ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է փորձում փոխել Ադրբեջանը

Ապրիլի սկզբին Բաքվի սանձազերծած ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն ռազմական, այլև քաղաքական գործընթացում։ Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունն իր հայտարարություններում, հրադադարի մասին խոսելիս, առավելապես շեշտադրում է կատարում ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ շտաբի պետերի՝ Մոսկվայում ձեռք բերված բանավոր հայտարարության, այլ ոչ թե 1994թ. կնքված եռակողմ զինադադարի համաձայնագրի վրա:

Դրան զուգահեռ, Ադրբեջանի ներկայացուցիչը նամակ հղեց ՄԱԿ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, թե իբր հայկական կողմից ռազմական գործողությունները չեղարկել են 1994թ. հրադադարի համաձայնագիրը:

Այս քայլերով Ադրբեջանը հետապնդում է միանգամից մի քանի նպատակ։

Առաջին, այս կերպ պաշտոնական Բաքուն, փորձ է անում իբրև թե ամրագրել ապրիլյան պատերազմից հետո նոր իրավիճակն ու զրոյացնել մինչ այդ եղած պայմանավորվածություններն ու բանակցությունները, այդ թվում՝ դրանց իրավական հիմքերը: Սա նախնական քայլ է՝ «Մադրիդյան սկզբունքների» իր համար ոչ ցանկալի դրույթներից ազատվելու և արդեն նոր իրավիճակում մանևրելու ավելի լայն հնարավորություններ ստանալու համար:

Երկրորդ, 1994թ. զինադադարն ու 1995թ. դրա ամրապնդման համաձայնագիրը եռակողմ են և դրանց տակ իրենց ստորագրությունն են դրել և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի, և՛ Հայաստանի ներկայացուցիչները: Ադրբեջանը մշտապես խուսափում է Արցախը, որպես հակամարտության և բանակցությունների կողմ, ճանաչելուց՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնելով որպես երկկողմ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այժմ, Բաքուն փորձում է օգտվել նրանից, որ Մոսկվայում նոր համաձայնությունը ձեռք է բերվել Երևանի և Բաքվի միջև` այդ կերպ լեգալ բնույթ հաղորդելով Արցախին գործընթացից դուրս մղելուն:

Երրորդ, 1994թ. զինադադարը գրավոր համաձայնագիր է, որը կրակի դադարեցման պայմանավորվածությունից զատ ենթադրում է նաև այդ պահին առկա սահմանների ամրագրում: Մինչ դեռ ապրիլին Մոսկվայում ձեռք է բերվել միայն բանավոր պայմանավորվածություն կրակը դադարեցնելու վերաբերյալ: Ուստի, վերջինի վրա հղվելով՝ Ադրբեջանը փորձում է ազատվել նաև սահմանների ամրագրման խնդրից:

Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը հարվածի տակ են դնում հրադադարն ընդհանրապես ու ստեղծում են պատերազմի վերսկսման մեծ ռիսկ։ Բացի այդ, փաստացի այդ կերպ հարցականի տակ է դրվում 22 տարիների հաշտեցման ողջ գործընթացը՝ զրոյացնելով միջնորդների, այդ թվում նաև Ռուսաստանի (որը 1994թ․ համաձայնագրի կնքման հիմնական միջնորդն ու երաշխավորն էր) ջանքերը։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երևանյան իր այցի ընթացքում բազմիցս շեշտեց, որ 1994թ․ հրադադարի համաձայնագիրն անժամկետ է և պարտադիր կատարման համար։ 

Բաքուն, չկարողանալով լուծել իր խնդիրները մարտի դաշտում, փորձում է իր ապրիլյան արկածախնդրությունից  դիվիդենտներ քաղել գոնե քաղաքական հարթության մեջ։ Այս մոտեցումը հայկական երկու կողմերի համար անընդունելի է։ Դրանով է բացատրվում նաև ՀՀ պետական դիրքորոշման կոշտացումն ու ՀՀ նախագահի հայտարարությունն առ այն, որ բանակցությունների շարունակման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ չի պահպանվում 1994-1995թթ․ համաձայնեցված հրադադարը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: