ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 671,81 դրամ ԱՐԾԱԹ - 263,87 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 655,42 դրամ

Փոխզիջումային բանակցությունների մասին խոսելն այսօր տեղին չէ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին խոսելն այսօր անիմաստ է, իսկ դրա մեղավորը հենց Ադրբեջանն է, որը վերսկսեց ռազմական գործողությունները: Քառօրյա պատերազմը, բացի հանրային, քաղաքական տրանսֆորմացիաներից, նշանակալի փոփոխությունների պատճառ դարձավ նաև հակամարտության կարգավորման համատեքստում:

1995թ-ին այս ձևաչափով մեկնարկած բանակցությունները, որոնց հիմքում, ըստ էության, փոխզիջումների սկզբունքն էր, ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում անորոշ ժամանակով ընդհանրապես սառեցին: Այն, որ վերջին տարիներին բանակցային գործընթացը նշանակալի արդյունք  չէր տալիս, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Նախագահների, արտգործնախարարների հանդիպումները կրում էին ավելի շատ ֆորմալ բնույթ, քանզի բանակցային կողմերի դիրքորոշումները (կամ դրանց կոշտացումը) հնարավորություն չէր տալիս որևէ դրական դինամիկա արձանագրել: Սակայն կողմերի դիրքորոշումների պատճառով բանակցային գործընթացի փակուղային իրավիճակն էականորեն տարբերվում է ներկայիս դրությունից: Այժմ բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ԼՂՀ նկատմամբ իրականացրած ագրեսիայով: Հենց այդ ագրեսիան, ինչպես և կարելի էր ակնկալել, հանգեցրեց նաև հայկական կողմի դիրքորոշման առավել կոշտացման, ինչը նկատվում է նաև հայկական կողմերի հայտարարություններում: Ադրբեջանական կողմի հետ փոխզիջումների սկզբունքի վրա հիմնված բանակցություններ վարելու մասին այսօր անգամ խոսք գնալ չի կարող, ինչը բավական հստակ ամրագրված է թե՛ ՀՀ նախագահի Bloomberg պարբերականին տված հարցազրույցում, թե՛  Սարգսյան-Լավրով  առանձնազրույցում:

Այն, որ ստեղծված իրավիճակում բանակցությունների ակտիվ վերսկսում ակնկալելն իրատեսական չէ, գիտակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները: Ոչ մեկ անգամ ականատես լինելով, թե ինչպես է Ալիևը խախտում տարբեր մակարդակներով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ համանախագահները հասկանում են, որ չեն կարող տալ որևէ երաշխիք, որ բանակցային գործընթացի վերսկսման դեպքում Ադրբեջանը նոր արկածախնդրության չի դիմի:

Ավելին՝ ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում առկա է հանրային տրամադրությունների ռադիկալացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել նաև իշխանությունների դիրքորոշման վրա, մասնավորապես՝ նպաստել կարմիր գծերի ընդգծմանը: Քանի դեռ թարմ են քառօրյա պատերազմի «վերքերը», փոխզիջումների հիման վրա բանակցությունների ակտիվացումն, առնվազն այս պահին,  ընկալելի չէր լինի կողմերից և ոչ մեկին:

Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը թերևս գործընթացի անժամկետ սառեցումն է, ինչը մի կողմից համանախագահներին հնարավորություն կտա փորձել վստահության մթնոլորտ ձևավորել հակամարտության կողմերի միջև, մյուս կողմից՝ կհանգստացնի հանրային տրամադրությունները: Փոխվստահության միջավայրի ձևավորման համար հիմք կարող են դառնալ նաև նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված առաջարկները, և այժմ առավել քան հավանական է, որ համանախագահները մեծացնեն ճնշումը հակամարտության կողմերի վրա (մասնավորապես՝ Ադրբեջանի, ով միշտ մերժել է առաջարկները)՝ պարտադրելով դրանց իրականացում: Այս հարցում, համանախագահներից բացի, որոշակի դերակատարում կարող է ստանձնել նաև Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, որը վերջին շրջանում հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտության կարգավորմամբ:

Բանակցային գործընթացի վերսկսման դեպքում՝ հնարավոր առաջընթացի ապահովման համար և հակամարտության կարգավորման գործընթացում ընդհանրապես, էական դերակատարում կարող է ունենալ նաև ժողովրդական դիվանագիտությունը: Այդ հնարավորությունը վերջին տարիներին գրեթե զրոյացվել էր՝ պայմանավորված ադրբեջանական իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող հալածանքներով:

Ամփոփելով ասվածը՝ կարող ենք նշել, որ քանի դեռ առկա է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներն առավել կոշտ դիրքորոշում չեն որդեգրել 1994թ. հրադադարի համաձայնագրի պահպանման հետ կապված, փոխզիջումային բանակցությունների մասին խոսելը կլինի ոչ տեղին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 6.44 կմ/ժ
5 C°
 
   
25.01.2018
   
26.01.2018
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ-ն և/կամ Ռուսաստանը կփորձեն կանգնեցնել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Սիրիայում: