ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եգիպտոսը մեծ վնասներ է կրում, իսկ Airbus A321-ի նկատմամբ ահաբեկչության հեղինակն արդեն հայտնի է

Ձմռան ամիսներին Եգիպտոսում հյուրանոցների ամրագրման չեղարկման հետևանքով երկիրը կկրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջային պալատի ասոցիացիայի կառավարման անդամ Հուսամ Ալ-Շաիրը:

«Մի շարք երկրների կողմից թռիչքների դադարեցումը և ձմռան ամիսներին հյուրանոցների ամրագրման չեղարկումը Եգիպտոսին հասցրել է 500 միլիոն դոլարի վնաս: Մեր հաշվարկներով, եթե այդ հարցը չլուծվի 4-5 օրվա ընթացքում, Եգիպտոսը տարվա ընթացքում կկորցնի մինչև 2 միլիարդ դոլար»,- ասել է նա:

Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունն արդեն դադարեցրել են Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Իռլանդիան և Ռուսաստանը: Դեպի Եգիպտոս չվերթները դադարեցրել են նաև եվրոպական և մերձավորարևելյան մի շարք ավիափոխադրողներ: Բազմաթիվ երկրներ էլ խորհուրդ են տալիս իրենց քաղաքացիներին զերծ մնալ Եգիպտոս ճանապարհորդություններից:

Նշենք, որ զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության առավել եկամտաբեր ճյուղերից է, և այդ ոլորտում բացասական զարգացումները լուրջ և տևական ազդեցություն են ունենում ամբողջ տնտեսության վրա:

Այսպես, 2011 թվականի հեղափոխությունից հետո զբոսաշրջության ոլորտում արձանագրված անկումային ցուցանիշների ֆոնին Եգիպտոսին միայն այս տարի էր հաջողվել առաջին հաջողություններն արձանագրել: Սեպտեմբերին Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խիշամ Զաազուան հայտնել էր, որ 2014 թվականի համեմատ 2015 թվականի հունվարից մինչև օգոստոս զբոսաշրջիկների թիվն ավելացել է 300 հազարով՝ հասնելով 6,6 միլիոնի: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 14,7 մլն:

Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտին այս անգամ լուրջ հարված  է հասցրել  հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus A321 ինքնաթիռի վթարը, ինչի հետևանքով զոհվել է 224 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության Եգիպտոսի հանձնաժողովի անդամներին, վթարի պատճառն ինքնաթիռում ռումբի պայթյունն է եղել:

«Սև արկղերի ցուցումներն ու վերլուծությունը պնդում են, որ դա ռումբ է եղել: Մենք դրանում 90 տոկոսով վստահ ենք»,-հայտարարել է հանձնաժողովի անդամը` հավելելով, որ պատրաստ չէ քննարկել մյուս 10 տոկոսը:

Բրիտանական The Sunday Times թերթը իր հերթին բրիտանական իշխանություններին հղումով գրում է, որ A321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Բրիտանական հետախուզության հրապարակած տվյալներով՝ ռումբն ինքնաթիռ է տարել օդանավակայանում աշխատող խմբավորման անդամներից մեկը:

Ռուսաստանում, սակայն, ահաբեկչության մասին շատ զգուշությամբ են խոսում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, անդրադառանալով Օբամայի հայտարարությանն այն մասին, որ ռուսական ինքնաթիռի վթարի պատճառն ահաբեկչությունն է եղել, նշել էր, որ դա վթարի վարկածներից միայն մեկն է: «Коммерсантъ»-ը, հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրին, գրում է, որ ինքնաթիռում պայթյունի վարկածը կստուգեն փորձաքննությունների միջոցով: Աղբյուրը նշել է, որ լաբորատորիա կուղարկվեն ինքնագիրների աղմուկի ձայնագրությունները, ինքնաթիռի բեկորներ, ինչպես նաև զոհվածների մարմինների մասեր:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եգիպտական ճյուղն արդեն ստանձնել է հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: