ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հնարավորություններ է ստանում ընդդիմությունը սահմանադրական բարեփոխումների նախագծով

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

Նոր սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեին ընդառաջ շատ են քննարկումներն այն մասին, թե մայր օրենքի փոփոխությունն ինչ նոր հնարավորություններ կարող է տալ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին:

Ինչպես ասում են, «ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևը չէ, սակայն մարդկությունն ավելի լավը դեռ չի մտածել»: Ժողովրդավարության հիմնական «թերացում» է համարվում այն, որ կառավարման այս ձևն իրենից մեծամասնության իշխանությունն է ներկայացնում, որտեղ փոքրամասնություն կազմող խմբերը պարզապես ստիպված են ընդունել սահմանած խաղի կանոնները: Այս բացը լրացնելու նպատակով ժողովրդավարական տարբեր համակարգեր մշակել են և դեռևս շարունակում են մշակել տարաբնույթ մեխանիզմներ:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ևս խորհրդարանում մեծամասնություն չստացած քաղաքական ուժերին ազդեցության որոշակի լծակներով է օժտում: Օրինակ, նախագծի 104-րդ հոդվածի համաձայն, ԱԺ նախագահի երեք «տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»: Իսկ ԱԺ նախագահն իր տեղակալների, խմբակցությունների մեկական ներկայացուցիչների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ կազմում է ԱԺ Խորհուրդը: Վերջինս հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, իրականացնում է այլ լիազորություններ: 

Մայր օրենքի նոր նախագիծը, ի տարբերություն գործող Սահմանադրության, մի շարք դեպքերում որոշումների կայացման համար ձայների որակյալ մեծամասնություն է պահանջում՝ պարզ կամ բացարձակ մեծամասնության փոխարեն: Օրինակ, ըստ գործող Սահմանադրության, ձայների որակյալ մեծամասնություն է (պատգամավորների ընդհանուր թվի ձայների 2/3-ը) անհրաժեշտ «Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին» որոշում ընդունելու համար միայն։

Մինչդեռ նոր Սահմանադրության նախագծով նման դեպքերի թիվն անհամեմատ մեծ է: Սա նշանակում է, որ մի շարք հանգուցային որոշումներ չեն կարող կայացվել առանց ընդդիմության կամ առնվազն դրա մի մասի հավանության: Օրինակ, ըստ նախագծի 103-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենքներ են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»: 

Ըստ Նախագծի՝ Ազգային ժողովն է ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Միաժամանակ ԱԺ առաջարկությամբ է Նախագահը նշանակում Վճռաբեկ դատարանի դատավորներին: Իսկ առաջարկվող թեկնածուին ԱԺ-ն կրկին պարտավոր է ընտրել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Բացի այդ՝ ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով է ընտրում Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին, Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես և նշված մյուս պաշտոնյաներին պաշտոնից հեռացնելու մասին որոշումը ևս կարող է կայացվել միայն ձայների 3/5-ով:

Համեմատության համար նշենք, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող եվրոպական մի շարք երկրներում հիմնական օրենքը ձայների որակյալ մեծամասնություն է պահանջում շատ ավելի սահմանափակ դեպքերում: Օրինակ՝ Հունաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ն է պահանջում միջազգային այնպիսի կոնվենցիաների կամ միջպետական համաձայնագրի վավերացման մասին օրենք ընդունելու համար, որը, հանուն ազգային կարևորագույն շահերի սպասարկման, միջազգային որևէ կառույցի կամ պետության է փոխանցում Սահմանադրության իրավասության շրջանակից բխող որոշ լիազորություններ: Ձայների որակյալ մեծամասնություն է (2/3) պահանջվում նաև խորհրդարանի կողմից երկրի Նախագահի ընտրության ժամանակ: Խորհրդարանականների ձայների 3/5-ն է անհրաժեշտ նաև «պատերազմի, արտաքին վտանգի պատճառով մոբիլիզացիայի կամ ազգային անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգի դեպքում երկրի ողջ կամ որոշակի տարածքում պետական պաշարման մասին օրենք ընդունելու, արտակարգ դատարաններ հիմնելու և սահմանադրական մի շարք հոդվածների ու դրանց դրույթների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար»:

Գերմանիայում ևս, որը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների շարքում է, Բունդեսթագի որոշումները կայացվում են հիմնականում ձայների պարզ կամ բացարձակ մեծամասնությամբ: Նշենք, որ պարզ մեծամասնություն է համարվում քվեարկությանը մասնակցած պատգամավորների թվի ձայների կեսից ավելին, իսկ բացարձակ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին: Օրինակ՝ դաշնային կանցլերի ընտրության համար անհրաժեշտ են Բունդեսթագի անդամների կեսից ավելիի ձայները: Կանցլերի առաջին թեկնածուի՝ չընտրվելու պարագայում սահմանված ժամկետում առաջադրվում է երկրորդ թեկնածուն, որին ևս ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների բացարձակ մեծամասնությունը: Վերջինիս ձախողման դեպքում առաջ է քաշվում երրորդի թեկնածությունը, որին կանցլեր դառնալու համար բավարար է ձայների պարզ մեծամասնությունը: 

Ասվածից կարելի է ենթադրել, որ նոր Սահմանադրության նախագիծը որոշումների կայացման գործընթացում առավել մեծ լծակներ է տրամադրում խորհրդարանում մեծամասնություն չկազմող քաղաքական ուժերին ինչպես գործող Սահմանադրության, այնպես էլ համաեվրոպական միջինացված չափանիշների համեմատությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: