ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը կգործարկվի 2016-ին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբերը: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը:  

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2016 թվականին: Մինչև 2015 թվականի վերջը մենք ծրագրում ենք սկսել բեռնափոխադրումները, իսկ հաջորդ տարվա ընթացքում ավարտել ճանապարհի էլեկտրաֆիկացումն ու երկաթուղային ճանապարհի ստեղծման համար անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները»,- Գուրբոնովի խոսքերը մեջ է բերում ադրբեջանական Trend գործակալությունը:

Գուրբանովի խոսքով՝ աշխատանքների ժամկետները կախված են ոչ միայն Ադրբեջանից, այլև նախագծի մյուս մասնակիցներից: «Մասնավորապես, Թուրքիայում պետք է կառուցվի 75 կիլոմետրանոց ճանապարհահատված, սակայն այսօրվա դրությամբ ավարտված չեն անգամ երկաթուղային գծի վերին հատվածի հարդարման աշխատանքները»,- ասել է նա:

Երկաթուղու կառուցման շրջանակներում նախատեսված էր կառուցել 105 կմ-անոց երկաթուղային գծեր, որից 76 կմ Թուրքիայի, 29 կմ՝ Վրաստանի տարածքում: Ծրագիրը սկսվել է դեռևս 2007 թվականից և նախատեսվում էր ավարտել 2012 թվականին, սակայն այդ ժամկետը հետաձգվեց 2014 թվական: Սակայն կողմերը չկարողացան տեղավորվել նաև այդ ժամկետում, և այժմ նախատեսվում է շահագործման հանձնել արդեն 2016 թվականին: Վերլուծաբանների կարծիքով՝ ծրագրի շահագործման հետաձգումն ավելի շատ պայմանավորված է տեխնիկական, քան՝ ֆինանսական խնդիրներով, և հաշվի առնելով նախորդ հետաձգումները՝ կողմերը կարող է չպահպանեն նաև այս ժամկետը:

Նշենք, որ սկզբնապես նախագծի արժեքը 422 մլն դոլար էր, որից 202 միլիոնը պետք է հատկացվեր երկաթուղու վրացական տեղամասի, 220 միլիոնը՝ թուրքական հատվածի կառուցմանը, սակայն ավելի ուշ արժեքը վերանայվեց: 2008 թվականի նախագծի ընդհանուր արժեքը, ըստ տարբեր գնահատումների՝ գերազանցում Է 600 մլն դոլարը: Ծախսերը հավասարապես իրենց վրա են վերցրել Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան, ընդ որում վրացական և թուրքական բաժինը վարկավորել Է Ադրբեջանը: Մինչ այժմ Ադրբեջանն արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել Վրաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային կապը ապահովելու համար:

Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղով հնարավոր կլինի փոխադրել մինչև 10 մլն տոննա բեռներ՝ հետագայում բեռների հոսքն ավելացնելով մինչև 25 մլն տոննա: Այս նախագիծը նաև շատ ավելի մեծ ծրագրի՝ Եվրոպա­-Կովկաս­-Ասիա երկաթուղային միջանցքի բաղկացուցիչ մասն Է:

Սակայն հարկ է նշել, որ նախագիծը բացի տրանսպորտային նշանակությունից ունի նաև ռազմավարական նշանակություն, այն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական դրդապատճառներ ունի: Այսպես, այս ծրագիրն իրականացնելով՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեկուսացնել Հայաստանին՝ տարածաշրջանում ստեղծելով Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմավարական դաշինք:

Նման պայմաններում Հայաստանը ևս պետք է փորձի զարգացնել սեփական հաղորդակցության ուղիները՝ մասնավորապես Հյուսիս-Հարավ առանցքի շրջանակներում: Հատկանշական է, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո, վերլուծաբանների կարծիքով, Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը կյանքի կոչման նոր հնարավորություն է ստացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2025
       
    08.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: