ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմից հետո կտրուկ աճել է ԼՂՀ այցելող օտարերկյա պաշտոնյաների թիվը

Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններով Ադրբեջանն անուղղակիորեն նպաստեց նրան, որ ԼՂՀ-ն  հայտնվի  միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Այդ օրերին Ղարաբաղյան հակամարտությունը դարձավ  միջազգային առաջատար լրատվամիջոցների թեժ թեմաներից մեկը և մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ այցելեցին ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու և լուսաբանելու ստեղծված իրավիճակը:  

Այս համատեքստում հետաքրքիր է նաև արձանագրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ավելի հաճախակի դարձան օտարերկրյա քաղաքական գործիչների այցերը ԼՂՀ և հանդիպումներն արցախյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ասվածը հիմնավորելու համար անհրաժեշտ է ուղղակի նշել, որ միայն ապրիլ- մայիս ամսիների ընթացքում ԼՂՀ նախագահն օտարերկյա քաղաքական գործիչների հետ  անցկացրել է 6 պաշտոնական հանդիպում: Օտարերկյա հյուրերի շարքում էին պատգամավորներ Եվրոպական խորհրդարանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լատվիայից և Բուլղարիայից: Իսկ օրինակ փետրվար-մարտ ամիսների ընթացքում բացի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպումներից,  ԼՂՀ նախագահն ունեցել է ընդամենը մեկ հանդիպում Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների հետ:

Օտարերկրյա պաշտոնյաների՝ ԼՂՀ այցերի նման կտրուկ աճը նախևառաջ ապացուցում է, որ Ադրբեջանի շնորհիվ ԼՂՀ-ն հայտնվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Քառօրյա պատերազմից հետո ավելի շատ օտարերկյա պաշտոնյաներ սկսեցին հետաքրքրվել տեղի ունեցող զարգացումներով, ինչն էլ նրանց դրդեց այցելել ԼՂՀ և տեղում ծանոթանալ իրավիճակին: Ղարաբաղյան հակամարտության թեմայի ակտուալացումը նպաստեց նրան, որ օտարերկյա շատ պաշտոնյաներ սկսեցին ԼՂՀ-ն ընկալել որպես հակամարտության անմիջական կողմ, առանց որի հակամարտությունը չի կարող վերջնական լուծում ստանալ: Ամենևին պատահական չէ, որ վերջին շրջանում ավելի շատ օտարերկյա պաշտոնյաների կողմից բարձրաձայնվեց ԼՂՀ՝ հակամարտության անմիջական կողմ լինելու մասին, ինչպես օրինակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, ինչպես նաև Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը:

Սրան զուգահեռ ԼՂՀ այցելած, և ոչ միայն, մի շարք պաշտոնյաներ սկսեցին ավելի հաճախ բարձրաձայնել ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների մասին և շրջանառել այն թեզը, որ անհրաժեշտ է մշակել հավելյալ մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պաշտպանել խաղաղ բնակչության իրավունքները՝ անկախ պետության ճանաչումից: Այս առումով պատահական չէ, որ սկսեց ավելի շատ զուգահեռներ տարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Կոսովոյի միջև: Ինչպես ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր Մարկ Քիրքն էր նկատել վերջին զարգացումներից հետո, ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ կուժեղացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստարկները Կոսովոյի ճանապարհով շարժվելու մասին, այն է՝  խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար միջազգային հանրությունը ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Ուստի, վերջին շրջանում ԼՂՀ վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման շնորհիվ տեղի  է ունեցել ԼՂՀ վերաբերյալ պատկերացումների որոշակի փոփոխություն, որը չի կարող դրական չանդրադառնալ ԼՂՀ ճանաչման գործընթացի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: