ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շիա-սուննի հակամարտությունը շարունակում է խորանալ

Մալդիվյան կղզիների կառավարությունը որոշել է խզել Իրանի հետ 40-ամյա դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտնում է International Business Times-ը: Մալդիվներն իր այդ որոշումը բացատրում է նրանով, որ Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության վրա: Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ծոցի խաղաղությունը կապված է Մալդիվների խաղաղության, կայունության ու անվտանգության հետ: Մալդիվների արտաքին գերատեսչությունը նաև կոչ է արել Իրանին «ընդունել և իրականացնել Իսլամական համագործակցության կազմակերպության առաջարկությունները»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Թուրքիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին բոյկոտեց Վերջնական կոմյունիկեի ընդունումը՝ իր անհամաձայնությունը հայտնելով փաստաթղթում տեղ գտած մի շարք կետերի հետ, որոնք կոչ էին անում Իրանին զերծ մնալ այլ երկրների ներքին գործերին միջամտելուց: 

Նշենք, որ Իրանն ու Մալդիվները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1975 թվականին, թեև երկուսն էլ դեսպանություն կամ հյուպատոսություն միմյանց երկրներում չունեն: DAWN-ը հայտնում է, որ անցյալ ամիս Մալդիվների նախագահն ընդունել է Հնդկական օվկիանոսի շրջանում Իրանի նորանշանական դեսպանին՝ հույս հայտնելով, որ Մալդիվները կարող է սկսել նավթ ներմուծել Իրանից:

Radio Liberty-ի  տվյալներով Մալդիվների ընդդիմությունը դեմ է այս որոշմանը: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ սա անտրամաբանական արկածախնդրություն է:

Իրականում Մալդիվների որոշումը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի հետ սերտ հարաբերություններով: Մալդիվները 341,000 բնակչություն ունի, որոնց մեծ մասը սուննի մուսուլմաններ են:

Անցյալ տարի Սաուդյան Արաբիան դեսպանատուն է հիմնել Մալդիվներում և շոշափելի ֆինանսական աջակցություն տրամադրել երկրի կառավարությանը: Էլ-Ռիյադը Մալդիվներին 50 միլիոն դոլար է խոստացել ռազմական բնակարանային ծրագրի ֆինանսավորման համար: Որոշ տվյալների համաձայն Մալդիվները նպատակ ունի ևս 100 միլիոն դոլար ստանալ սաուդական թագավորությունից երկրի գլխավոր օդանավակայանն ընդլայնելու համար:

Ստացվում է, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Մալդիվների որոշումը նպատակ ունի ընդգծելու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարևորությունը: Հիշեցնենք, որ հունվարին Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների հերթական սրացումից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին սաուդական թագավորության մի շարք դաշնակիցներ ևս, այդ թվում Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սենեգալը և այլն:

Սուննի-շիա տարաձայնությունները վերջին շրջանում էապես խորացել են: Դրանք հատկապես ակներև են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում և բազմաթիվ այլ երկրներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: