ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հույն-կիպրացիները դե՞մ են կիպրական խնդրի կարգավորմանը

Reuters

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում Մարդասիական համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի կազմակերպած ճաշկերույթին: Ինչպես փոխանցում է Hurriyet-ը, մերժման պատճառ է դարձել ճաշկերույթին Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուստաֆա Ակընջիի մասնակցությունը:

Հարկ է նշել, որ Անաստասիադիսի այս քայլը որոշակի տարակուսանք է առաջացնում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Անաստասիադիսը և Ակընջին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ վճռականություն հայտնելով մինչև ընթացիկ տարվա վերջ հասնելու կիպրական խնդրի կարգավորմանը՝ կղզում դաշնային պետության ստեղծման միջոցով: Մեկ տարվա ակտիվ բանակցություններից հետո, կողմերը դեռ ունեն տարաձայնություններ՝ մասնավորապես անվտանգության և հաշտության երաշխիքների վերաբերյալ: Անաստասիադիսը կարծում է, որ կղզու երկու մասերի ղեկավարները համաձայնության հասնեն առանց Թուրքիայի, մինչդեռ թուրք-կիպրացիների ղեկավարի պնդմամբ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ընդլայնված համաժողովում՝ երաշխավոր պետությունների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ:

Հարկ է նշել, որ եթե ամեն դեպքում Կիպրոսի երկու հատվածների ղեկավարներին հաջողվի համաձայնության գալ հակամարտության կարգավորման շուրջ, հաշտությունը կարող է և չկայանալ. կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը պետք է համաձայնություն տա նաև Կիպրոսի երկու մասերի բնակչությունը: Նախորդ հանրաքվեին, որ կայացել է 2004 թվականին ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի նախաձեռնությամբ, հույն կիպրացիները մերժել են կղզու վերամիավորման առաջարկը՝ նշելով, որ դա կլինի իրենց կողմից կղզու օկուպացիայի ճանաչում:

Կղզու վերամիավորումը մեծ հաշվով ձեռնտու է գլխավորապես թուրք-կիպրացիներին, ովքեր ոչինչ «չզոհելով» դառնում են ԵՄ անդամ և օգտվում դրա տված առավելություններից, իսկ հույն-կիպրացիները արդյունքում գրեթե ոչինչ չեն ստանում: Այս համատեքստում վերլուծաբանները կարծում են, որ եթե նույնիսկ Կիպրոսի երկու հատվածների ղեկավարները քաղաքական կամք ցուցաբերեն հակամարտության կարգավորման հարցում, հույն-կիպրացիները կրկին կարող են մերժել այդ առաջարկությունը: Կիպրոսի հունական մասի նախագահի հրաժարվելը մասնակցել ճաշկերույթին, որին ներկա է լինելու նաև թուրքական Կիպրոսի ղեկավարը, կարել է դիտարկել հենց այս համատեքստում:

Հիշեցնենք, Կիպրոսը բաժանվել է երկու՝ հունական և թուրքական մասերի 1974 թվականին Հունաստանին կղզու միացումը թույլ չտալու նպատակով Թուրքիայի զինված ներխուժման արդյունքում: 1983 թվականին Կիպրոսի տարածքի 37 տոկոսի վրա հռչակվում է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որը մինչ այժմ ճանաչել է միայն Թուրքիան: Նշենք, որ Ադրբեջանը ևս քննարկում էր թուրքական Կիպրոսի ճանաչման հարցը, սակայն Ղարաբաղի հետ նույնականացումից վախենալով՝ հրաժարվեց այդ մտքից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: