ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամառային հանգստի համար այս տարվա լավագույն առաջարկները տուրիստական գործակալների կարծիքով

Մոտենում է ամառը… Շատերս ենք արդեն սկսել երազել արևի, ծովի և ավազի մասին…Ոմանք էլ ուզում են պարզապես մի քանի օր վայելել հենց Հայաստանում, մեր ոչ պակաս գրավիչ հանգստյան գոտիներում: Ու՞ր կարելի է մեկնել այս տարի: Ի՞նչ հարմար տարբերակներ կան արտաքին և ներքին տուրիզմի համար: Այս հարցերը «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձեց ճշտել մի քանի երևանյան հայտնի տուրիստական գործակալություններից:

Ուշագրավ է, որ բոլոր հարցված գործակալներն անխտիր նշում էին, թե այս տարվա ամենամեծ ժողովրդականություն և պահանջարկ վայելող երկիրն արտաքին տուրիզմի համար Հունաստանն է:

«Հունաստանը վերջին տարիների ամենացանկալի նշանակետն է հայերի համար: Համեմատաբար ավելի մատչելի է մյուս երկրներից, կան ուղիղ չվերթներ, և հայերը շատ են հավանում հատկապես այնտեղի լողափերը: Ելնելով թռիչքի հարմարավետությունից՝ Հունաստանում ավելի մեծ պահանջարկ վայելողներն են Կրետե և Ռոդոս կղզիները, Հալկիդիկի թերակղզին», - ասում է Նարինեն «Էլիտար Թրեվլ» գործակալությունից:

Նշենք, որ Հունաստան ուղղված փաթեթները հիմնականում 9-10 օրով են լինում՝ ելնելով նախատեսված ուղիղ չվերթների ժամկետներից, ինչը արժենում է նվազագույնը մոտ 600 եվրո:

Իսկ ահա «Կապիտան Թրեվլ Քլաբ» գործակալությունից Մարինան հավելում է, որ հայերի հոսքը շատ մեծ է նաև դեպի Իսպանիա, Իտալիա: Դեպի Իտալիա մեկ շաբաթով մեկ անձի ամբողջական փաթեթը 550-650 եվրո է կազմում: Մարինայի խոսքով, այս տարի նաև մատչելի ու հարմար տարբերակներ են լինելու դեպի Եգիպտոս, որտեղ 9-10 օրը մոտավորապես 500 դոլարի կարգի կարժենա: Սակայն պետք է նշել, որ Շարմ-Էլ-Շեյխի ավիավթարից հետո Նոր Տարվա շրջանում պահանջարկը դեպի Եգիպտոս կտրուկ անկում էր ապրել, շատերն այն ժամանակ անգամ տոմսերն էին փոխել և հետ տվել փաթեթները, իսկ այժմ կրկին հետաքրքրվողներ կան:

«Անկում է ապրել նաև մարդկանց հոսքը դեպի Փարիզ, Բրյուսել: Ահաբեկչություններից հետո, որ տեղի ունեցան այս եվրոպական քաղաքներում, հետաքրքրվողների քանակը շատ քիչ է: Հիմնականում մարդիկ այնտեղ մեկնում են գործուղումների, սակայն հանգստի առումով ոչ ոք չի հարցնում», - նշում է Մարինան:  

Ինչ վերաբերում է արտաքին տուրիզմին, արձանագրենք մեզ համար թերևս մի փաստ: Բոլոր գործակալությունները միաձայն նշում էին, որ հայերի շրջանում ընդհանրապես պահանջարկ չկա դեպի Թուրքիա: Ո՛չ նախորդ տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ո՛չ էլ այս տարի բացարձակապես հետաքրքրվող չի եղել Թուրքիայում զբոսաշրջությունից, հավաստիացնում են տուրիստական գործակալները:

Իսկ ահա Հայաստանում ներքին զբոսաշրջության միտումների մասին զրուցեցինք Քրիստինայի հետ «Ռիկա Թրեվլ»-ից, ով ասաց, որ մեր երկրի ներսում հայերն ավելի շատ նախընտրում են գնալ Ծաղկաձոր ու Դիլիջան, իսկ առողջարանային հանգստի համար Ջերմուկ և Արզնի:

«Ծաղկաձորի մեկ շաբաթը մեկ անձի համար երկտեղանոց համարում նվազագույնը կլինի 80000 դրամ, իսկ Դիլիջանում գներն արդեն սկսվում են 120 000 դրամից: Ջերմուկում և Արզնիում, ելնելով իրենց մատուցած հավելյալ ծառայություններից, գներն ավելի բարձր են», - նշեց Քրիստինան:

Ինչևէ, որտեղ էլ որոշեք մեկնել հանգստանալու, լինի դա Հայաստանում, թե արտերկրում, կարևորն, ինչպես ասում են, լավ ընկերակցությունն է ու բարձր տրամադրությունը:

Մաղթում ենք ձեզ ուրախ ժամանց և անմոռանալի հանգիստ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: