ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի մեղադրանքները համանախագահներին ցինիզմի նոր դրսևորում էին

Ալիևի դժգոհությունը համանախագահներից վերածվում է ուղղակի մեղադրանքների: Եվ Ադրբեջանի նախագահը, վրդովված լինելով ԵԽԽՎ երկու հակահայկական բանաձևերի քննարկման նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած հայտարարության պատճառով, նրանց մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու և իսլամաֆոբիայի մեջ:

Ադրբեջանական կողմը բազմիցս է մեղադրել համանախագահներին ոչ արդյունավետ գործելու մեջ, սակայն նման խիստ մեղադրանքներն առաջին անգամ էին հնչում: Դրդապատճառը մեկն էր. միշտ արհեստական բալանսավորման ձգտող և Ադրբեջանի սադրանքներն ու ռազմատենչ հռետորաբանությունը բացահայտ և ուղղորդված քննադատելուց խուսափող համանախագահները հայտարարություն էին տարածել, որով «խառնել էին Ադրբեջանի խաղաքարտերը»:

Բաքուն բավական երկար և ոչ այնքան մատչելի գործիքներ էր կիրառել այդ զեկույցները նախաձեռնելու, դրանցում իրենց ցանկալի դրույթները ներառելու, դրանք բանաձևերի նախագծի մակարդակի հասցնելու և լիագումար նիստ բերելու համար, որպեսզի հաստատվելուց հետո օգտագործեր որպես հերթական գործիք իր հակահայկական քարոզչության մեջ: Եվ սա բավական կանխատեսելի է, քանի որ ԵԽԽՎ պատվիրակները բավական շատ են, նրանցից շատերին այնքան էլ չի հուզում Ղարաբաղյան հակամարտությունը, իսկ Ադրբեջանն ունի «համոզելու» իր՝ բոլորին հայտնի մեթոդները: Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ն միակ հարթակը չէ, որտեղ Ադրբեջանը նման քայլեր է ձեռնարկում:

Այնուամենայնիվ, համանախագահների մոտեցումն այս հարցում բավական կանխատեսելի էր՝ թույլ չտալ հարցի տեղափոխում այլ հարթակներ, փոխադարձ ճնշումների ընդլայնում և բանակցային գործընթացի տապալում: Ցանկացած հակամարտության շուրջ հնարավոր է համաձայնության գալ, եթե դրա շուրջ գործընթացը տեղի է ունենում մեկ, համաձայնեցված հարթակում, իսկ տարածելը տարբեր դաշտերում և դրանցում դիվիդենտներ հավաքելը միայն բարդացնում է գործընթացը, իսկ միջնորդների գործունեությունը՝ դարձնում անհնար:

Ուստի համանախագահների մոտեցումը պայմանավորված էր միայն բանակցային գործընթացի շահերով, ոչ թե ուղղված էր հայկական կողմերին պաշտպանելուն:

Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարության այսօրվա հայտարարությունների, մեղադրանքների ու տոնայնության, բանակցային գործընթացում և դրանից դուրս՝ սահմաններին, պահվածքի մեջ իրենց մեղավորության մեծ չափաբաժինն ունեն նույն համանախագահները: Արհեստական բալանսավորումը, կոչերի ուղղորդված չլինելը, գնահատականների մեջ անորոշությունը ստեղծել են ամենաթողության մի մթնոլորտ, որն այսօր Ալիևին հնարավորություն է տալիս մեղադրելու համանախագահներին իսլամաֆոբիայի մեջ և կրկին մնալ «անպատիժ»:

Ի վերջո, ադրբեջանական շանտաժը գնալով ահագնանում է, և հայկական կողմերը որքան էլ ձգտում են քաղաքական կարգավորման ու կառուցողականության, բանակցային գործընթացի հանդեպ հարգանք են տածում, բայց որոշ պահի կդադարեն իրենց զսպված զգալ բանակցային գործընթացով ու Ադրբեջանին ստիպված կլինեն պատասխանել իր լեզվով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: