաժամի պատճառով, արդեն իսկ հայտարարել են, որ միգրացիոն հոսքերի աճը կանխելու և ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են համարում համագործակցել նաև Ռուսաստանի հետ: Համատեղ ուժերով սիրիական ճգնաժամի կարգավորումն ու ԻՊ-ի դեմ պայքարն այսօր նրանց համար միգրացիոն կոլապսից փրկվելու գրեթե միակ ռացիոնալ ելքն է:

  Մյուս կողմից Ռուսաստանն իր հերթին վերջին հանդիպումների և Սիրիայում ծավալած գործունեության ֆոնին երկխոսության եզրեր է փնտրում Արևմուտքի հետ՝ հարաբերություններում ստեղծված ճեղքվածքը հաղթահարելու համար: Իսկ Ուկրաինան խնդիր ունի արագացնելու եվրաինտեգրման գործընթացն ու կայունացնելու իրավիճակը երկրում՝ Արևմուտքից ստացվող օժանդակությունը պահպանելու և առկա պայմանավորվածություններն ամբողջ ծավալով կյանքի կոչելու համար:

 Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կարող ենք ենթադրել, որ կողմերը հակված են հաստատելու երկխոսություն և համագործակցելու տարբեր աշխարհաքաղաքական կարևորության հարցերում, որոնցից մեկն էլ ուկրաինական ճգնաժամն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: