ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը սկսել է արտասահմանում իր ռազմակայանների կառուցումը

vlast.kz

Չինաստանի գնալով աճող տնտեսական հզորությունը շատերին է անհանգստացնում: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ցանկացած երկրի տնտեսության բարելավումը հանգեցնում է նրա ռազմական ներուժի աճին: Եթե մինչև 2000-ականների կեսը չինական ղեկավարությունը հայտարարում էր, թե ցանկություն չունի տարածել իր ռազմական ներկայությունն արտասահմանում, ապա որոշ ժամանակ անց իրադրությունը կտրուկ փոխվեց:

Հայտնվեց ՉԺՀ նոր ռազմական դոկտրինը, որը ենթադրում է ոչ միայն ներքին զորքերում բարեփոխումների անցկացում, այլև միջազգային զորակազմի ձևավորում և արտասահմանում չինական ռազմական բազաների ստեղծում:

2009-ից սրվել է իրավիճակը Հարավչինական ծովում (ՀՉԾ), որտեղ գտնվող կղզիների պատկանելությունը վիճարկվում է Չինաստանի և հարևան երկրների միջև: Այստեղ Պեկինն իր դիրքերն է ամրապնդում, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ը արդեն ի վիճակի չէ իր պայմանները թելադրել հզորացող Չինաստանին՝ այս ծովում տարածքային վեճերի կարգավորման հարցում: Այստեղ չինացիները արհեստական կղզիներ են կառուցել, որոնց թիվը 2016-ի սկզբին շատ ավելին էր, քան ՀՉԾ-ում գտնվող ամերիկյան ականակիր նավերի թիվը:

Այս տարվա փետրվարին Պարասելյան արշիպելագի Վուդի կղզում, որի պատկանելության հարցում վիճաբանություն կա Չինաստանի, Թայվանի և  Վիետնամի միջև, Չինաստանը տեղադրեց հրթիռազենիթային կայանքներ: Վերջինս իրենն է համարում նաև Սփրաթլի արշիպելագը: Ամեն ինչից երևում է, որ Պեկինը ոչնչի առջև կանգ չի առնի՝ միջազգային ասպարեզում իր ազդեցությունն ամրապնդելու համար և դրա համար կսկսի ստեղծել իր արտասահմանյան ռազմական բազաները:

Իր առաջին արտասահմանյան ռազմական բազան Չինաստանը սկսել է կառուցել Աֆրիկայում՝ համարյա 1 մլն բնակչություն ունեցող Ջիբութիի Օբոկ նավահանգստային քաղաքում, որի շինարարությունը սկսվել է 2016թ. փետրվարից: Ջիբութին ռազմավարական դիրք է զբաղեցնում: Այն տեղակայված է Կարմիր ծովի մուտքի մոտ, որտեղ Ադենի ծոցով անցնում է աշխարհում ամենակարևոր նավարկելի երթուղիներից մեկը: Հենց այստեղ են ԱՄՆ ռազմածովային ուժերը վարժանքներ անցկացրել 2002-ին՝ Իրաք ներխուժելուց առաջ, իսկ 2014-ին, Լեմոնիե ռազմակայանի (որտեղ մշտական հիմունքներով գտնվում են 4000 ամերիկացի զինծառայողներ) վարձակալության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ.:

Ջիբութիի ռազմակայանում չինացիները մտադիր են տեղակայել 6000 զինծառայող: Սա այնքան լուրջ հարց է ամերիկացիների համար, որ այն նույնիսկ քննարկման էր դրվել ԱՄՆ Կոնգրեսում:

Այս ռազմակայանը չինացիների համար շատ կարևոր է, քանի որ կազմում է «Նոր մետաքսի ճանապարհի» ծովային հատվածի անվտանգությունն ապահովող կարևոր մաս (նշենք աֆրիկյան ափերում սոմալիյան ծովահենների գործունեությունը):

Հիշեցնենք, որ 2008-ին չինական ռազմանավերն ուղարկվեցին Ադենի ծոց՝ սոմալիյան ծովահեններից չինական առևտրանավերը պաշտպանելու համար, 2006-ին Սողոմոնի կղզիներից տարհանվեցին 2000 ՉԺՀ քաղաքացիներ, իսկ 2015թ. մարտ-ապրիլին Յեմենից՝ ավելի քան 500՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ծովային ճանապարհի երթուղին հետևյալն է. Ցյուանճոու-Գուանճոու-Բեյհայ-Հայկոու-Մալաքայի նեղուց-Կուալա Լումպուր-Հնդկական օվկիանոս-Կալկաթա-Կոլոմբո-Մալդիվներ-Նայրոբի-Կարմիր ծով-Ջիբուտի-Սուեզի ջրանցք-Աթենք-Վենետիկ, որտեղ էլ այն կմիանա ցամաքային Մետաքսի ճանապարհին, որը կգա Չինաստանից Կենտրոնական Ասիայով և Կովկասով:

Չինաստանն ամեն ինչ անում է՝ իր մասշտաբային առևտրային ծրագրերից հսկայական շահույթ ստանալու համար, բայց միևնույն ժամանակ շատ լավ գիտակցում է, թե ինչքան անկայուն է իր առևտրային ուղիների ճանապարհին ընկած երկրներում քաղաքական իրավիճակը: Այդ նպատակով 2016թ. մարտին Պեկինում բարձր մակարդակով բանակցություններ տեղի ունեցան ՉԺՀ, Տաջիկստանի, Պակիստանի, իսկ ավելի ուշ նաև Աֆղանստանի ռազմական ներկայացուցիչների միջև: Չէ՞ որ հենց այս՝ քաղաքականապես անկայուն երկրների տարածքով պետք է անցնի «Նոր մետաքսի ճանապարհի» ամենաշահավետ ցամաքային հատվածը և այստեղ պետք է ապահովվի առավելագույն անվտանգություն, իսկ դա կարող է արվել միայն ռազմական ներկայությամբ: Ուստի չի բացառվում, որ մոտ ապագայում այս երկրներում հայտնվեն չինական ռազմակայաններ:

Բացի այդ, չինական ռազմակայաններ կհայտնվեն նաև Խաղաղ օվկիանոսի այն երկրներում, որոնք վաղուց ՉԺՀ-ից վերցված մեծ պարտքեր ունեն: Դրանք են՝ Պապուա-Նոր Գվինեան (որը պարտք է իր ՀՆԱ-ի մոտ 40%-ը), Տոնգան (որն իր ՀՆԱ 50%-ի չափով յուաններով վարկ ունի): Վերջինիս Պեկինը դեռ 2014-ին էր առաջարկել ռազմածովային ռազմակայան տեղադրել նրա տարածքում: Եվ եթե Տոնգան իր համաձայնությունը տա, ապա այն կլինի ՉԺՀ առաջին ռազմակայանը Հարավային-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը մոտ կլինի Նոր Կալեդոնիայի և Ֆրանսիական Պոլինեզիայի ֆրանսիական բազաներին, Գուամի ամերիկյան բազային, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ափերին:

Ինչպես երևում է, Չինաստանն այժմ արդեն ռազմական առաջատարի դերն է վիճարկում ԱՄՆ-ի հետ, սակայն դեռ չի ձգտում ամբողջովին նրա տեղը գրավել համաշխարհային ասպարեզում, քանի որ դա այնքան էլ շահավետ չէ նրա բյուջեի համար: Ընդհակառակը, Պեկինը ձգտում է նվազեցնել ռազմական ծախսերն այնտեղ, որտեղ դա հնարավոր է և զանազան դիվանագիտական քայլեր է փնտրում՝ ամերիկյան կողմի հետ փոխշահավետ փոխզիջում գտնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: