ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

ԱՄՆ-ում ընտրապայքարն ագրեսիվ ընթացք է ստանում

ԱՄՆ ընտրությունների առաջին փուլի՝ փրայմերիզի ավարտին մոտենալու հետ մեկտեղ, ԱՄՆ բնակիչները  կարող են ևս մեկ անգամ ականատես լինել ագրեսիվ ընտրապայքարի, ինչպես դա եղավ 1968 թվականին, երբ հանրապետական թեկնածու Ռիչարդ Նիքսոն  հաղթեց դեմոկրատ թեկնածու Հյուբերտ Համֆրիին:

Անցած ուրբաթ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Չիկագոյում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ, թեկնածուի կողմնակիցների  և հակառակորդների միջև ընդհարում տեղի ունեցավ: Թրամփին հակառակվողների շարքում հիմնականում  աֆրոամերիկացիները և լատինացիներն էին, ովքեր դեմ եմ հարապետական թեկնածուի հակամիգրացիոն դիրքորոշմանը: Վերջիններս հավաքին եկել էին «Ճնշել Թրամփին» (Trump trump) պաստառներով, իսկ նրանց հակառակորդները՝ Թրամփի կողմնակիցները՝  «Մենք Թրամփին ենք ուզում» (We want Trump ) պաստառներով:  

Ինչպես և սովորաբար պատահում է, միջադեպից հետո դեմոկրատները և Թրամփին աջակցող հանրապետականները սկսեցին միմյանց մեղադրել ագրեսիա հրահրելու մեջ: Պատկերն ավելի լավ հասկանալու համար անդրադառնանք մի շարք կարևոր հանգամանքների:

Զուգահեռներ անցկացնելով 1968 թվականի հետ՝ նշենք, որ երկու ընտրությունների ընթացքում էլ իրադարձությունների  էպիկենտրոն դարձավ  Չիկագոն իր ոչ միատարր  բնակչությամբ՝ կազմված թե′ սպիտակամորթներից, թե′ աֆրոամերիկացիներից: Խառը  բնակչությամբ նման բնակավայրերը սովորաբար  առավել զգայուն են  ցանկացած տեսակի խտրականությանը:

Մինչդեռ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի  աջակիցներն իրենց կոչում են «Լուռ մեծամասնություն» (Silent Majority), որը խորհրդանշում է «ԱՄՆ սպիտակամորթ բնակչությանը, որը  բողոքում է սևամորթների կողմից իրենց դեմ իրականացվող խտրականության դեմ»: Այս տերմինը 1968 թվականին  օգտագործվել է նաև Նիքսոնի կողմից: 

Թրամփը, ԱՄՆ սպիտակամորթ և սևամորթ բնակչության միջև նման ջրբաժան անցկացնելով և  պաշտպանելով սպիտակամորթներին, ըստ էության վերադառնում է հանրապետականների այսպես կոչված  «Հարավային ռազմավարությանը» (Southern Strategy): Այս ռազմավարությունը ենթադրում է սևամորթների դեմ խտրականություն դրսևորելու միջոցով շահել սպիտակամորթների վստահությունը (ռազմավարություն, որ օգտագործվել է նաև ԱՄՆ նախագահ Նիքսոնի կողմից): Այս տեսանկյունից զարմանալի չէ, որ հանրապետական թեկնածուի նման ռազմավարությունը, ինչպես դա եղավ նաև 1968 թվականին, երկրում առաջացնում է բախումներ հանրության տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև:

Վերոնշյալը փաստում է,  որ հանրապետականները, ի դեմս Թրամփի, ընտրարշավում հանրության տարբեր խմբերի միջև նման բախումների հրահրման հիմնական մեղավորներն են, սակայն միամիտ կլինի այս հարցում դեմոկրատներին բացարձակ անմեղ համարել:

Ասվածը հիմնավորելու համար, բավական է ուղղակի անդրադառնալ Չիկագոյում  ուրբաթ օրը տեղի ունեցած զարգացումներից հետո Իլյա Շեյմանի՝ Սորոս հիմնադրամի կողմից ֆինանսավորվող  MoveOn.org քաղաքական շարժման տնօրենի, կողմից հնչած հայտարարությանը: Շեյմանը փաստացի  ստանձնել է տեղի ունեցած բռնության ողջ պատասխանատվությունը և անգամ սպառնացել, որ նման միջադեպերը ուղեկցելու են Թրամփին իր ողջ քարոզարշավի ընթացքում: Հիշենք, որ Սորոս հիմնադրամը, ինչպես  նախկինում, այնպես էլ այսօր հանդիսանում է դեմոկրատ թեկնածուների հիմնական հովանավորը:  Օրինակ, այս քարոզարշավի  ընթացքում հիմնադրամը Հիլարի Քլինթոնին աջակցող «Priorities USA Action» Super PAC-ին է արդեն փոխանցել 8 միլիոն ԱՄՆ դոլար:

Ուստի, ամփոփելով պետք է փաստենք, որ երկու կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց բաժին պատասխանատվությունն են կրում ԱՄՆ հանրության  տարբեր խմբերի միջև նման կոնֆլիկտներ հրահրելու հարցում, որը չի կարող էլ ավելի չխորացնել նրանց միջև արդեն իսկ առկա ջրբաժանները: Իրավիճակը շատ նման է կրակի հետ խաղալուն, որը երկարաժամկետ հեռանկարում չի կարող բխել կուսակցություններից և ոչ մեկի շահերից: Եթե անգամ կուսակցություններից որևէ մեկին հաջողվի, ռասիզմը որպես խաղաքարտ օգտագործելով, ի վերջո հաղթել ընտրութուններում, ապագայում այդ կուսակցությունը կարող է կանգնել էլ ավելի պառակտված հանրությունը միավորելու մարտահրավերի առաջ, որը առաջին հերթի չի բխելու ընտրություններում  հաղթած և արդեն իշխող այդ կուսակցության շահերից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 11.27 կմ/ժ
12 C°
 
  17° 
20.04.2018
  11° 
21.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։