ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Վրաստանի ներքաղաքական կյանքը 2015թ-ին. ամփոփում

2015 թվականը Վրաստանի համար համեմատաբար բարդ և միևնույն ժամանակ հագեցած տարի էր: Հայաստանի հյուսիսային հարևանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում արձանագրվեցին ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ որոշակի բարդություններ: Համառոտ անդրադառնանք, թե ինչպիսին էր 2015-ը Վրաստանի համար.

Ներքաղաքական կյանք

2015թ-ին Վրաստանի ներքաղաքական գործընթացները բավական սերտորեն կապված էին երկրի տնտեսական վիճակով: Տարին սկսելով լարիի շուրջ 30% ինֆլյացիայով՝ ողջ տարվա ընթացքում իշխող «Վրացական երազանքը» փորձում էր տարբեր լուծումներ գտնել աստիճանաբար խորացող տնտեսական խնդիրների համար: Ռուսաստանից դրամական տրանսֆերտների նվազումը, պարբերաբար գրանցվող գնաճը, գործազրկության մակարդակի պահպանումը բավական լուրջ մարտահրավերների էին իշխանությունների և մասնավորապես կառավարության համար: Իրավիճակն առավել էր բարդանում, երբ ընդդիմությունը, հատկապես՝ «Միացյալ ազգային շարժումը» սկսում էր շահարկել առկա խնդիրները: Այս ամենն, անշուշտ անդրադառնում էր նաև հանրային տրամադրությունների վրա և, որպես դրա դրսևորում, մի քանի անգամ ականատես եղանք ընդդիմության կողմից կազմակերպված բազմամարդ բողոքի ակցիաների:

Աճող դժգոհությունների ֆոնին կառավարությունը փորձում էր մանևրել տարաբնույթ տնտեսական բարեփոխումների, անգամ կադրային փոփոխությունների միջոցով: Այս առումով հարկ է նշել, որ 2015 թվականին Վրաստանի կառավարության կազմում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնք ներառեցին այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են արտաքին գործերի, էկոնոմիկայի, պաշտպանության և այլ նախարարությունները:  Հատկանշական է նաև այն, որ որոշակի վերադասավորումների տեղի ունեցան նաև խորհրդարանում. տարբեր հակասություններ ի հայտ եկան «Վրացական երազանք» կոալիցիայի մեջ, բացի այդ պառակտում եղավ «Միացյալ ազգային շարժման» կազմում և կուսակցությունը լքած որոշ պատգամավորներ ստեղծեցին իրենց առանձին ընդդիմադիր ֆրակցիան:

Ներքաղաքական գործընթացների գագաթնակետը թերևս դարձավ դեկտեմբերի 23-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Չնայած տարբեր մեկնաբանություններին՝ առավել տրամաբանական է այդ քայլը դիտարկել «Վրացական երազանքի»՝ 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանության համատեքստում:

Ներքաղաքական գործընթացների շարքում թերևս պետք է առանձնացնել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ եղած զարգացումները: Վերջինիս նախկին սեփականատիրոջ հայցը դատարան՝ իրավունքների վերականգնման համար, ընդդիմության կողմից ընկալվեց և սկսվեց ներկայացվել որպես հարձակում այլընտրանքային կարծիքի, խոսքի ազատության և մամուլի ազատության նկատմամբ: Ավելին, ընդդիմության այս մեկնաբանությունները տարածվեցին նաև Վրաստանի եվրոպական գործընկերների շրջանում և անգամ տարբեր դեսպաններ հանդես եկան նախազգուշացնող հայտարարություններով:

2015թ-ի ներքաղաքական զարգացումներից հիշարժան է նաև այն, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, սակայն Ինտերպոլը հրաժարվեց գործին ընթացք տալ՝ տեսնելով քաղաքական դրդապատճառներ: Մի քանի ամիս անց Վրաստանի արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և ավարտին հասցրեց Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացը՝  հիմք ընդունելով նրա ուկրաինական քաղաքացիությունը:

Ընդհանուր առմամբ, եթե փորձենք ամփոփել Վրաստանի ներքաղաքական տարին, ապա կարող ենք միանշանակ պնդել, որ տարվա կեսերից արդեն երկրում մեկնարկել և աստիճանաբար ակտիվանում էին 2016թ-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միանշանակ հստակ գիտակցում են, որ բավական անելիքներ ունեն: Այս մասին են վկայում նաև վերջին մի քանի սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ հիմնական երկու ուժերի՝ իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների նկատմամբ հանրային աջակցությունը տատանվում է մոտ 13-15%-ի միջակայքում, իսկ չկողմնորոշված կամ հիասթափված քաղաքացիների քանակը բավական մեծ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: