ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային բուռն արձագանքն Իվետայի ելույթին

Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «Love Wave» կատարումով ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և անցավ կիսաեզրափակիչ: Եվրոպացի հանդիսատեսի շրջանում Իվետայի նկատմամբ հետաքրքրությունն ու համակրանքն անմիջապես երևում է, երբ կարդում ենք տարբեր հոդվածներ ու մեկնաբանություններ:

Իվետայի կատարումից անմիջապես հետո, օրինակ, BBC-ի եվրատեսիլյան էջը տեղադրել է նրա նկարը՝ երգի ազդեցության տակ վերնագրելով՝ «Oooooo oooo ooooo oooo Armenia»:

Բրիտանական The Telegraph-ը համեմատել է Իվետա Մուկուչյանին և Քիմ Քարդաշյանին։

Պարբերականն անդրադառնալով Եվրատեսիլին՝ նշել է, որ Հայաստանը եզրափակիչ է անցել շնորհիվ գլամուրային և քիչ «հագուստ կրող» իր երգչուհու։

«Մենք կարծում էինք, որ Քիմ Քարդաշյանն անոմալիա է, բայց պարզվում է, որ իր հայրենիքում այդպես թեթև հագնվելը նորմալ է», - կատակել է Telegraph-ը։

Մի շարք այլ եվրոպական կայքեր էլ Իվետային որակել են որպես «Հայաստանյան Բեյոնսե»՝ նրան համարելով չափազանց վառ, կրքոտ և սեքսուալ:

Եվրատեսիլյան շատ երկրպագուներ Իվետային նմանեցրել են նաև հայտնի ամերիկյան երգչուհի Նիկոլ Շերզինգերին:

Միջազգային մամուլում անդրադարձել են նաև Իվետայի ձեռքում ծածանվող Արցախի դրոշին և ընդհանրապես Եվրատեսիլի «դրոշային քաղաքականությանը»:

Կիսաեզրափակչին հաջորդող ասուլիսի ժամանակ մեր ներկայացուցիչը պատասխանել է  շվեդ լրագրողի հարցին, թե ինչու է բռնում  և ցուցադրում ԼՂՀ դրոշը:

«Ես ներկայացնում եմ իմ երկիրն ամբողջ սրտով, մտքով, և իմ ամբողջ էությամբ: Այն ամենն, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել, խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին: Իսկ սիրո ու խաղաղության ալիքն իմ միջից է հորդում, ես միայն խաղաղություն եմ ուզում: Ես հայ եմ, ով ապրել է Գերմանիայում: Ես մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի: Այդ իսկ պատճառով էլ ես բարձրացրի այդ դրոշը, որ մարդիկ կենտրոնանան դրոշի ու խաղաղության վրա», -նշել է Իվետան:

 Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներին խիստ վրդովվեցրել է ԼՂՀ դրոշը մեր պատվիրակության մոտ տեսնելու փաստը, և նրանք անգամ գրել են, թե հայերն իբր պետք է պատժվեն նման «սադրանքի» համար:

«Հայաստանն անպատիժ չի մնա: Այս երկրի հանդեպ հատուկ պատժամիջոցներ կկիրառեն, որոնք շատ լուրջ հետևանքներ կունենան», - մասնավորապես գրել է Haqqin.az–ը:

Մինչդեռ, ընդամենը վերջերս հրապարակվեց, որ Եվրատեսիլը մեղմացրել է այս տարվա իր դրոշային քաղաքականությունը: Մրցույթի կազմակերպիչները որոշեցին թույլատրել ազգային, տարածաշրջանային և տեղի դրոշները:

Եվրոպական հեռարձակողների միությունը նաև կոչ է արել ավելի հանդուրժող լինել մյուսների դրոշների նկատմամբ՝ հաշվի առնելով Եվրատեսիլ երգի մրցույթի ոչ քաղաքական բնույթը:

Ինչևէ, «Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ մայիսի 14-ին: Հաջողություն մաղթենք մեր մասնակցին և նրան բարձր հորիզոնականներ ցանկանանք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: