ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծ. Վճռաբեկ դատարան

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն, «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 

Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներում առավել հաճախ բարձրացվող հարցերից մեկը Սահմանադրության բարեփոխված տարբերակում դատական համակարգն է: Ստորև ներկայացնենք Վճռաբեկ դատարանի մասով առանձնահատկությունները:

ՀՀ գործող Սահմանադրության 92-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, ՀՀ Վճռաբեկ դատարանն է̦ որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով: Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։

Ներկայումս Վճռաբեկ դատարանը կազմված է դատարանի նախագահից, քրեական պալատից, քաղաքացիական և վարչական պալատից։ Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և հինգ դատավորից, քաղաքացիական և վարչական պալատը՝ պալատի նախագահից և ինը դատավորից։

Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ Վճռաբեկ դատարան, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում։ Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի 7-րդ Գլխի 165-րդ Հոդվածը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր կարող է նշանակվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Նույն Գլխի 166-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից։

Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Իսկ գործող Սահմանադրության 55-րդ Հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին և դատավորներին արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխությամբ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի 7-րդ Գլխի 171-րդ Հոդվածը ևս սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Նշենք, որ վճռաբեկ դատարանը բարձրագույն դատական ատյան է համարվում նաև եվրոպական մի շարք երկրներում̦ ինչպիսիք են Բելգիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը: Իտալիայում Վճռաբեկ դատարանը բաղկացած է երկու բաժիններից` քրեական և քաղաքացիական: Իսկ Ֆրանսիայում Վճռաբեկ դատարանը (Cour de Cassation) ներառում է 6 պալատ, որոնցից 3-ը` քաղաքացիական հարցերով, մեկը` սոցիալական, մեկը` արևտրատնտեսական, մեկը` քրեական: Ֆրանսիայում, որը կիսանախագահական երկիր է, Վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձինք նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի առաջարկած թեկնածուներից:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Մինչդեռ գործող Սահմանադրությամբ ամրագրված է միայն, որ Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Այսինքն՝ առաջարկվող փոփոխությամբ ընդլայնվում է Վճռաբեկ դատարանի դիտարկմանը ներկայացվող հարցերի շրջանակը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: