ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական բարեփոխումները ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում են ընտանիքի դերը

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները, հնչող դեմ և կողմ կարծիքները չեն շրջանցում նաև սահմանադարական փոփոխությունների նախագծում ընտանիքի պաշտպանությունը, կնոջ և տղամարդու՝ ընտանիք կազմելու իրավունքին վերաբերող դրույթները: Հնչող դեմ և կողմ կարծիքներին որևէ գնահատական տալուց առաջ նախ անդրադառնանք սահմանադրական բարեփոխումների հետևանքով վերը նշված դրույթներին վերաբերող կետերում տեղ գտած փոփոխություններին:

2005 թվականին փոփոխված և ներկայումս գործող Սահմանադրության տեքստի Հոդված 35-ում ամրագրվում է.

«Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից... Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի կամ երեխայի որդեգրման համար արձակուրդի իրավունք»:

Մինչդեռ Սահմանադրության բարեփոխումների նախագծի՝ «Ընտանիքի պաշտպանություն» անվանումը ստացած հոդված 16-ում ամրագրված է. «Ընտանիքը՝ որպես հասարակության բնական և հիմնարար բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:

Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց ամուսնանալու իրավունքին, ապա բարեփոխումների նախագծի հոդված 35-ում նշվում է.

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտմամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում է օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդը ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Ուստի որո՞նք են առկա փոփոխությունները: Փոփոխություններին անդրադառնալիս նախևառաջ պետք է փաստենք, որ ի տարբերություն նախորդի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ընտանիքի դեր բարձրացված է. այն ներկայացված է որպես սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված ինստիտուտ, որը գտնվում է պետության հոգածության ներքո:

Մյուս կողմից նոր Սահմանադրությամբ նշվում է, որ ընտանիքը բնակչության պահպանման և վերարտադրման հիմքն է (ձևակերպում, որը բացակայում է գործող Սահմանադրությունում), ինչն ինքնըստինքյան բացառում է ցանկացած այլասերված ընտանիքի օրինականությունը, քանի որ վերարտադրության համար անհրաժեշտ է կին և տղամարդ:

 Ինչ վերաբերում է 2005 թվականի Սահմանադրության 35-րդ հոդվածի 2 մասին, ապա Սահմանադրության բարեփոխումների նախագծում այդ դրույթը չի բացակայում, ինչպես անուշադրության հետևանքով պնդում են մի շարք վերլուծաբաններ: Այն ուղղակի տեղ է գտել Աշխատանքի ընտրության ազատությանը և աշխատանքային իրավունքներին վերաբերող 57-րդ հոդվածում, որում մասնավորապես ասվում է.

«Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:

Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին, ապա Սահմանադրության բարեփոխումների նախագծում երեխայի իրավունքներին վերաբերող 37-րդ հոդվածում (գործող Սահմանադրությունում երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող առանձնացված հոդված չկա) ամրագրվում է երեխաների ազատ արտահայտվելու (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:

Իսկ ինչպե՞ս են ձևակերպված ընտանիքին վերաբերող դրույթները ԵՄ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների սահմանադրություններում: Օրինակ, ինչպես ՀՀ Սահմանադրության բարեփոխումների նախագծում, Գերմանիայի Սահմանադրությունում նույնպես (Basic Law of the Federal Republic of Germany) նշվում է, որ ամուսնությունը և ընտանիքը վայելում են պետության հատուկ պաշտպանությունը: Հետաքրքրական է նկատել, որ ի տարբերություն, օրինակ, Գերմանիայի սահմանադրության՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված է առանձին հոդված, և երեխաների իրավունքները ավելի հիմնավոր են ներկայացված:

Իտալիայի սահմանադրությունը ամրագրում է, որ «ընտանիքը բնական կազմավորում է, հիմնված ամուսնության վրա»: Նախագծի 31-րդ հոդվածը փաստում է. «Հանրապետությունը աջակցում է ընտանիքի կազմավորմանը և իր պարտականությունների իրականացմանը՝ տնտեսական միջոցներով և այլ նպաստների միջոցով հատուկ ուշադրություն հատկացնելով մեծ ընտանիքներին»:

Լեհաստանի Սահմանադրության 18-րդ հոդվածում նույնպես ամրագրվում է, որ «Ամուսնությունը՝ որպես տղամարդու և կնոջ միջև միություն, ինչպես նաև ընտանիքը, մայրությունը և հայրությունը, պետք է լինեն Լեհաստանի Հանրապետության պաշտպանության և հոգածության ներքո»:

Ինչպես ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այնպես էլ Սլովենիայի Սահմանադրությունն առանձին հոդվածով ամրագրում է երեխաների իրավունքները՝ փաստելով, որ վերջիններս վայելում են «հատուկ պաշտպանություն և հոգածություն»:

Եթե ամփոփենք՝ հիմնվելով ՀՀ գործող Սահմանադրության և առաջարկվող նախագծի հոդվածների համեմատության վրա, ապա պետք է փաստենք, որ սահմանադարական փոփոխությունների նախագծի մեջ ընտանիքի դերը՝ որպես հասարակության բնական և հիմնարար բջիջ, ավելի է ուժեղանում և ամրապնդվում:

Մյուս կողմից ԵՄ երկրների սահմանադրություններում տեղ գտած՝ ընտանիքին վերաբերող դրույթների համեմատությունը, թույլ է տալիս փաստել, որ սահմանադարական փոփոխությունների նախագիծն ընտանիքի իրավունքների պաշտպանության առումով ոչնչով չի զիջում ԵՄ երկրների սահմանադրություններում ամրագրված դրույթներին: Ինչպես իրենց ժողովրդավարությամբ աչքի ընկնող ԵՄ խորհրդարանական համակարգ ունեցող մի շարք երկրների սահմանադրություններով, այնպես էլ սահմանադարական փոփոխությունների նախագծի համաձայն ընտանիքը գտնվում է պետության «հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո»:

Ավելին՝ անգամ կարելի է փաստել, որ որոշ դրույթներով (օրինակ՝ երեխաների պաշտպանության առումով) սահմանադարական բարեփոխումների նախագծի  գերազանցում է որոշ ԵՄ երկրների սահմանադրություններում ամրագրված դրույթներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: