ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի սպառնալիքները վտանգ են ներկայացնում միայն Թուրքիայի համար

 Ռուսաստանի մասնակցությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  դեմ պայքարին, ինչպես և սպասվում էր, զայրացրել  է Մոսկվայի արևմտյան գործընկերներին: Սակայն,  առավել հետաքրքիր էր ՆԱՏՕ –ի հավատարիմ դաշնակից Թուրքիայի սուր քննադատությունը:

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերականորեն լավ փոխգործակցությունն այլ ուղով սկսեց զարգանալ այն բանից հետո, երբ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների ժամանակ ռուսական օդանավերը հատեցին թուրք-սիրիական սահմանը: Իսկ միջադեպի հետ կապված ՆԱՏՕ-ի արձագանքը, կարելի է ասել, միայն ավելացրեց տարաձայնությունները, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց Էրդողանի կողմից բավական սուր հայտարարությունների.   «Բոլորն էլ գիտեն Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին:  Սակայն, եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման գործընկերոջ, ում հետ նա համագործակցում է բազմաթիվ ոլորտներում,  շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դրա մասին»:

Էրդողանի սպառնալիքների իրական կշռի մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել երկու երկրների միջև առկա հարաբերություններին, որոնք հիմնված են հիմնականում տնտեսական փոխադարձ շահի վրա, ինչպես նաև սիրիական հարցի շուրջ կողմերի դիրքորոշումներին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությանն, ապա վերջին տարիներին Թուրքիան  դարձել է ռուսական գազի երկրորդ խոշոր ներկրողը, և Թուրքիայի բնական գազի 60%-ը մատակարարվում է ՌԴ-ից:  Թուրքիան Ռուսաստանից գազ գնում է երկու գազատարի միջոցով՝ արևմտյան գծի՝ 14 մլրդ խորհանարդ մետր հզորությամբ, և «Երկնագույն հոսք»-ի՝ 16 մլրդ խորհանարդ մետր հզորությամբ: Սակայն այն հանգամանքը, որ Անկարան այդքան էլ ոգևորված չէ  Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ հայտնվելու հեռանկարով, նույնպես փաստ է: Դրա մասին է վկայում թուրքական իշխանությունների՝  դիվերսիֆիկացմանը ձգտելը, մասնավորապես Ռուսաստանից ստացվող գազը  Անդրանատոլիական գազատարով (TANAP) փոխադրվող գազով փոխարինելու փորձերը: TANAP-ը նախատեսում է ադրբեջանական գազի փոխադրում վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմաններ։

Բացի այդ, «սպառնալով» Ռուսաստանին՝ Թուրքիան հավանաբար հույս է ունեցել, որ կարող է գազ ներկրել Թուրքմենստանից կամ Իրանից կամ հավանաբար Միջերկրական ծովում գտնվող «Լևիաֆան» իսրայելական գազային հանքավայրից, որի շուրջ խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիան և Իսրայելը սկսել են գաղտնի բանակցություններ վարել միմյանց հետ: Սակայն այս ամենը կարելի է ասել, որ  ընդամենը ոչ հստակ նախագծեր են:  Դրանց իրականացման համար դեռևս գոյություն չունեն հատուկ մշակված մեխանիզմներ և ոչ էլ բավական միջոցներ: 

Անդրադառնալով Թուրքիայի՝ սիրիական հարցի շուրջ ունեցած պաշտոնական դիրքորոշմանը՝ հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահը, արևմտյան գործընկերների հետ միասին անընդմեջ հնչեցնում է  այն կարծիքը, որ  սիրիական հակամարտության պատճառը  նախագահ Բաշար Ասադն է և կողմ է վերջինիս՝ քաղաքական դաշտը լքելուն: Այն ինչ ընդամենը մի քանի տարի առաջ, Ասադն ու Էրդողանը տարածաշրջանի ամենամեծ գործընկերն էին համարվում: Այդ ժամանակ Սիրիան, հրաժարվելով աջակցել քուրդ ապստամբներին, սկսեց ծառայել որպես տարանցիկ միջանցք թուրքական ապրանքների համար, սակայն հետագայում Արևմուտքի ճնշումն Անկարայի վրա այնքան գերակշռեց, որ Էրդողանը հայտնվեց Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի շարքերում: 

Ամենայն հավանականությամբ Թուրքիայի` Ռուսաստանի դեմ ցուցաբերած ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր հենց այս հանգամանքով, որ Սիրիայում ՌԴ իշխանությունները պաշտպանում են Ասադի կառավարությանը, այն ինչ Թուրքիան կողմ է վերջինիս  հեռանալուն:  

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ  Թուրքիան պահանջում է Սիրիայում, ինչպես նաև Իրաքում ստեղծել անվտանգության բուֆերային գոտիներ՝  սիրիացի փախստականներին տեղավորելու նպատակով։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Թուրքիան այս քայլով փորձում է նաև լուծել Մերձավոր Արևելքում գերիշխող դիրք գրավելու խնդիր: Սակայն, այսպիսի բարդ ու անորոշ քաղաքական իրավիճակում՝ մի կողմից, երբ տապալվել է  «զրո խնդիր» հարևանների հետ քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝ կորել է գործընկերների վստահությունը, հարկ է նշել, որ Էրդողանից դեռ երկար տարիներ կպահանջվեն՝ իրականացնելու համար անիրականանալին:

Իսկ ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա հարկ է նշել այն հանգամանքը, որ երկու երկրների միջև երբեք էլ չեն եղել սերտ և մտերիմ հարաբերություններ: Չնայած նրան, որ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ կապված են  տնտեսական հարաբերություններով՝ միևնույն է արտաքին քաղաքականության հարցերում նրանց մոտեցումները հաճախ չեն համընկնում: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: