ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻԵԴ-ի վճռից հետո որևէ պետություն այլևս հակված չի լինելու քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճիռը: «Արմեդիա» ՏՎԳ-ն հարցի շուրջ զրուցել է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանի հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք Փերինչեքի գործով դատավճիռը կողմերից յուրաքանչյուրի համար:

- Շվեյցարիայի համար, ըստ էության, դատավճիռը նշանակում է, որ նա կաշկանդված է լինելու կիրառելու ցեղասպանության հերքման քրեականացման վերաբերյալ օրենսդրությունը̦ քրեական օրենսգրքի դրույթը Հայոց ցեղսպանության համատեքստում: Սա նշանակում է` կամ Շվեյցարիան պարտավորված է լինելու փոխել տեքստը և սահմանափակել այն միայն միջազգային ատյանների կողմից ճանաչված ցեղասպանությունների նկատմամբ, կամ ստիպված է լինելու իր դատարաններում խիստ սահմանափակ ձևով կիրառել այդ դրույթը և որևէ դեպքում չկիրառել Հայոց ցեղասպանության համատեքստում: Դրա համար, բնականաբար, դա պարտություն էր Շվեյցարիայի համար:

 

Փերինչեքի համար` որպես հայցվոր կողմ, միանշանակ հաղթանակ էր, որովհետև նա հասավ նրան, ինչ ուզում էր: Նրա հայտարարություններն այսուհետև պաշտպանության են ենթարկվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո, ինչը համարվում է մարդու իրավունքի դրսևորում:

Եթե փորձենք գնահատել Հայաստանի Հանրապետության` որպես երրորդ կողմի հաղթած կամ պարտված լինելն, իհարկե պայմանական կերպով, որովհետև երրոդ կողմը չի կարող հաղթել կամ պարտվել, կարող ենք ասել արդյոք երրորդ կողմի շահերը կամ հետաքրքրություններն արդյունավետ կերպով պաշտպանվեցին, թե ոչ, ապա սա «պարտություն է» որովհետև մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի այն խնդիրը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում չպետք է լինի տարբերակված մոտեցում Հոլոքոստից կամ որևէ այլ ցեղասպանությունից: Իսկ վճիռը, վերջին հաշվով, դնում է այս տարբերակումն` արձանագրելով, որ ի տարբերություն Հոլոքոստի` Հայոց ցեղասպանության հերքումը կարող է որակվել որպես խոսքի ազատության դրսևորում:

Տարածված երկու հակասական մոտեցում կա: Մեկի համաձան այս դատավճիռը լիովին համապատախանում է Հայաստանի շահերին: Եվ կա հակառակ մոտեցումը, որ այն պարտություն էր Հայաստանի համար և հետընթաց Ցեղասպանության ճանաչման գործընթացում: Ո՞ր մոտեցման կողմնակիցն եք Դուք, և ինչո՞ւ:

- Պետական մարմինների կողմից առաջ է քաշվում այն գաղափարը̦ որ մենք  հաղթել ենք: Առաջ է քաշվել այն մոտեցումը, թե իբրև սա կարելի է որակել որպես հաղթանակ, որովհետև մեր կողմից առաջ քաշված բոլոր պահանջներն ի կատար են ածվել: Բայց մենք հասկանում ենք, որ պահանջները կարող են իրական շահերի հետ այնքան էլ համահունչ չլինել: Այս տեսանկյունից ես դժվարանում եմ համաձայնվել որևէ կարծիքի հետ, որ վճիռը կարող է ինչ-որ ձևով դրական դիտարկվել Հայաստանի Հանրապետության համար:

Մասնավորապես, մենք խոսում ենք, որ ցեղասպանության իրողության համատեքստում մենք միայն ճանաչման գործընթացն ենք առաջ տանում, մենք չենք փորձում այն լուծել որևէ դատական ճանապարհով, և ճանաչման առավել արդյունավետ իրագործման միջոցը դա հերքման քրեականացումն է, երբ պետությունները ճանաչում են ցեղասպանությունը, այնուհետև նաև քրեականացնում են ցեղասպանության հերքումն իրենց տարածքում:

Այս առումով մենք ակնհայտ հետընթաց ունեցանք, որովհետև Հայոց ցեղասպանության հերքման քրեականացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսուհետև չի համարում թույլատրելի միջամտություն առնվազն եվրոպական պետությունների տարածքում: Այս տեսանկյունից, այն միանշանակ հակասում է մեր շահերին:

-Կարո՞ղ է արդյոք այն խոչընդոտող գործոն դառնալ այլ երկրներում Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծերի ընդունման համար:

-Միանշանակ: Որովհետև Եվրոպական դատարանը դնում է Հոլոքոստից տարբերակման շատ կոնկրետ չափանիշներ: Առաջինը, ժամանակագրական` ասելով, որ ի տարբերություն Հոլոքոստի` շատ ժամանակ է անցել: Երկրորդը աշխարհագրական տարանջատումն է` ասելով, որ եվրոպական պետությունները անմիջական պատմական և աշխարհագրական ներգրավվածություն չեն ունեցել Հայոց ցեղասպանության իրողությանը: Հետևաբար, ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման անհրաժեշտություն, որպես այդպիսին, չկա: Բնականաբար, եվրոպական պետությունները հակված չեն լինելու քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը:

Մեկ այլ հարց է, որ եթե այդ հերքումն իրականացվի բացահայտ վիրավորական, ռասայական խտրականության դրսևորումներով, իր մեջ ներառի հայերի դեմ բռնության որոշակի կոչեր, նման հայտարարությունները բոլոր դեպքերում կորակվեն որպես քրեորեն դատապարտելի:

Ես կարծում եմ, որ այս վճռից հետո որևէ պետություն այլևս հակված չի լինելու քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: