ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ նախագահը նախատել է գործընկերոջը. այստեղ է Սերբիայի խորհրդարանի նախագահը

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունելով իր գործընկերոջը՝ Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գայկովիչին,  նախատինքի խոսքեր է հնչեցրել սերբ պատգամավորների վերաբերյալ: Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի համար շատ մեծ անակնկալ էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը:

Բացի մեկ պատգամավորից, ով քվեարկել էր ձեռնպահ, սերբական պատվիրակության մյուս բոլոր անդամները կողմ էին քվեարկել ԵԽԽՎ-ում ներկայացված երկու հակահայկական բանաձևերին:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, նման քվեարկությունը հակասում էր երկու երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունների և փոխադարձ բարյացակամության ոգուն, ինչպես նաև Սերբիայի պաշտոնական դիրքորոշմանը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Սերբիան գոնե պետք է հետևեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ուղղված հորդորին, որով նման բանաձևերի ընդունումը դիտարկվում էր խնդրի խաղաղ կարգավորմանը չնպաստող գործոններ: 

Մայա Գայկովիչն ի պատասխան հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Սերբիայում տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կձևավորվի նոր խորհրդարանական պատվիրակություն, և այդ պատվիրակությունը կկարողանա ավելի արդյունավետ համագործակցել Հայաստանի պատվիրակության հետ:

Ըստ երևույթին, Սերբիան ունենալով տարածքային կորուստ ի դեմս Կոսովոյի, Ադրբեջանին համարում է իրեն բախտակից երկիր, և պատվիրակության պատգամավորները կարծում են, թե անջատողականության դեմ պայքարում պետք է պաշտպանեն Ադրբեջանին: Նրանք հավանաբար Ուոլթերի և Մարկովիչի զեկույցներն ընկալել են հենց այդ տեսակետից:

Հայաստանը, ընդհակառակը, պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ որոշ դեպքերում ինքնորոշման իրավունքը կարելի է ավելի գերակա դիտարկել, քան տարածքային ամբողջականության միջազգային նորմը: Այդ նկատառումից ելնելով Հայաստանի և այս երկրների շահերը շատ դեպքերում հակոտնյա են:

Սակայն մյուս կողմից էլ, Հայաստանը չի միացել այն տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը, և շարունակում է պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով Հայաստանը կարող էր ակնկալել, որ Սերբիայի խորհրդարանականները Հայաստանի համար կարևոր այդ հարցում գոնե կոմպլեմենտարություն կդրսևորեին, և ոչ թե գրեթե ամբողջ կազմով կքվեարկեին ադրբեջանանպաստ զեկույցների օգտին:

Ինչևէ, անդրադառնալով նաև երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, նշենք, որ Սերբիայում այժմ ակտիվորեն ընթանում է ԵՄ հետ ինտեգրման գործընթաց, որի համատեքստում Սերբիայի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ իր համոզմամբ, փոխադարձ օգտակար կլինի այս ընթացքում Հայաստանի հետ՝ որպես ԵԱՏՄ անդամի, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը ևս իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևորում է ԵՄ հետ համագործակցության զարգացումը։

Մայա Գոյկովիչը նաև կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը և հույս հայտնել, որ ՀՀ Նախագահն այս տարի կայցելի Սերբիայի Հանրապետություն, որի շրջանակներում ևս առիթ կլինի քննարկել միջխորհրդարանական հարաբերությունները։

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ սիրով ընդունում է գործընկերոջ հրավերը՝ այցելելու Սերբիա: Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց և անկեղծ է Սերբիայի հետ իր փոխհարաբերություններում, շահագրգռված է զարգացնելու միջպետական կապերը՝ փոխվստահության և համագործակցության մթնոլորտում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: