ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Հնդկաստան-Աֆղանստան. ևս մեկ տրանսպորտային միջանցք

reluctantfundamentalist.blogspot.com

Միջին Արևելքում և Հարավային Ասիայում քաղաքականության ամենագլխավոր հարցերից է տրանսպորտային միջանցքների ձևավորումը: Այժմ հիմնականում խոսվում է Չինաստանի և նրա Նոր Մետաքսի ճանապարհի՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծի մասին, սակայն այս տարածաշրջանում մի շարք այլ տրանսպորտային ծրագրեր կան, որոնցից են Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը (CPEC), Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան (TAPI), Իրան-Պակիստան-Հնդկաստան (IPI), Իրան-Օման-Հնդկաստան (IOI) խողովակաշարերը, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը:

Այստեղ յուրաքանչյուր մասնակից սեփական խաղն է տանում, ընդ որում միևնույն երկրները կարող են մի նախագծում դաշնակիցներ լինել, իսկ մյուսում՝  հակառակորդներ: Իրանի վրայից պատժամիջոցների մասնակի հանումը «միջանցքային պատերազմի» համար լրացուցիչ խթան հանդիսացավ:

Այս համատեքստում հետաքրքրության է արժանի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական այցը Թեհրան մայիսի 22-23-ը: Այն շատ կարևոր էր, քանի որ տեղի ունեցավ հակաիրանական պատժամիջոցները հանելուց հետո: Սա Մոդիի՝ երկու տարի առաջ իշխանության գալուց հետո առաջին այցն է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հետ նա բանակցություններ է վարել առևտրատնտեսական, քաղաքական և մշակութային հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ:

Երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության համար կարևոր են նավթային և գազային ոլորտները: Իրանը նավթի ու գազի հարուստ պաշարներ ունի, իսկ Հնդկաստանի տնտեսության զարգացման համար ավելի ու ավելի շատ էներգակիրներ են անհրաժեշտ:

Այցի ընթացքում կնքվել է 12 փաստաթուղթ, սակայն դրանց մեջ ամենակարևորն Իրան-Հնդկաստան-Աֆղանստան եռակողմ համաձայնագիրն էր իրանական Չաբահար նավահանգստով տարանցման միջանցքի մասին, որի ստորագրման համար հատուկ Թեհրան էր ժամանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին:

Իրանական Չաբահար նավահանգիստը կարող է դառնալ տարբեր երկրները միմյանց միացնող կետ, որոնց թվում են Հնդկաստանը, Աֆղանստանը, Միջին Ասիայի, ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի երկրները:

Հիշեցնենք, որ Հնդկաստանը և Իրանը Չաբահարի նավահանգստի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել դեռևս 2015-ին:

Նավահանգստի զարգացումը Չաբահար-Զահեդան-Զարանջ ցամաքային երթուղու օգտագործման հետ միասին Աֆղանստանին թույլ կտա ծովով ուղիղ ելք ստանալ դեպի Հնդկաստան, իսկ վերջինիս էլ՝ դեպի Միջին Ասիա՝ շրջանցելով Պակիստանը: Չաբահարի շրջանում Մեքրան ազատ տնտեսական գոտում ավելի քան 50հա տարածքում արդեն գրանցվել են 130 աֆղանական ընկերություններ, որոնք պատրաստ են Իրանով բեռներ տեղափոխել:

Նշենք, որ Պակիստանը Հնդկաստանին թույլ չի տալիս իր տարածքով ապրանք տեղափոխել դեպի Աֆղանստան և միայն վերջերս է թույլատրել, որ աֆղանական որոշ ապրանքներ մտնեն Հնդկաստան:

Հնդկաստանի այս քայլը կարելի է դիտարկել որպես Պակիստանում Չինաստանի ազդեցության հակակշիռ: Վերջինս Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցք նախագծի շրջանակներում վերակառուցում է պակիստանյան Գվադար նավահանգիստը, որն ընդամենը 72կմ հեռավորության վրա է գտնվում Չաբահարից:

Իրանի և Հնդկաստանի համատեղ ներդրումները կնպաստեն նոր միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծմանը: Ըստ համաձայնագրի, Հնդկաստանը $500մլն դոլար կհատկացնի Օսմանյան ծոցի ափին գտնվող այս նավահանգստի զարգացմանը, որը կվերածվի տարածաշրջանային հզոր առևտրային կենտրոնի: Սա արտասահմանյան առաջին նավահանգիստն է, որում Հնդկաստանն այս աստիճանի ներգրավված է: Բացի նավահանգիստը վերակառուցելուց, Հնդկաստանը կօգնի նաև 500կմ երկարություն ունեցող երկաթուղի կառուցել Չաբահարի և Զահեդանի միջև:

Հնդկաստանը և Իրանը վերանայում են երկկողմ փոխգործակցությունը նոր համատեքստում՝ հաշվի առնելով, Իսլամական Պետության դերի աճը, պահպանվող անկայուն վիճակն Աֆղանստանում և Չինաստանի դերն իր «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագծով ու Պակիստանի Գվադար նավահանգիստը չինական Սինծյան-ույղուրական շրջանի հետ կապող տնտեսական միջանցքով:

Սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է, քանի որ պետություններին պարտավորեցնում է կանոնակարգել սեփական արտաքին քաղաքականությունը՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանային համագործակցության համար: Իրանի նախագահի խոսքերով, փաստաթուղթը լայն հնարավորություններ է բացում նաև այլ պետությունների համար: Այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, այլ նպատակ ունի համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: