ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամանորը երեխաների աչքերով

Նոր Տարի… Հեքիաթային, ուրախ, ժպիտներով լի տոն, որն իր պայծառ տրամադրությամբ է վարակում բոլորին՝ մեծ, թե փոքր: Այս տոնը, սակայն, իր առանձնահատուկ դերն ունի փոքրիկների համար. չէ՞ որ նրանց այդ օրը այցելում է հեռավոր Լապլանդիայից ժամանած Ձմեռ Պապը և բերում է տարբեր նվերներ: Սրտի թրթիռ, անհամբեր հայացքներ, պայծառ աչուկներ ու լայն ժպիտներ. ահա թե ինչպես են դիմավորում մանուկները Նոր Տարին:

Հենց փոքրիկների շուրթերից լսելու համար, թե ինչու են նրանք սիրում Ամանորը, և այն ինչ է նշանակում իրենց համար, «Արմեդիա» ՏՎԳ-ն փոքրիկ էքսկուրս կատարեց մանուկների ջինջ ու արևոտ աշխարհում: Ձմեռ Պապ, նվերներ, շա՜տ ուրախություն, տոնածառ ու ձյուն: Սրանք այն բառերն են, որ հնչում են գրեթե բոլոր երեխաների շուրթերից, երբ լսում են Նոր Տարվա մասին, սակայն յուրաքանչյուրն անհատապես ունի իր ուրույն պատկերացումներն Ամանորի հետ կապված:

«Նոր Տարին ինձ համար ուրախություն է, ժպիտներ ու կյանք», - ասաց 9-ամյա Վարդուհին, իսկ փոքրիկ, դեռ 5 տարին չբոլորած Լևոնի համար Նոր Տարվա շունչը գալիս է ձյան փաթիլների հետ: «Երբ առաջին ձյունն է գալիս, ես սկսում եմ հաշվել, թե Նոր Տարվան քանի օր մնաց: Սիրում եմ Նոր Տարին, որովեհտև շատ ուրախություն կա, հանդեսներ, երգեր, պարեր: Սիրում եմ, որ մամայի, պապայի ու քուրիկի հետ տոնածառն ենք զարդարում», - ոգևորված պատասխանեց Լևոնը: Նրան շարունակելով՝ փոքրիկ Դավիթն ասաց, որ սիրում է, երբ Նոր Տարուն ձյուն է գալիս, և ինքը բակի երեխաների հետ ձնագնդի է խաղում և ձնեմարդ պատրաստում: «Ես միշտ անհամբեր սպասում եմ Նոր Տարվան, որ Ձմեռ Պապը գա և ինձ նվերներ տա, բայց միշտ չէ, որ կարողանում եմ նրան տեսնել, որովհետև նա նվերները դնում է ու շուտ գնում», - ասաց Դավիթը: 

Էվիտայի մոտ Ամանորի ամենատպավորիչ պահերից է ամբողջ ընտանիքով գիշերը ժամը 00:00-ին սպասելը: «Երբ զանգերը խփում են 12-ը, մենք բոլորս գոռում ենք «ուռա՜» ու սկսում ենք շնորհավորել իրար, բոլորս երազանք ենք պահում, ու այդ երազանքները կատարվում են: Սիրում եմ նաև, որ այդ օրը ինձ թողնում են ուշ քնել, ու ես լիքը խաղում եմ իմ նոր խաղալիքներով»: 8-ամյա Էվիտայի ու նրա հասակակից Կարինայի համար Ամանորը նաև ասոցացվում է ընտանիքով գունավոր, գեղեցիկ ու տոնական ուտեստներ ու թխվածքաբլիթներ պատրաստելու հետ, երբ իրենք էլ մասնակցություն են ունենում այդ ամենին և օգնում են մայրիկներին:  «Նոր Տարուն շատ երջանկություն և ուրախություն կա: Շատ եմ սիրում, որ հյուր ենք գնում ու բոլորի տանը Նոր Տարի է ու ուրախ», - ասաց 11-ամյա Սուսաննան:

 

Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող այս ցանկություններն ու պատկերացումներն Ամանորի մասին բացահայտում են մանուկների ներաշխարհը՝ ջինջ, անհոգ ու ջերմ: Փոքրիկների հետ խոսելիս ակամայից ցանկություն է առաջանում գեթ մի պահ տեղափոխվել նրանց փոքրիկ ու տաքուկ աշխարհ, նորից զգալ, թե որքան լավ էր, երբ Ամանորի միակ ցանկությունդ սահմանափակվում էր Ձմեռ Պապիից նվերներ ու շատ կոնֆետներ խնդրելով:

Թող այս աշխարհի բոլոր մանուկները լինեն երջանիկ, անհոգ ու ընտանեկան ջերմությամբ պարուրված, իսկ 2016թ-ը դառնա նրանց համար հեքիաթային ու անակնկալներով լի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: