ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայր Թերեզայի սրբադասումը. իրականում սու՞րբ էր երանելիների շարքը դասված այս կինը

vk.com

Մայր Թերեզային համարում են աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ նրա կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել մարդկության պատմության մեջ։

Մայր Թերեզա Կալկաթացին, ում իսկական անունն Ագնես Գոնջա Բոյաջիու էր, կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության միաբանության»-ի հիմնադիրը, ով ծառայում էր հիվանդներին և աղքատներին։

Թերեզա անունը ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբադասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), ով հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։

Մայր Թերեզան ծնվել է 1910 թվականին Սկոպիեում: Նա հիմնադրել է «Սիրո քույրեր-առաքյալներ» իգական վանական համալիրը, որը ներկայումս 400 մասնաճյուղ ունի աշխարհի տասնմեկ երկրում: 1979 թվականին դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Իսկ 2003 թվականին Հովհաննես Պողոս երկրորդ պապի նախաձեռնությամբ Մայր Թերեզան երանելի է հռչակվել:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն, իր հերթին, հավանություն է տվել Մայր Թերեզային սրբադասելու առաջարկին: Միանձնուհու սրբադասման արարողությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 4-ին:

Մայր Թերեզայի սրբադասումը հնարավոր դարձավ նրա անվան հետ կապված հրաշքի ճանաչումից հետո: Բանն այն է, որ Վատիկանը հաստատել է, որ Բրազիլիայի 35-ամյա բնակիչը, ում մոտ ուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել, բուժվել է Մայր Թերեզայի երկնային միջնորդության շնորհիվ:

Մայր Թերեզան, ով մահացել է 1997 թվականին՝ 87 տարեկան հասակում, ըստ բազմաթիվ վերլուծաբանների, իրականում շատ հակասական կերպար է եղել:

Նրա անվան հետ կապված բազմաթիվ մութ գործեր ու պատմություններ կան, որոնք ջերմեռանդորեն ժխտվում են Թերեզայի մոլի երկրպագուների կողմից և պարբերաբար հաստատվում ու ապացուցվում ավելի թերհավատ մարդկանց կողմից:

Մայր Թերեզային գլխավորապես մեղադրում են այն բանի մեջ, որ իր կազմակերպության բյուջեի ֆինանսական պատկերը խիստ աղոտ ու մշուշոտ էր, ոչ թափանցիկ լրագրողների համար: Այդ բյուջեին պարբերաբար միլիոնանոց հանգանակություններ էին գալիս տարբեր կասկածելի անձանց կողմից, իսկ բարեգործությանն ուղղվում էր ընդհանուր բյուջեի լավագույն դեպքում 7 տոկոսը՝ համաձայն STERN գերմանական պարբերականի:

Բացի այդ, ըստ ականատեսների, «Գթասրտության միաբանության» հիվանդանոցներում և հումանիտար կենտրոններում, մեղմ ասած, ոչ հումանիտար պայմաններ էին գործում: Ո՛չ հիգիենիկ միջավայրում հիվանդներին գրեթե քաղցած էին թողնում և անգամ հասարակ ցավազրկող չէին տրամադրում՝ պատճառաբանելով, թե տառապող մարդն Աստծուն ավելի մոտ է գտնվում և իր կաշվի վրա է զգում Հիսուս Քրիստոսի չարչարանքները խաչվելիս:

Մայր Թերեզայի հիմնած կենտրոնները հետազոտած մի շարք բժիշկներ հավատացնում են, որ այնտեղ հիվանդություններն ախտորոշող անգամ պարզագույն սարքավորումներ չկային, իսկ ասեղներն ու ներարկիչները, որոնք բազմակի օգտագործման էին, բացարձակապես չէին ախտահանվում:

Lancet հեղինակավոր  բժշկական ամսագրի խմբագիր Ռոբերտ Ֆոքսն, օրինակ, դեռևս մայր Թերեզայի կենդանության օրոք, գրել էր, որ նրա հաստատությունները բժշկական օգնության իմիտացիա են անում, և իրենց մոտ բարձրակարգ բժիշկներ ներգրավվելու փոխարեն՝ անվճար աշխատող հազարավոր կամավորներ են ընդունում:

«Եվ դա այն պարագայում,  երբ «Սիրո քույրեր-առաքյալներին» նվիրատվությունները միլիարդների են հասնում», - հաստատել է նախկին կամավոր, գրող Մերի Լոուդոնը,  ով շոկի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես են այդ մռայլ ու գորշ պատերի ներքո մահանում ապրելու բավական մեծ հնարավորություն ունեցող մարդիկ:

Իսկ ահա կանադական համալսարաններից մեկի հոգեբան Սերժ Լարիվեի խոսքերով՝ ամենասարսափելին այն է,  որ ինքը մայր Թերեզան հիվանդանալիս բուժվում էր ԱՄՆ լավագույն հիվանդանոցներում, իսկ գործուղումներին մեկնում էր ամենահարմարավետ չվերթներով, այնինչ իր հիվանդներին և աղքատ մարդկանց հորդորում էր տառապանքի և թշվառության մեջ մնալ՝ այդպիսով հաճոյանալով Աստծուն:

Մի խոսքով՝ կարծիքները Մայր Թերեզայի անձի և գործունեության մասին խիստ հակասական են և բազմաբնույթ: Նրա սրբությունը միանշանակ չի ընկալվում բազմաթիվ մարդկանց կողմից և սրբադասման արարողությանը դեմ են կանգնած շատ ու շատ թերհավատներ: Այնուամենայնիվ, Վատիկանը դժվար թե տրվի տարատեսակ այս կասկածներին և ամենայն շուքով սեպտեմբերին կանցկացնի մայր Թերեզայի սրբադասման արարողությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: