ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ անդամ որոշ երկրներ դեռ լիովին պատրաստ չեն փոփոխությունների

ԵԱՏՄ կոլեգիայում քննարկվում են առևտրային նոր նորմերի մասին հարցեր: Մասնավորապես խոսքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ-երկրների  միջև մաքսային անցակետերում ապրանքի գների ձևավորման գործընթացին: Բանն այն է, որ այդ գործընթացները ներկայումս նորմավորված չեն. միության անդամների անցակետերում ապրանքների մաքսային արժեքները որոշվում են այլ մատակարարներից ներկրվող փոխարինող ապրանքների գների հիման վրա՝ զեղչերի սահմանումով: Արդյունքում ապրանքն արտահանող բիզնեսմենները մաքսային անցակետերում ունենում են չվերադարձվող ծախսեր, որոնք բացասաբար են անդրադառնում ապրանքների վերջնական սպառման համար նախատեսված գների վրա՝ թանկացումների տեսքով:

Վերոնշյալ նորարարություններն ուղղված են հենց այդ հարաբերությունների կարգավորմանը, որոնք ենթադրում են ապրանքների մաքսային վճարների որոշում իրական արժեքների հիման վրա: Բացի այդ, նախատեսվում է ներդնել ներկրողի անմեղության կանխավարկածի մասին դրույթը, որով, եթե մաքսակետում նրանց կողմից նախապես սահմանված գները չհամընկնեն փաստացի գներին, ներկրողները կարող  են լրացուցիչ վճարումներ կատարել առանց տուգանվելու:

Միանշանակ է, որ նշված նորարարությունները միտված են միության անդամների միջև առևտրաշրջանառության մեխանիզմների կարգավորմանը և դրանք կարելի է բնութագրել որպես դրական գործիքներ:  Սրա հետ միաժամանակ, այնուամենայնիվ, երկու երկիր՝ Ղազախստանն ու Բելառուսը դեմ են նախագծին: Երկու երկրների կողմից դեմ հանդես գալը հիմնավորվում է վիճելի հարցերի առկայությամբ, որոնք կարող են առաջանալ նորմերի ներդրմամբ:

Բնականաբար բացառել, որ վիճելի հարցեր կլինեն, հատկապես ներկրողների անմեղության մեխանիզմի հետ կապված, չի կարելի: Սակայն ցանկացած տնտեսական ինտեգրացիոն միության աշխատանքի առաջին տարիներին, գործարկվող մեխանիզմների ու գործիքների ներդրմանը բնորոշ է այդպիսի հարցերի առկայությունը: Այստեղ Ղազախստանի ու Բելառուսի կողմից բարձրաձայնվող մտավախությունները կարող են կապված լինել որոշակի հանգամանքների հետ, այդ թվում նաև անվիճելի փաստի, որ ի տարբերություն տնտեսական ինտեգրացիաների  ձևավորման դասական փորձի, ԵԱՏՄ անդամների միջև մինչ անդամակցելը չէին ստեղծվել առևտրատնտեսական մեխանիզմների սերտաճման նախադրյալներ: Այստեղից էլ ցանկացած նորարարության նկատմամբ անվստահության մակարդակը: Մյուս կողմից, բացառված չէ, որ որպես սկզբում Խորհրդային, ապա  ԱՊՀ անդամ հանդիսացող երկրների համար դժվար է հրաժարվել տարիներ շարունակ գործող և իրեն արդարացնող յուրատեսակ «ավանդույթ» դարձած հարաբերություններից:

Ամեն դեպքում, ԵԱՏՄ-ին դեռ մի քանի տարի բնորոշ կլինեն այս կամ այն նախագծի շուրջ անհամաձայնություններն ու լրացուցիչ քննարկումները: Դա այնքան ժամանակ, քանի դեռ անդամների ինտեգրացված հարաբերությունները չեն մտել բնականոն հուն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: