ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակահայկական նախագծերի քվեարկությունը թեստ է ԵԽԽՎ համար

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ընդգրկված Ուոլթերի և Մարկովիչի հեղինակած հակահայկական բանաձևերի նախագծերի քվեարկությունը, ըստ էության, թեստ է ԵԽԽՎ խորհրդարանականներ համար՝ ցույց տալով ԵԽԽՎ գործունեության նկատմամբ նրանց ունեցած լրջության և պատասխանատվության աստիճանը:

Հարցն ամենևին այն չէ, թե այս նախագծերն ի վերջո կդառնա՞ն բանաձևեր, թե ոչ, քանի որ ԵԽԽՎ բանաձևերը որևէ պարտադիր իրավական ուժ չունեն, հետևաբար չեն կարող ստիպել հայկական կողմերին որևէ կերպ հետ կանգնել սեփական շահերից: Այս բանաձևերի նախագծերի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ մի կազմակերպություն, որի առաքելության շրջանակներում չէ հակամարտությունների կարգավորումը, իր օրակարգ է մտցնում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով բանաձևի նախագիծ, իսկ Սարսանգի ջրամբարին վերաբերող նախագծում բարձրացված հումանիտար խնդիրը քաղաքական շահարկման առարկա է դարձնում: Ավելին՝ այս նախագծերի պատրաստման ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ դրանք երկուսն էլ վերաբերում են Արցախին և այնտեղի ժողովրդի ճակատագրին, հեղինակները որևէ կերպ հաշվի չեն առել նրանց կարծիքը և չեն փորձել տեղում ծանոթանալ իրավիճակին:

Ակնհայտ է, որ նման միակողմանի բանաձևերով ԵԽԽՎ-ն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են, որ 20 տարի առաջ ստանձնել են այս հակամարտությունը կարգավորելու միջնորդությունը, և որևէ կերպ տրամաբանական չէ, որ բանաձևերի նախագծերը հայտնվում են ԵԽԽՎ օրակարգում, այն էլ առանց միջնորդների հետ խորհրդակցելու, ինչը նաև կասկածներ է առաջացնում զեկուցողների մարդասիրական մղումների հետ կապված: 2015թ.-ի նոյեմբերին, ինչպես նաև ընդամենը մի քանի օր առաջ համանախագահներն այս ամենի շուրջ հայտնեցին իրենց մտահոգությունը: Հունվարի 22-ի իրենց համատեղ հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԽԽՎ խորհրդարանականներին կոչ արեցին «չձեռնարկել քայլեր, որոնք կարող են թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»: Սա բավականին լուրջ ուղերձ է ԵԽԽՎ-ին, ևս մեկ հիշեցում, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և չմիջամտի մյուս կառույցների գործունեությանը:

Այս առումով, թերևս, առավել տրամաբանական, ինչպես նաև կողմերի համար առավել ընդունելի և արդյունավետ կլիներ, եթե ԵԽԽՎ-ն, իր հայտարարված նպատակներից ելնելով, հանդես գար հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորման և ամրապնդման նախաձեռնություններով և իր կառուցողական քայլերով նպաստեր հակամարտության հումանիտար խնդիրների հաղթահարմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: